լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.08.2015 | բանակ

«մամ, դու քո մասին մտածի, ես արդեն պետությանն եմ»

«մամ, դու քո մասին մտածի, ես արդեն պետությանն եմ»
«երա՞զ էր, տեսի՞լք էր…էդ ամեն ինչից մի քանի օր առաջ էր ու էն, ինչ հետո եղավ, ոնց որ արդեն կրկնությունը լիներ… Որ բերեցին Կարենիս` զինվորական հագուստով…իրա թաղման արարողությունը, ամեն ինչը… ոչ մեկին չէի ասել, բայց դրանից հետո կրակոցները, որ լսվում էին` կուչ էի գալիս, սիրտս մղկտում էր, ասում էի` տեսնես ի’նչ ա, դրա առաջին գիշերը նստել էի հատակին` փեչի կողքը, իրա մանկական նկարները հանել, նայում էի…», որդու մահվան լուրն առնելու նախօրեին ունեցած իր կանխազգացումների մասին է պատմում մայրը՝ Գոհարը:

«Առավոտ իննին լուրերով լսում եմ` ցավակցում են: Մտածեցի` տեսնես էս անգամ ո’ւմ ցավակցեցին ու մտքովս չի անցնում, որ ի’նձ են ցավակցում…հետո զանգեցին, թե` Կարենի անունն են կարդացել` ճշտե’ք: Կարենս երբեք չի’ ասել` վատ եմ, միշտ ասել ա` հոյակա’պ եմ, մա’մ ջան, էդ գիշեր ասեց` նորմա’լ…էդ «նորմալ»,-ը մինչև հիմա ականջիս մեջ ա»:   

Կարենը վեց տարեկան էր, երբ դպրոց գնաց: Այդ տարվա ուսուցչուհին շատ լավն էր, Գոհարն ուզել էր, որ տղան նրա դասարանում լինի: Դրա համար էլ դպրոցն ավարտել էր տասնվեցում ու Վ. Սարգսյանի անվան ռազմական Ակադեմիա էլ տասնվեցում ընդունվեց:   

«Դպրոցից վազելով եկավ, թե ուզում եմ ռազմական Ակադեմիա ընդունվեմ, քննությունների պիտի գնամ: Քննություններն էլ` միասնական, պիտի Իջևանում տար: Ամեն մեկի համար 1500 դրամ պիտի մուծեր: Տանն էլ փող չկա, եղածը` 5000 դրամ էր: Չգիտեի` տայի, չտայի: Վերջը` տվեցի: Մտածեցի` չտամ, կասի` մամաս չարեց»: 

Գոհարը համաձայն չէր, որ որդին զինվորական դառնա: Պայքարեց, բայց հաղթեց Կարենը` ով մի ժամանակ ատամնաբույժ էր երազում դառնալ: Գոհարի հույսն այն էր, որ տղան առանց պարապելու չի ընդունվի, բայց Կարենը ընդունվեց: Մայրը էլի մի փոքր հույս ուներ, որ խիստ կարգապահությանը չի դիմանա, բայց Կարենը ավելի քան կարգապահ էր:    

«Տասնչորս տարի սովորեց, տասնչորս տարվա մեջ մի անգամ կռիվ ա, բան ա` չարեց,»- պատմում է Վարդանը` ավագ եղբայրը, ով Կարենից ընդամենը երկու տարի է մեծ,- անցած տարի ավարտեց, վիճակահանությամբ Շամշադին ընկավ, ասեցինք` մարդ կա, խոսանք` քեզ պոստեր չտանեն, բարկացավ` ուզում եք իմ չորս տարվա սովորածը զրոյացնե՞ք, չթողեց»:    

«Մեր գյուղից հինգ վեց երեխա կար ռազմականից, մենակ Կարենիս ասում էին` գեներալ: Խանութում հենց տեսնում էին, ասում էին` է’ն ա, գեներալն էկավ: Ես նեղվում էի, չէի ուզում`  ժամանակից առաջ ընկնելը լավ չի, համ էլ` չէի ընդունում իրա էդ ռազմական գործը»:   

Սիրում էր իր զինվորներին, շատ էր խոսում նրանց  մասին ու ամեն ինչ անում էր իր զինվորների համար: Ընկերներն ասում էին, որ շատ հայրենասեր, զինվորասեր սպա է, որ ամեն հարմարություն ստեղծում էր իր զինվորի համար: Ծոցատետրում ֆիլմերի ցանկ ուներ, մորաքույրն ասաց` գրել է, որ իր զինվորներին ասի` նայեն:   

Մայրն ասում է, որ Կարենը վախ չուներ, որ ունենար` ավելի զգուշ կլիներ: Հրամանատարն ասել էր` որ ինքը Կարենին էր հետ պահում, Կարենը` իրեն: Հրամանատարին ասել էր` դու երեխա ունես, դու հետ մնա…   

«Կարենս զգացել ա, որ իրեն խփելու են, ասել ա հրամանատարին: Ասեցին ինքը զինվորներին հանձնարարություն ա տված եղել` դիրքի շրջակայքը մաքրել: Տղաներից մեկն ուզեցել ա դուրս գա, ինքը մեջքից քաշել ա` առանց զենք ո՞ւր ես վազում: Զինվորին հետ ա քաշել ու իրան են խփել` դիպուկահարի կրակոց ա եղել… Ես մանրամասներ չեմ ուզում իմանամ, ես մենակ մի բան եմ ուզում` թող մի մամա էլ սա չզգա: Ես մեր նախարարին էլ ասեցի` թող էս սրտի ցավը ոչ մեկը չզգա, թող ես վերջին մաման լինեմ տառապող»:     

Քսան տարեկանում ունեցել եմ Կարենիս, քսան տարեկան էր` իրան կորցրել եմ… Հերը միշտ ասում էր` բոյո’վ ես, Կարե’ն, գլուխդ միշտ կախ պահի, Կարե’ն ջան…Գնդակը գլխին ա կպել… 

  
«Ինձ ասել էր` երկու անգամ փրկվել եմ: Ասի, որ քեզ բան լինի` ես չեմ ապրի, Կարե’ն ջան… Բայց հիմա ասում եմ` Կարեն ջան, դե տես, որ մամադ ապրում ա, բայց դե սա ապրել չի, է’ն էր ապրելը… սկսում ես նոր ձևի ապրել` քո մեջ մարդը սպանում ես ու ապրում, կյանքին ուրիշ ձև ես նայում, խիղճս կորել ա, մեջիս սերը կորել ա, էնքան եմ սիրել երեխեքիս, բայց հիմա էլ չկա, որ էս մի տղուս տամ:   

Մայրը, մորաքույրը, եղբայրը, տատը, պատմում են ու միաբերան կրկնում ` մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր, հետը ամեն ինչից կարող էիր խոսել` հասկացող էր, իր տարիքից հասուն, խելացի: Ծառայությունից երբևէ չէր տրտնջում, ծնողներից օգնություն չէր ընդունում` ամեն ինչ միայն իր ուժերով էր անում, զինվորական գործից էլ խոսել չէր սիրում` իր մասնագիտությունն էր այդպիսին: Փող խնայել չուներ, առատաձեռն էր, ամեն անգամ արձակուրդ գալիս մեծից փոքր` բոլորին նվերներ էր բերում` ոչ ոքի չէր մոռանում:   

Բերդում տուն էր վարձել: Ընկերներն ասում էին` հունվարի վերջ իրա սիրած աղջկան պետք ա բերեր: Մենք գիտեինք, որ աշնանը պիտի նշանեինք, բերեինք, բայց ինքը որոշել էր հունվարի վերջ…   

Քաղցրալեզու, լավ աղջիկ ա` իրար շատ էին սիրում, հաստատ լավ ընտանիք կլիներ, Կարենս լավ ամուսին կլիներ, լավ հայր, ինքը լավ որդի էր, լավ ընկեր, հայրենասեր զինվոր… Ընկերուհուն ասել էր` ես էստեղ կանգնած եմ, որ դուք հանգիստ քնեք: Բայց էդ գիշեր տխուր ա եղել` ասել ա` թեժ ա լինելու»:   

Կարենի նկարներն ենք նայում, դպրոցական շարադրությունները, բանաստեղծությունները, որ հիմնականում մորն են նվիրված, հեռախոսի գրքույկը, որտեղ համաչափ ձեռագրով հեռախոսահամարներն են գրված ու` ամենավերևում` մոր համարը: Ու բոլոր տետրակներում անպայման իր իսկ ձեռքով նկարված վարդեր: Ձեռագրերի մեջ մի թուղթ էլ կա` վերջին գրառումն է:   

Հունվարի 11-ին է եղել, Վարդանը տանից դուրս գալուց առաջ երկտող է թողել եղբորը` քնած է եղել, չի ուզեցել արթնացնել, Կարենն էլ  նույն թղթի վրա պատասխանել է եղբորը` մի վերջին հիշատակ թողնելով…   

Զինվորական հագուստով մի նկար է մայրը ցույց տալիս, ասում է, որ քարի վրա այդ նկարն է լինելու: Ինքը չի ուզում, որ նկարը զինվորական հագուստով լինի, բայց իրեն պարտավորված է զգում:  Տղան ավելի շատ զինվորական հագուստ էր սիրում: Հետո ցույց է տալիս Կարենի զինվորական համզգեստը, որ տղան բերել, իր ձեռքով կախել էր պահարանում: Ասում է` ինչպես կախել է, այնպես էլ թողել ենք, ձեռք չենք տվել:   

Աչաջուրցիները իրենց հերոսի ընտանիքին մենակ չեն թողել: Կարենենց տունը իր իսկ անունը կրող փողոցի վրա է, դպրոցում դասարան են ուզում անվանակոչել Կարենի անունով, գյուղապետը Գոհարին աշխատանք է առաջարկել գյուղապետարանում, որ գոնե զբաղվի` շփվի մարդկանց հետ, մարզպետը նույնիսկ առաջարկել էր ուրիշ տուն վարձել` Կարենենց տանից, քանի դեռ ծառները ծաղկած չեն, պարզ երևում է նրա շիրիմը:   

Գոհարը շնորհակալ է իր գյուղի ժողովրդից, ղեկավարությունից, բայց նեղացած է որդու հրամանատարությունից, նախարարությունից.   

Մեզ պետությունից ոչ մի բան պետք չի, եթե առանց մեր էրեխեքի ապրում ենք, առանց նյութականի էլ կապրենք, մենակ` հոգատարություն, որ քեզ, քո էրեխուն հիշող կա: Իրա հրամանատար, շտաբի պետ, մի զանգ` ոչ մեկը մի անգամ չզանգեց:  Կամ ի’նչ ա նշանակում` լուրերով ցավակցեն, երբ որ ընտանիքը ոչ մի բանից տեղյակ չի…   

ժողովուրդը ցավակցելու գալիս են` քաղցր են բերում: Միշտ ասել եմ` բան չբերեք: Ու բանբաներկեքը շարվել ա, աչքս ընկնում ա, սիրտս` նեղվում ա: Ասի եկեք հավաքենք` տանենք զինվորներին` էստեղ, մեզ մոտիկ` չաստ կա: Տարան, տվեցին, ուզում եմ մի բան անեմ պոստին կանգնած զինվորին` մի քաղցր մի բան անեմ, հլա ուժս չի հերիքում: Կարենիցս հետո մեջս ցանկություն ա մտել, որ ամեն զինվորի օգնեմ:   

Կարենիս ասում էի` Կարեն ջան, ես քո հետ եմ մնալու, ասում էր` մա’մ, ես պետությանն եմ արդեն , դու քո մասին մտածի:

Կարենի մասին դեռ երկար խոսեցինք` քսանամյա այդ տղան իր կարճ կյանքում հասցրել էր լցնել բոլորի կյանքը: Դասընկերուհին, ով մեզ ցույց տվեց Կարենի ձեռքով պատրաստած թղթե նավակները ու վարդը, ասեց, որ Կարենի մասին անհնար էր խոսել առանց ժպիտի, իսկ հիմա անհնար է առանց լացի խոսել: Ասաց, որ նավակներից մեկը Կարենի հետ է դրել, մյուսներն իր մոտ է պահելու…Կարենի նավակները, որ այդպես էլ ջուր չտեսան…   

Աստղիկ Սիմոնյան     

Հ.Գ. Հունվարի 23-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում էին իրականացրել  Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել էր հայկական բանակի լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը: Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:  
3451
Print
բանակ
Կոռուպցիան բանակում արյան գին ունի (տեսանյութ) 15.12.2017 | բանակ

Կոռուպցիան բանակում արյան գին ունի (տեսանյութ)

Պաշտպանական ոլորտում առկա կոռուպցիայի դիմաց Հայաստանը չափազանց բարձր գին է վճարում։ Բանակի թերզինումն ու տեխնիկական թերհագեցվածությունը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի դեմ պատերազմում հանգեցրին 800 հեկտար տարածքային կորստի։ Զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր զինվորականներ ու քաղաքացի

զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը 12.12.2017 | բանակ

զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները:Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանությա

1 սպանված և 1 վիրավոր բանակում 11.12.2017 | բանակ

1 սպանված և 1 վիրավոր բանակում

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է բանակում մեկ սպանվածի և մեկ վիրավորի մասին։ 

Ներկայացնում ենք գրառումներն ամբողջությամբ․ Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Պ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: