լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
9.10.2015 | բանակ

«Պատվով, հարգանքով ծառայեց, իր պարտականությունը կատարեց իմ բալեն» (տեսանյութ)

«Պատվով, հարգանքով ծառայեց, իր պարտականությունը կատարեց իմ բալեն» (տեսանյութ)
Ժաամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանը զոհվել է հունվարի 20-ին,  երբ թշնամին դիվերսիոն ներթափանցման լայնածավալ փորձեր էր կատարում Արցախի և Հայաստանի հետ սահմանային մի շարք գոտիներում: Զինվոր որդու մահվանը նախորդող գիշերը մայրը տագնապ է ունեցել, անհանգիստ է եղել, ինչ որ վատ բանի նախազգացում է ունեցել: 

«Վերջին անգամ հենց էդ իրիկունն եմ խոսել հետը՝ ժամը յոթն էր…գիտեի, որ էն կողմերը խառն ա, ասի՝ Սուրեն ջան, գլուխդ դուրս չհանես, բալես, ասեց՝ մամ ջան հանգիստ էղի, ես երեխա չեմ…առավոտը վեր կացա, լուրն իմացա…», իր մայրական կանխաազգացման մասին է պատմում 41 ամյա Նաիրան: 

«Էդ առաջին գիշերը հանգիստ խոսեցինք՝ սովորականի նման, բայց ամբողջ գիշեր անհանգիստ էի…չէի կարողանում քնել,  շուռումուռ էի գալիս, ասում էի՝ տեսնես ի՛նչ պետք ա լսեմ»: 

Իսկ առավոտյան արդեն ամբողջ գյուղն իմացել է Սուրենի մահվան մասին՝ մորից բացի, մորը խնայել են: Գյուղապետին գիշերն էին զանգահարել, Նաիրայի Գյումրիում ապրող հարազատներն են անգամ իմացել: Իրեն քույրն է զանգահարել պատահմամբ՝ հորը զանգելու փոխարեն: Նրա անզգույշ հարցից էլ Նաիրան ամեն ինչ հասկացել է. 

«Հեռախոսը ձեռքիցս ցած գցեցի ու վազեցի տուն…բոլորը արդեն գիտեին…իմ ճչոցից բոլորը ներս եկան, կեսը ասեցին, որ Սուրենը վիրավոր է, ասի՝ չե՛մ հավատա, ես պետք է  հասնեմ Ղարաբաղ, բայց ամուսինս եկավ ու ասեց, որ Սուրենը էլ չկա…հետո ասին, որ փակ են բերում…հետո ամուսինս գնացել, տեսել էր…որ գլուխը չկա էրեխիս…»: 

Սուրենի մանկության ընկերը՝ Արկադին, ում հետ նույն դասարանում սովորել, նույն օրը զորակոչվել, վեց ամիս միասին ծառայել, հետո ծառայությունը շարունակել են նույն զորամասի տարբեր գումարտակներում, ընկերոջ մահվան մասին առավոտյան է իմացել. 

«Առավոտը իմացա՝ ժամը 6-ին: Գիշերը անհանգիստ էր, մեր հետախուզությունը ուզում էր տագնապ տար, էն էլ ոնց որ արդեն ուշ էր, չտվեցին, էլ չբարձրացան դիրքեր: Հետո առավոտը ես իրանցից իմացա դեպքի մասին… Սուրենին խփողը մտածում եմ դիպուկահար է եղել, որովհետև դիպուկահարներն են օգտագործում էդ նոր զենքը»,- եզրափակում է Արկադին: 

«Մեզ ասել են խրամատի մեջ է ընկել»,-շարունակում է մայրը,- «բայց ես մտածում եմ դաշտում է եղել՝ բաց տարածքում…որովհետև իմ բալիս դեմքը փակ էր…գլուխը չի եղել իմ բալիս…փակ բերեցին…դե ծնող, դիմացի…»:     

Սուրենը մեկ տարի յոթ ամիս ծառայեց, առանց տրտնջալու. 

«Պատվով, հարգանքով ծառայեց, իր պարտականությունը կատարեց իմ բալեն»,-Նաիրայի արցունքները թրջել են դեմքը, իրեն մի կերպ է զսպում: Ու թեև ընտանիքը ամենասովորական ապրող ընտանիքներից է, բայց Սուրենի երդման արարողությանը ներկա են գտնվել, ինչ պետք է, ինչ որդին սիրում էր՝ տարել է: Ամեն անգամ, եթե գնացող է եղել՝ որդուն տան փշուրից բաժին հանել է: 

Վերջին անգամ որդուն իր մահվանից մի տարի առաջ է տեսել, երբ վեց ամիս ծառայելուց հետո Սուրենին տաս օրով արձակուրդ էին տվել: 

«Ծառայության ուզում էր գնար, ասում էր՝ ծառայությունը, մամ ջան, տղայի համար է՝ պետք է գնամ անպայման: Ինքը համեստ, խելոք երեխա էր, թե՛ դպրոցում, թե՛ գյուղում իրան հարգում ու սիրում էին…զորամասում էնքան հարգանք ու պատիվ էր թողել, որ մինչև հիմա իրա հրամանատարները այցելում են մեզ »-պատմում է Նաիրան: Ձայնի մեջ հպարտություն կա, որն էլ երևի օգնում է որդեկորույս մորն ապրել: 

Զինվորի հիշատակին գյուղում խաչքար են դրել, դպրոցում՝ դասասենյակ են բացել՝  բացմանը հրամանատարներն էլ եկան: Սուրենի ծննդյան օրը զորամասի հրամանատարը չի մոռացել, այցելել է ընտանիքին: 

«Մեդալով էին պարգևատրել իմ բալիս՝ լավ ծառայելու համար, բայց իմ բալեն էդ մասին չիմացավ…23-ին պիտի իջներ պոստերից, որ 28-ին՝ բանակի օրը, պարգևատրեին…չհասցրեց…»,

Նաիրան շատ է նեղվում, որ որդին երազին քիչ է գալիս. 

«Էդ դեպքից հետո մենակ  երազ տեսա, ինքը եկավ, ասեց՝ մա՛մ ջան, ես էլ չհասկացա ի՛նչ եղավ, ո՛նց էղավ….իրան տեսա էնպես, ինչպես կար…քրոջն է շուտ շուտ գալիս, բայց ինձ՝ չէ՛…»: 

Նաիրայի ձայնը նորից թրթռաց, կիսաձայն շշնջաց, որ չի համակերպվում՝ «…ես շատ եմ կապված եղել իմ բալիս հետ ու էդ նկարին էլ /ցույց տվեց զինվորական հագուստով նկարը/, նայել չեմ կարողանում…»: 

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ի հրամանագրով ,ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար, ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սուրեն Փիլոսյանին հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով: 

Սուրեն Փիլոսյանը բանակ էր զորակոչվել Լոռու մարզի Սարահարթ գյուղից: 

Աստղիկ Սիմոնյան 

Հ.Գ. Վերադարձի ճանապարհին մտքումս Սուրենի տատիկի պատմությունն էր. Ինչ-որ մեկը մեքենան արագ էր վարել, Սուրենը խնդրել էր դանդաղեցնել ընթացքը, ասել էր՝ ես ջահել եմ, դեռ ապրել եմ ուզում…    
Տեսանյութ՝ Թեհմինե Ենոքյան
2245
Print
բանակ
Կոռուպցիան բանակում արյան գին ունի (տեսանյութ) 15.12.2017 | բանակ

Կոռուպցիան բանակում արյան գին ունի (տեսանյութ)

Պաշտպանական ոլորտում առկա կոռուպցիայի դիմաց Հայաստանը չափազանց բարձր գին է վճարում։ Բանակի թերզինումն ու տեխնիկական թերհագեցվածությունը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի դեմ պատերազմում հանգեցրին 800 հեկտար տարածքային կորստի։ Զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր զինվորականներ ու քաղաքացի

զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը 12.12.2017 | բանակ

զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները:Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանությա

1 սպանված և 1 վիրավոր բանակում 11.12.2017 | բանակ

1 սպանված և 1 վիրավոր բանակում

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է բանակում մեկ սպանվածի և մեկ վիրավորի մասին։ 

Ներկայացնում ենք գրառումներն ամբողջությամբ․ Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Պ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: