լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.09.2015 | բանակ

ինքը շատ ռիսկով էր, ոչ մի բանից չէր վախենում ու ինձ դա էր վախեցնում…(տեսանյութ)

ինքը շատ ռիսկով էր, ոչ մի բանից չէր վախենում ու ինձ դա էր վախեցնում…(տեսանյութ)
«…Հովսեփիս Աստված ա ինձ տվել…դրա համար էլ միշտ մտավախություն եմ ունեցել որ մի օր կգնա…ինձ երազով Աստված հայտնեց ու իրան տվեց ինձ…ու ունենալուց հետո  միշտ հարցնում էի`ինչի՞ Աստված Հովսեփին տվեց ինձ, անունով, ամեն ինչով տվեց ինձ….ասում էի, տեսնես ի’նչ պետք ա անի էս երեխան, ուշադիր նայում էի իր մեծանալուն, իր ամեն մի շարժումին….»,- զոհված որդու նկարին նայելով ասես ինքն իրեն խոսում է մայրը՝ Գայանեն: 

Որդու հետ վերջին անգամ խոսել էր մահվանը նախորդող գիշերը 

«Պոստերում էր: Հարցրեցի ո՞նց ես, ասեց, շատ լավ եմ, մամ ջան, իմ մասին մի մտածի: Գիտեի` կրակոցներ կան, անհանգիստ էի…Ինքը շատ ռիսկով էր, ոչ մի բանից չէր վախենում ու ինձ դա էր վախեցնում…ամեն անգամ խոսելուց հետո  միշտ ասում էր `ցտեսություն կամ՝ բարի գիշեր, բայց էդ օրը ասեց` հաջողությո՛ւն…, իմ վրա ահավոր ազդեց էդ բառը…», որդին կարծես հրաժեշտ էր տվել մորը, ընդմիշտ չտեսնելու հրաժեշտ և մահվան լուրը չի ուշացել: 

Առավոտյան Գայանեն տագնապներ է ունեցել, տան մոտ մարդիկ են հավաքվել, ամուսնուն են ձայն տվել 

« Ամուսնուս ձայն էին տալիս, թե՝ արագ արի: Ես էլ նայում եմ մեքենային ու մտածում եմ, ի՞նչ ա կատարվում, ասում եմ` Աստված ջան, Հոսոյիս մի բան եղած չլինի… Մենք էլ որ երկու բանակային ունենք` Հոսոս ու տեգրոջս տղան՝ Նարեկը, մնացել եմ շիվար, բայց դե որին էլ մի բան լինի`ցավ ա, մեր երեխեքն են երկուսն էլ…Հետո հասկացա, որ Հոսոս ա… »: 

Գայանեն արցունքների միջից պատմում է , որ Հովսեփը շատ անվախ էր: Դրա համար էլ ով ուր գնար, Հովսեփին հետն էր տանում, մի բան էր պետք անել՝ Հովսեփն իրենց հետ պետք է լիներ: Որդու անվախ լինելու համար աղոթող Գայանեն նույնիսկ փոշմանել էր՝կարծես թե չափից դուրս շա՛տ անվախ էր դարձել տղան: 

«…էդ վերջին օրը որ զանգեց, ասեց`մա’մ ինձ մնաց 100 օր.. ասեցի`բալես,  օրերը մի հաշվի, իրար հետևից արագ կանցնի` գարուն ա գալիս, ասեց, վայ, կարոտել եմ գարունը, որ մի հատ ջերմություն զգանք…ամեն օր պոստերն էին էրեխեքը…ցուրտ էր…գնացել եմ իրա մոտ, եկանք ու էս դեպքը եղավ…»: 

Անդրեասյանները Նարեկի  երդման արարողությանն էին գնացել: Հովսեփին  տարել էին հետները: Մորը պատմել էր, որ երբ թշնամին խփում է, ինքը գնում, վերցնում է փամփուշտները: Մայրը նեղվել էր, խնդրել նման բան չանել, բայց Հովսեփն իրենն էր պնդել՝ բա չիմանա՞նք` մեզ ինչո’վ են խփում, որ իմանանք`ո’նց իրանց հակահարված տանք:  

«…ասում էի` չեմ ուզում որ դու մի հատ թուրք խփես, իմ համար էդ էլ ա ցավ, որովհետև իրանք էլ են մայրեր…»: 

Պատմում է ու խոստովանում, որ այդ օրն էլ է անհանգիստ եղել ու ընդհանրապես՝ այդ երեք ամիսը շատ դժվար է սկսվել իր համար, հաճախ է աղոթել՝ թե ե՛րբ պիտի վերջապես ավարտվի. 

«…ինքը պոստին կանգնած ա եղել, ընդամենը տասնհինգ րոպե ա մնացած եղել, որ իր հերթափոխը փոխի, բայց էդ գիշերը հարձակում ա եղել, ամբողջ գիշեր կռիվ են տվել, լուսադեմին սերժանտն ասել ա` Հոսո’, ի’նչ կլինի` ինձ երկու ժամ պադդերժկա անես, ես քեզ կթողնեմ չորս ժամ հանգիստ քնես …» 

Եվ այս հերթափոխը կյանք է արժեցել: Գայանեին այցի եկած սերժանտը հետո պատմել է, որ ինքն այդ ժամանակ քնած է եղել: Տղաներից մեկն իրեն հանել է քնից ու ասել, որ Հոսոյին խփել են: Սկզբում սերժանտը չի հավատացել՝ Հովսեփը կատակասեր տղա էր, կարող էր իրեն վախեցնելու համար նման իրավիճակ ստեղծել, բայց զինվորը համառորեն կրկնել է ասածը: 

«…տեսա՞ր, ինձ էլ խփեցին»,-սերժանտին տեսնելով, ասել է վիրավոր Հովսեփը, հետո առաջարկել, որ քանի դեռ ողջ է, թուղթ բերեն, ստորագրի, որ սերժանտը մեղք չունի, ի՛նքն է գնացել… Վերջին խնդրանքը զրահաբաճկոնը հանելն է եղել՝ խեղդվում էր… 

«...Հովսեփը  ինձ միշտ պատրաստում էր…որ ասում էի`զգուշ էղի, էդքան խփում են, ասում էր, մա’մ, կարող ա մի օր էլ ե’ս զոհվեմ, զինվորի կյանքը մի մազից ա կախված` էսօր կա, վաղը կարա չլինի…»: 

Գայանեն պատմում է, որ որդու կորստի զգացողությունները միայն իր մոտ չեն եղել, Հովսեփն էլ է հավանաբար ինչ-որ բան զգացել.մոր հետ վերջին հանդիպումից հետո զանգահարել է  

«ասում էր` մամ, ես քեզ էնքան շատ եմ կարոտել, ոնց որ ես քեզ հեչ չտեսա…հետո  ասեց, կլինի՞, որ ես մի հատ էլ գամ տուն, գնամ, ասեց՝ ես գամ, մի հատ պտտվեմ, գնամ…բայց որ մենք հետ էինք գալիս, ինքը ծիծաղեց, ասեց հլը մամայիս` լաց ա լինում…ինձանից ոնց որ ինչ-որ բան պոկվեր, կտրվեր, ամբողջ ճանապարհին լացում էի…ես ոնց որ զգայի` վերջին անգամ էի տեսնում իրան…չգիտեմ ինչի` էդպիսի զգացողություն ունեի… 

«…Հիմա ուզում եմ մի վատ բան, մի սխալ գտնեմ իր մեջ, տենց բան չկա… էնպես չի, որ ասում էր ու վերջ, ասածն` արա’ծ էր: Գիտեր ո’նց կազմակերպեր, ոնց աներ…բանակում էլ էդպես…Հոսոյիս համար ասում էին` տղադ շատ լավ պոստավիկ ա եղել` հոգատար, անվախ…»: 

Հովսեփի հորեղբայրը՝ Սեյրանը, ասում է, որ երկու տարբերակ կա՝ Ճակատագիր կամ էլ՝ Աստծո կամք. «…չեմ հաշտվի ոչ մեկի հետ էլ…որովհետև էստեղ մարդկային գործոնն ավելի շատ ա…ու բոլորս ենք էդպես կարծում, էնպես չի, որ մենակ ես…»: 

Այն, որ պոստերում դիպուկահարի գնդակից զոհ երկու պատճառով է լինում՝ ինժիներատեխնիկական կամ կարգապահական, շատ է խոսվել: Եվ այս դեպքն էլ, թերևս, նույն շարքից է: 

Հորեղբայրն ավելացնում է, որ փոքրիկ մի գրքույկ է պատրաստվում տպագրել՝ ի հիշատակ Հովսեփի ու մյուս անմեղ զոհերի. 

«…ընդհանուր բոլոր էն երեխեքի, ովքեր զոհվել են` խաղաղ պայմաններում, եթե կարելի ա սա խաղաղ համարել…սա ավելի վատ պատերազմ ա, քան իսկապես որ դուրս գանք առճակատ`իմանանք ինչի համար ա… Հենց նոր գերեզմանոցից եմ գալիս….հարդարում ենք, սարքում ենք…տուն ենք սարքում…մեզ համար՝ ուխտատե՛ղ…Ասում են` ժամանակը բուժում ա` չկա տենց բան…սա էն դեպքն ա, որ ոչ ժամանակը, ոչ էլ ոչ մի դեղ բալասան չի լինելու: Սա էն վերքն ա, որ մնալու ա երկար` մինչև կյանքներիս վերջ»: 

Իր ապագա գրքույկից մի քառատող է ընթերցում. 

Հայրենիքդ համար զինվոր, դու քո կյանքը տվեցիր 
Հայրենի՛քդ` կյանքիդ դիմաց, լոկ… 

Սեյրան Անդրեասյանն ասում է, որ իր պատասխանը բազմակետն է՝ Եթե կա մեկը, որ կդնի շարունակությունը` ինքը կխոնարհվի…. 

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 

Դեպքի առիթով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:  

Աստղիկ Սիմոնյան



4718
Print
բանակ
մարտական դիրքում զինծառայող է զոհվել 11.10.2017 | բանակ

մարտական դիրքում զինծառայող է զոհվել

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։  

2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կ

վկայի ցուցմունքից. «Գնել Թևոսյանն ասաց՝ դեմդ նայի, կարո՞ղ ա քեզ էլ կողքից կախեմ» 9.10.2017 | բանակ

վկայի ցուցմունքից. «Գնել Թևոսյանն ասաց՝ դեմդ նայի, կարո՞ղ ա քեզ էլ կողքից կախեմ»

Երևանի Ավան և Նոր-Նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Այսօրվա նիստում վկա, նույն ինստիտուտի կուրսանտ Արայիկ Թամրազյանը արժեքավոր տեղեկություն հայ

ականի պայթյունից 19 ամյա զինծառայող է  մահացել 1.09.2017 | բանակ

ականի պայթյունից 19 ամյա զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը: 


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: