լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.10.2015 | բանակ

ինքնասպանություն են դրել, որ իրենց գործը հեշտ լինի, բանակին չեպե չլինի

ինքնասպանություն են դրել, որ իրենց գործը հեշտ լինի, բանակին չեպե չլինի
Հպարտացել եմ, որ զինվոր տղա ունեմ, բայց ոնց ուղարկել եմ, նենց կուզեի հետ գար 

Պաշտպանության նախարարությունը բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին նրանց ընտանիքներին պատշաճորեն չի հայտնում: Հարազատները իրենց զավակների մահվան գույժը ստանում են ամենատարբեր աղբյուրներից, ինչը խորապես խոցում է նրանց: 

Սպիտակի Արևաշող գյուղից բանակ զորակոչված Հարություն Համբարյանի մահվան մասին հայրն իմացել է հեռուստաընկերության վազող տողից: 

«Զանգեցին, թե զինկոմիսարիատից ա, ձեր տղան վիրավորվել ա, բերում են Երևան, հարցրի՝ ինչ, ոնց…ասեցին՝ մենք տեղյակ չենք, հետո որ հեռուստացույցով վազող տողով կարդացի ու էդ զանգն էլ՝, արդեն հասկացա….ես էլ մենակ էի, պլիտեն   միացրած՝ ընկել եմ վրան, չգիտեմ էլ ինչքան եմ տենց մնացել… », պատմում է  միակ որդուն կորցրած հայրը՝ Հրայր Համբարյանը: 

Մահվան պատճառների մասին ուշացումով են հայտնել: 

«Հարյուր տոկոս չէին ասում, ասում էին՝ չենք կարա ասենք ինչից ա, կարա  լինի՝ և ինքնասպանություն,  զենքի հետ անզգուշություն, մտածեցի՝ երևի պատահականությունա, իմ մտքով չանցավ, որ իրեն կխփեն… »: 

Ի վերջո ՀՀ քննչական կոմիտեն  կողմնորոշվել է և քրեական գործ է հարուցել ՀՀ քրօրի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանություն:  Նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածով շարքային Հարություն Հրայրի Համբարյանը իրեն ամրակցված ԱԿՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:  

Ընտանիքը բացառում է ինքնասպանության վարկածը ոչ միայն այն պատճառով, որ վստահ են, իրենց որդին նման քայլի չէր գնա, նաև նախաքննության առաջ  քաշած անհավանական վարկածը՝ «ԱԿՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով» , համոզմունք է առաջացրել, որ Հարությունին սպանել են: 

Ընտանիքը մշտապես կապի մեջ է եղել Հարությունի հետ: Վերջին անգամ նրա հետ խոսել են դեպքից մեկ օր առաջ, մայիսի 7-ի երեկոյան: Խոսել է ընտանիքի բոլոր անդամների հետ, հայրն ասում է հանգիստ էր, ասում էր շուտով արձակուրդ եմ գալու՝ խոտհունձին օգնելու: 

«Ինձ հետ վերջում էր  խոսում, շատ երկար, բոլոր հարցերը պիտի տար՝ քաղաքական, Ուկրաինայի հեղափոխությունից, ամենավերջում՝ շախմատը ոնց եղավ՝  ինքը պրոֆեսիոնալ շախմատիստ էր… տխո՛ւր էր մի ձև, ասեց Անգլիայի առաջնությունն ասա,  հերթով ասել եմ՝ թիմերը, գոլերը, ո՛վ ա խաղացել, ո՛վ ա գոլ խփել՝ որերորդ րոպեին, ով ա զամենա եղել, ով էր մարզիչը, մրցավարը, իրան էս ամեն ինչը իսկապես հետաքրքրիր էր, ինքը չէր կարող հաջորդ օրը ինքնասպան լիներ…վստահ է քույրը՝ մասնագիտությամբ բժիշկ Հասմիկը: 

Մայիսի 8-ին, երբ ընտանիքն արդեն տեղեկացված էր Հարությունի մահվան մասին, զինկոմիսարիատից ասել են, որ ինքնասպան է եղել ինքն իր կզակից կրակելով: 

«Քննիչը որ եկել էր մեր տուն, հարցրեցի՝ կզակի՞ց էր հեշտ ինքնասպան լինել, թե՞ չգիտեմ ինչ ձևերով տանջվեր, եսիմ ինչ ձևեր ա ցույց տալիս, հետո էլ ասում ա՝ կարող ա պատահականություն ա…», ինքնասպանության վարկածի դեմ ընդվզելով պատմում է մայրը:     
Քույրը քննիչին հարցրել է, թե ինչ տրամադրություն ուներ Հարությունն այդ օրը, ինչ է պարզել քննությունը 

«Ասում են՝ շա՛տ լավ, էդ օրը վեր ա կացել, լողացել, մազերը սարքել ա,  իրան նայել ա հայելու մեջ, դուխին փչել ա, նայել ա դարակում՝ Ջեկ Լոնդոնը ստեղ ա, խաչբառերը տվել ա,  ասել ա՝ տղեր՛ք, չեմ հասցնի արդեն լուծեմ, ես հազիվ էս գիրքը կարդամ ու գնացել ա՝ իրա մարտական հերթապահությանը կանգնելու ու էդ եղել էդ ընթացքը…», Հարությունին ծանրոցներ ուղարկելիս առաջին հերթին գրքեր էին ուղարկում, ֆուտբոլի բոլոր համարները, խաչբառներ, դասական երաժշտության կամ աֆորիզմների հավաքածուներ, առանց դրանց չէր կարողանում: 

Դպրոցական տարիներից ի վեր մասնակցել է շախմատի մրցումների, նաև հանրապետական: 

«Ես քննիչին ասում եմ, իրա IQ-ն 128-ա, ասում ա՝ էդ ինչ ա, ասում եմ՝ եթե հոգեբանները պիտի ուսումնասիրեն, կասեն էդ ինչ ա…ասում եմ՝ ինքը շախմատի ազգային վարկանիշ ունի, ասում եմ՝ 9 տարեկանից մինչև հիմա պահպանել ա, հատկապես էն դեպքում,, որ 2 տարի չի մասնակցել»: 

Քույրն ասում է, որ զորամասում անցկացվող շախմատի մրցումներին  Հարությունը երբեք չի մասնակցել, իր հրամանատարը՝ կապիտան Գեղամ Դանիելյանը թույլ չի տվել:  

«Միշտ մի պատճառ ա բռնել,  իսկ Հարութը միշտ ցանկանում էր մրցումներին մասնակցել, ասում էր՝ հաղթողներին խրախուսում են, արձակուրդ են տալիս, բայց իրան ոչ մի անգամ թույլ չէին տալիս մասնակցել»: 

Դպրոցում լավ էր սովորում, բոլոր առարկաներից գովասանագրեր, օլիմպիադաներին միշտ մասնակցել է և հաղթել: Հարությունը Ագրարային համալսարանի ուսանող էր, երբ զորակոչվեց  բանակ՝ ԼՂՀ  Մարտակերտի Ինտերնատ զոորամաս: Ծառայեց 16 ամիս: 

«Քննչականի պետի հետ եմ խոսում, ասում ա՝ դարակները նայել եմ՝ ակուրատնի, մաքուր, կոկիկ՝ ամեն ինչը զապասով…շատ լավ տղայա, բայց բանակին մի քիչ վատ տպավորություն ա թողնում՝ ակնոցներով, գիրք կարդացող տղեն, ասի՝ո՛նց՝ վատ ա նայվում, դրա համար պտի բռնեք՝ սպանե՞ք…»,  բորբոքվում է քույրը: 


Հայրն ասում է, որ սսպանությունը դարձրել են ինքնասպանություն, որ որևէ մեկը պատասխան չտա սպանության համար: 

«Ինքը էն տղան չէր, որ ինքնասպան լիներ՝ իրեն սպանել են: Ես պահանջում եմ, որ գտնեն սպանողին: Հիմա ինքնասպանություն են դրել, որ իրանց գործը հեշտ լինի, որ բանակին չեպե չլինի: մի մեղադրյալ կգտնեն, կբարդեն վրեն, կասեն՝ ինքնասպան ա եղել, կպրծնեն՝ ոչ նա ա մեղավոր, ոչ՝ նա. հրամանատարությունն ի՛նչ մեղք ունի…», հայտարարում է հայրը: 


Հարություն Համբարյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում է նույն զորամասի շարքային զինծառայող Դավիթ Հարությունյանը: 

Զինդատախազության  խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությունը նախ մերժել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ապա Վերաքննիչ քրեական դատարանը և մեղադրվող զինծառայողը շարունակում է իր զինվորական ծառայությունը նույն զորամասում: 

Դավիթ Հարությունյանի շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը նույնպես պնդում է, որ Հարություն Համբարյանին սպանել են, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը կեղծ է: 

Փաստաբանը նաև փոխանցեց, որ խորապես ցավակցում են երիտասարդի մահվան համար: 

Աստղիկ Սիմոնյան 
Ժաննա Ալեքսանյան 

Հ.Գ. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաժարվել է ընդունել Հարություն Համբարյանի ծնողներին: Ավելին, նրանց գրավոր դիմումին ի պատասխան նախարարությունը գրել է, որ հարցը դուրս է իրենց իրավասությունների շրջանակից: 

Առավել զավեշտալի պատասխաններ է գրել զինվորական դատախազությունը: Նախ, զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը կտրականապես հրաժարվել է  ընդունել մահացած զինծառայողի հորը, անգամ թույլ չեն տվել գրանցվել հետագա ընդունելության համար, իսկ գրավոր դիմումին պատասխանել են SMS-ով:
3940
Print
բանակ
Կոռուպցիան բանակում արյան գին ունի (տեսանյութ) 15.12.2017 | բանակ

Կոռուպցիան բանակում արյան գին ունի (տեսանյութ)

Պաշտպանական ոլորտում առկա կոռուպցիայի դիմաց Հայաստանը չափազանց բարձր գին է վճարում։ Բանակի թերզինումն ու տեխնիկական թերհագեցվածությունը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի դեմ պատերազմում հանգեցրին 800 հեկտար տարածքային կորստի։ Զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր զինվորականներ ու քաղաքացի

զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը 12.12.2017 | բանակ

զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները:Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանությա

1 սպանված և 1 վիրավոր բանակում 11.12.2017 | բանակ

1 սպանված և 1 վիրավոր բանակում

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է բանակում մեկ սպանվածի և մեկ վիրավորի մասին։ 

Ներկայացնում ենք գրառումներն ամբողջությամբ․ Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Պ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: