լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
24.09.2015 | բանակ

ինչ-որ մի օր ջնջեց ամեն ինչ և նախկինը, և` հետոն (տեսանյութ)

ինչ-որ մի օր ջնջեց ամեն ինչ և նախկինը, և` հետոն (տեսանյութ)
«Սիրահարվել էր…մենք բան չենք ասել…ասում էինք` պիտի ծառայես, ասում էր`ոչինչ, տղես կլինի երկու տարեկան, ես կգնամ, կծառայեմ, որ ինքը ինձ միշտ հիշի ու սպասի…ու մինչև հիմա էլ իրա էրեխեն իրան  հիշում ա ու սպասում ա…ասել ենք, որ մահացել ա, ինքը հասկանում ա, բայց ուր գնում ենք, հարցնում ա. իսկ որտե՞ղ ա իմ հայրիկը,,.  Չգիտեմ` ի’նչ պատասխանեմ…» հուզմունքը զսպելով պատմում է 2015թ. փետրվարի 5-ին հակառակորդի կրակոցից զոհված Շեքսպիր Հակոբյանի մայրը: 

Հակոբյանների ընտանիքը 20 տարի առաջ է Ջերմուկ քաղաքից տեղափոխվել Ռուսաստանի դաշնության Վոլգոգրադ քաղաք և չափահաս տարիքում, Շեկոն, ինչպես նրան անվանում են կինն ու հարազատները, առաջին անգամն էր այցելում Հայաստան՝ զինվորական ծառայության: 

«Ինքը չի ուզել ազատվի բանակից,  ուզել ա ծառայի, ասել ա` ոնց որ ուրիշները, նենց էլ ես,  Հայրենիքի համար կծառայեմ, ուրիշի համար չեմ ծառայի: Առաջին անգամն էր եկել Հայաստան ու այդ այցը իր մահով ավարտվեց, ինքը ստեղից ոչ մի լավ բան չի տեսել…եկավ առաջին անգամ էրեխես ու տենց…միակ տղես էր… մենք չէինք մտածում, որ ինքը պետք ա Ղարաբաղ ծառայեր…ինքը միշտ ասում էր` մամ ջան, ստեղ ավելի լավ ա` մի’ մտածի», պատմում է  մայրը՝ Գայանեն: 

Շեկոն հասցրել է ծառայել մեկ տարի, մայրն ասում է, որ ծառայությունը նորմալ է անցել,  ծառայության ընթացքում նույնիսկ վիրահատություն է տարել, բայց շարունակել է պահել սահմանը: 

«Ինքը շատ ա սիրել իրա սահմանը, իրա ընկերներին, միշտ իրար հարգել են….իրան ասում էին արմյանսկի Ռեմբոն ա, ինքը շատ ուժեղ էր, բարձրահասակ, զդառովի տղա էր`պարապած, սպորտսմեն …»,-հուզմունքը զսպելով պատմում է մայրը,- 

Պատմեցին, որ մի օր առաջ շատ ուժեղ կռիվ ա եղել, հաջորդ օրը խախանդվել ա կռիվը, ինքը դուրս ա եկել, չի վախեցել, որ կարող ա կրակեն: Ու սկսել են կրակել ադրբեջանցիք, իրա հետ ծառայող մի տղա, ասում ա` մեզ ասեց պառկեք, իրան կրակեցին…ասում ա գնացի`ինձ էր կանչում, ես էլ գիտեմ հանաք ա անում, տեսա` ծիծաղը երեսին, աչքերը`փակ: Ընկերը մոտիկացել ա՝Շեկո’, Շեկո’, ի՞նչ ես հանաք անում, ասումա կասկեն ընկել էր գլխին, բարձացրի, տեսնեմ` մահացել ա…»: 

Մայրն ասում է, որ ծառայության դժվարությունների մասին որդին երբեք չի պատմել: 

«Միշտ ասել ա` մամ ջան, ամեն ինչ լավ կլինի` իմ տղեն ինձ ա սպասում, իմ կինը ինձ ա սպասում, մի տարի ծառայել եմ, մի տարին էլ կպրծնի, արխային, գալու եմ…բայց` չստացվեց… ամուսինս էլ ասում էր`ումի՞ց ա առավել, բա ով պետքա ծառայի…ամուսինս էլ ա կռվել, մեդալ էլ ունի» 

Շեկոյի և Քրիստինեի տղան հինգ տարեկան է, Շեկոն 19 տարեկանում է երեխա ունեցել, 

«Բանակից պետք ա գար ու հարսանիք անեինք…ասում էր, մամ ամոթ չի` ինձ հարսանիք անենք`ես տղա ունեմ: Ասում էի, չէ’, տղես, կծառայես, կգաս, հարսանիք կանես, քո տղեդ էլ կհիշի, որ դու գնացել ես ծառայել, հետո`ամուսնացել…դա իր որոշումն էր…վեց ամիս ա` մահացել ա…»: 

Շատ սպասված հարսանիքը տեղի չունեցավ: Շեկոյին սպանեցին ու հիմա նրա կինը՝ Քրիստինեն ողբում է իր սիրելիի մահը: 

«Սկզբում ուղղակի ընկերական հարաբերություններ էին, հետո մենք էլ չնկատեցինք, ինչպես սիրահարվեցինք: Ինքը քաջ էր, շատ բարի ու բաց հոգի ուներ…միշտ ուրախ, սիրում էր կյանքը`կենսուրախ էր, երբեք ոչնչից չէր վախենում…ուղղակի ես այդպիսի մարդ կյանքում չէի հանդիպել…ինքն այդ ժամանակ 17 տարեկան էր, ես` 19-ը»: 


Քրիստինեն ասում է Շեկոն երազող էր, սիրում էր  կյանքը, շատ ծրագրեր ուներ…հարգում էր բոլորին`մեծին, փոքրին…բոլորին կարող էր օգնել. 

«Ոնց  որ հրեշտակ, ես երջանիկ եմ ու շնորհակալ եմ բախտին, որ իմ կյանքում էդպիսի մարդու եմ հանդիպել, որ ինքը եղել ա իմ կյանքը…. Առանց իրա կյանքը չկա, կյանքը տանջանք ա դարձել…պառկում ես քնելու ու հիշում ես` ինչպես են քեզ ասել, որ ինքը չկա ու էլ երբեք չի լինելու…ես ուղղակի ապրում եմ, որովհետև կա իմ որդին …»: 

Երբ պատրաստվում էր գալ ծառայության, ամեն ինչ ասես վերջին անգամ լիներ, վերհիշում է Քրիստինեն 

«Ասում էր`երբ գնամ, ուզում եմ, որ ինձ միշտ հիշես, ինքը էնտեղ էր անհանգստանում`տարածություն է ամեն դեպքում, ես ասում էի՝ ինչքան պետք է` կսպասեմ…երկու տարին ի’նչ մի մեծ բան է, երբ մարդիկ իրար սիրում են` վերջ`ոչ տարածությունը, ոչ էլ ժամանակը  ի’նչ են որ…»: 

Քրիտինեն՝ Շեկոյին վերջին անգամ բանակ ճանապարհելուց է տեսել, չի կարողացել մասնակցել թաղման արարողությանը Հայաստանում, անձնագրի հետ խնդիրներ կային  և հիմա մեղադրում է ինքն իրեն. 

«Իմ անձնագիրը չկարողացան արագ սարքել…մեր միջև թղթեր էին, պարզապես թղթեր, մինչև կյանքիս վերջն ինձ մեղադրելու եմ, որ չեկա Հայաստան, եթե ես իմանայի…, երբեք չէր բողոքում`իսկական տղամարդ էր`օրինակ բոլոր տղամարդկանց համար , միայն ասում էր`ամեն ինչ լավ է, մենք չգիտեինք, որ այստեղ այդպիսի սարսափելի վիճակ է, որ մենք իրեն մեր ձեռքով մահվան դուռն էինք ուղարկել…» 

Քրիստինեն առաջին անգամն է Հայաստանում, եկել են Սուրբ Խաչի արարողությունը կատարելու, և ասում է, որ այստեղ Շեկոյին երազում չի տեսնում , 

«Ուղղակի շատ ծանր են այդ երազները, ես առավոտյան արթնանում եմ ու հասկանում, որ երազ էր, որ ես իրեն երբեք չեմ տեսնի, որ ես մենակ եմ, որ մեր բոլոր երազանքներն ու ծրագրերը փլվել են, ուղղակի ինչ-որ մի հատիկ օր ջնջեց ամեն ինչ և նախկինը, և` հետոն, » արցունքներն հոսում են ու  Քրիստինեն ինքնամոռաց պատմում է  իր ու Շեկոյի, այժմ արդեն ընդմիշտ բաժանման մասին. 

-«Վերջին անգամ խոսել եմ հունվարի 31-ին: Ինքը զանգեց,  շատ երկար խոսեցինք… իրար սեր խոստովանեցինք…ձայնի մեջ տագնապ կար,  ասեց` Քրիստին,  չեմ հավատում, որ կվերադառնամ… իրենից երբեք նման բան չէի լսել, ասացի` անպայման կգաս, կգա այդ օրը, երբ ամբողջ ընտանիքով կանգնած քեզ կսպասենք…» 

Սակայն Քրիստինեի հիշողության մեջ Շեկոյի կենդանի պատկերն է վառ մնացել, վերջին հրաժեշտի օրը. 

«Մենք նստեցինք երթուղային, որ ծնողների մոտ գնանք, արդեն վերջ`պիտի ճանապարհեինք, երկու տեղ կար, նստեցինք դեմ դիմաց, ես նստել ու նայում էի իրեն ու մտածում էի` այ, ճանապարհում եմ, հետո կգա` կդիմավորեմ…ու հիմա աչքիս առաջ այդ պատկերն է միշտ` նստած` բաճկոնով, գլխարկով…»   

Ժաննա Ալեքսանյան   

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանի սպանության դեպքի առթիվ։ 

Շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։




Տեսանյութը՝ Թեհմինե Ենոքյան
5922
Print
բանակ
ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին 10.07.2018 | բանակ

ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին

Զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված ու մահացած զինծառայողների հարազատներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկությունների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետո

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց 10.07.2018 | բանակ

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր կրկին հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժան սպանության գործով նիստի քննությունը. 4 մեղադրյալներից մեկի՝ Մովսես Ազարյանը նիստի էր ներկայացել առ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության:  Անբնական երևույթ է բանակ չգնալը» 9.07.2018 | բանակ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության: Անբնական երևույթ է բանակ չգնալը»

Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա իրեն չպետք է թույլ տա: Այստեղ խնդիրն այն է, որ օրենքը չի գործել, և մարդիկ կարողացել են ինչ-որ ձևով խարդախություն անել»,- կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: