լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.11.2015 | բանակ

Բարսեղյանի մահվան հետ կապված եզրակացությունը թույլ չի տալիս երկրորդ կարծիք ունենալ

 Բարսեղյանի մահվան հետ կապված եզրակացությունը թույլ չի տալիս երկրորդ կարծիք ունենալ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է և գործն  ուղարկվել է Նոր Նորք և Ավան համայնքների առաջին ատյանի դատարան՝ դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթ: 

Հիշեցնենք, հունվարի 29-ին ռազմական ակադեմիայի մարզահրապարակում  հայտնաբերվել էր 1 ին կուրսի ուսանող Հայկազ Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: 20 ամյա երիտասարդի սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), ինչը նախատեսում է մինչև ցմահ ազատազրկում։ 

Տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալել են Հայկազ Բարսեղյանի 4 համածառայողները՝Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը: Ամբողջ նախաքննության ընթացքում մեղադրյալները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում և առնչություն չունեն կատարված հանցագործության հետ: 

Մեղադրյալների պաշտպանները իրենց պաշտպանյալների նման դիրքորոշումը կապում են թերի և անկատար քննության հետ՝ նշելով, որ գործով բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել, այդ թվում կրկնակի  դատաբժշկական թե դատահոգեբանական փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ: 

Պաշտպանները ասում են նաև, որ գործով մեղադրյալներևից որևէ մեկը ռեալ շարժառիթ չի ունեցել՝ Բարսեղյանին սպանելու համար: Forrights-ը մեղադրյալների պաշտպաններից, ինչպես նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցչից  փորձել է պարզել, թե ինչպես են նրանք գնահատում նախաքննության ընթացքը,  ինչ էական հանգամանքներ են պարզվել գործի նյութերին ծանոթանալիս: 

« Նախաքննական մարմինը հակված է գործը ուղարկել դատարան, և ինչ մինջնորդություն էլ որ մենք ներկայացնում ենք  չի  բավարարում»,- դժգոհում է մեղադրյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը,  ով միջնորդել է գործով կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել՝ պնդելով, որ եզրակացության որոշ հանգամանքներ, իր կարծիքով,  չեն բխում գործի փաստական հանգամանքներից: Բացի այդ՝ Նադիրյանը միջնորդություն է ներկայացրել նաև իր  պաշտպանյալին պոլիգրաֆով հետազոտելու վերաբերյալ, քանի որ վերջինս պնդում է, որ ինքը ընդհանրապես առնչություն չունի տեղի ունեցածի հետ: 

Նադիրյանն ընդգծեց, որ գործի շրջանակներում չի քննվել վարկածը, որ սպանությունը կարող են կատարած լինել Հայկազ Բարսեղյանի  ննջարանում քնող անձինք, որոնք գործով ականատես վկաների կարգավիճակ ունեն: Նա անհիմն համարեց այն, որ  ննջարանում քնող բոլոր կուրսանտների նկատմամբ  պաշտպանության միջոց է կիրառվել և նրանց տեղափոխել են այլ զորամաս:  

«Ինձ մոտ տպավորություն է, որ նրանց տարել են, որպեսզի իրենց  վերահսկողության տակ պահեն,  նրանք կառավարելի լինեն և  ցուցմունք չփոխեն»,- կարծում է  Նադիրյանը՝ նշելով, որ  նախաքննական մարմինը վկաների նկատմամբ ատահոգեբանական փորձաքննություն է նշանակել,  որի համաձայն  վախը նրանց զրկել է ինչ- որ գործողություններ կատարելու հնարավորությունից: Փաստաբանը փոխանցեց նաև իր պաշտպանյալի այն խոսքը, որ Հայկազ Բարսեղյանը այժմ գործով անցնող վկաներից մեկի հետ կոնֆլիկտ է ունեցել և դրա մասին իմացել են բոլոր ծառայողները: 

Մեղադրյալ Նորայր Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանն ասում է,  որ ըստ փորձագետի տված դատաբժշկական փորձաքննության՝ Հայկազ Բարսեղյանի հետ տեղի ունեցածն ինքնասպանություն լինել չէր կարող, բայց  չբացառեց, որ եզրակացակությունը կարող է նաև սխալ լինել: Արսենյանը նշեց, որ քրեական գործով ականատես վկայի կարգավիճակ ունեցող անձինք ակնհայտ կեղծ ցուցմունքներ են տվել մեղադրյալների դեմ, և չբացառեց, որ դա կարող է լինեն նրանց նկատմամբ հոգեբանական ճնշման հետևանք: 

«Կարծում եմ, որ  նրանց նկատմամբ սպառնալիքներ են եղել, այլապես  ստացվում է, որ նրանք ներկայացնում են, թե ինչ է տեղի ունեցել իրենց աչքի առաջ, բայց  ծածկոցը գցել են գլխներին ու  քնել:»,- զայրույթն արտահայտեց Արսենյանը՝ դատապարտելով նախարարության պաշտոնյաների կողմից  դեպքից օրեր անց արված հայտարարությունները: 

«Ինչո՞ւ հրամանտարությանը դատի չեք տալիս, ինչո՞ւ միայն նրանց հեռացնելով բավարարվեցիք: Ասեմ ավելին, իմ պաշտպանյալն այդ օրն քննության համար պարապելիս է եղել, նա խմած չի եղել, բայց  բոլոր մեղադրյալների մոտ   ցածր քանակություն  ալկոհոլ է «հայտնաբերել»,  որպեսզի ստացվի, թե նախարարը գլխից դուրս բան չի ասել»,- եզրակացրեց Արսենյանը: 

Մեղադրյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը նույնպես նախաքննությունը թերի է համարում և քննիչին բացարկ է հայտնել, ինչպես նաև միջնորդել, որպեսզի իր պաշտպանյալի և վկաների միջև առերեսումները կատարվեն ոչ թե քննիչի սենյակում, այլ ՔԿՀ-ում: Փաստաբանի կողմից նման միջնորդությամբ հանդես գալու պատճառը եղել է քննիչի նկատմամբ իր պաշպանյալի անվստահությունը: 

Հովհաննիսյանը ևս գործով ականատես վկայի կարգավիճակ ունեցող անձանց ցուցմունքները որակեց անարժանահավատ: «Հակասություններով լեցուն գործ է  և հույս եմ տածում, որ դատարանում ամեն ինչ կպարզվի»,- ասաց Հովհաննիսյանը: 

Մեղադրյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասում է, որ իր մոտ տպավորություն է, որ որոշ պաշտոնյաների հայտարարություններն ու հայտնած տեղեկությունները նախաքննական մարմնին կաշկանդել են,  և վերջինս չի կարողացել գործի քննության ընթացքում շեղվել այդ հայտարարութունների բովանդակությունից: Ըստ Զաքարյանի՝ գործով  ձեռք բերված այն օբյեկտիվ ապացույցները, որոնք հերքել են դեպքի վերաբերյալ նախապես առաջ քաշված վարկածը,  կասկածի տակ են դրվել, ապա համաատասխանեցվել այդ նախնական վարկածին: 

Մեր հարցին՝ Զաքարյանը  կասկածի տա՞կ է դնում այն հանգամանքը, որ Բարսեղյանին սպանել են, Զաքարյանը նշեց, թե դատաբժշկական փորձաքննության մեջ բազմաթիվ թերություններ կան և բազմաթիվ տեղեկությունների բակայության պայմաններում փորձագետը եզրակացություն է տվել, որ Հայկազ Բարսեղյանը մահացած է եղել մինչև կախվելը, սակայն դա կասկածի տակ է դրվում մի շարք այլ տվյալներով: Մեր հարցին, թե ինչ տվյալներով, Զաքարյանը առայժմ ձեռնպահ մնաց մեկնաբանել: 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը, սակայն գործի նախաքննության ընթացքը գնահատում է բավարար: 

«Ուսումնասիրելով  գործի նյութերը՝ թե՛ վկաների կողմից տրված ցուցմունքները, թե՛առերեսումները,  թե՛դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ես  ես եկել եմ եզրակացության, որ տեղի է  ունեցել սպանություն, այլ ոչ թե ինքնսպանություն: Բայց թե կոնկրետ ով է սպանել Հայկազ Բարսեղյանին,  այդ հարցին ես չեմ պատասխանի՝ ելնելով օրենսդրական  նորմերից  ու անձի անմեղության կանխավարկածից»,- ասաց Գալիկյանը: 

Բանակում մահվան դեպքերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, սակայն պնդում է, որ դատաբժշկական եզրակացության հեղինակը՝ Վիգեն Ադամյանը Բարսեղյանի մահվան հետ կապված այնպիսի հստակ  եզրակացություն է տալիս, որը «երկակի դիտարկման, երկակի մեկնաբանության տեղիք չի տալիս, այսինքն՝ մեզ թույլ չի տալիս երկրորդ կարծիք ունենալ», համոզված է փորձագետը: 

Բարսեղյանն, ըստ դտաբժշկական եզրակացության ստացել է պարանոցի աջ կեսի մաշկի և փափուկ հյուսվածների արնազեղում, ենթալեզվային ոսկորի կոտրվածք՝ շրջակա փափուկ հյուսվածների արյունազեղմամբ, որը  պատճառվել է կենդանության օրոք՝ մահվանից րոպեներ առաջ պարանոցի օրգանները  բութ առարկայով սեղմելու հետևանքով,  չէր կարող պատճառվել իր իսկ կողմից, վերջինիս մահվան հետ գտնվում են անմիջական պատճառական կապի մեջ և նման վնասվածքները սովորաբար կենդանի անձանց մոտ առաջացնում են առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող, որոնք էլ տվյալ դեպքում բերել են մահվան: 

«Այստեղ խոսքը օղակի, կախվելու մասին: Բացի այդ՝ դատաբժիշկը գրել է, որ  Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է` պարանոցի վ/3-ի  եզակի, ոչ փակ, մագաղաթյա պնդության, վարդադարչնագույնի, ներքևից՝ վերև, առջևից՝ հետ ուղղությամբ, տիպիկ, հետմահու ճմլման ակոս, որի պատճառ կարող է հանդիսանալ Բարսեղյանի պարանոցին գցված պարանը», մանրամասնում է փորձագետը՝ փոխանցելով, որ կասկածից վեր է, որ  Բարսեղյանին  սպանել են: 

Ինչպես հայտնի է գործի քննության ընթացքում զորանոցի պահարանում  պատռված թղթի կտոր է հայտնաբերվել « ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի ուղակի հոգնել եմ ու անհետաքրքիրա քաշքշուկի համար կներեք» գրառմամբ: Սակայն  նշանակված դատաձեռագրաբանական երկու փորձաքննությունների արդյունքներով հստակ չի պարզվել, թե այդ գրառումը կատարվել է Բարսեղյանի,  թե՞ գործով մեղադրյալ  Ազարյանի կողմից: 

Հատկանշական է, որ Բարսեղյանի սպանության առթիվ հարուցված  քրեական գործի նյութերի հիման վրա ևս  երկու առանձին գործեր են հարուցվել։Դրանցից մեկը դեպի նախորդող ցերեկը կուրսանտներից մեկի ՝ Արշակ  Մնացականյանի և Բարսեղյանի միջև տեղի ունեցած վիճաբանության առթիվ է, որով կոնոնադրային հարաբերությունը խախտելու համար Մնացականյանին մեղադրանք էր առաջադրվել: Գործը քննվել է արագացված դատաքննությամբ, Մարտիրոսյանն ընդունել է իր մեղքը և դատապարտել 2 ամիս կալանքի, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և վերջինիս նկատմամբ 1 տարի ժամկետով փորձաշրջան է նշանակվել: 

Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանին, որ ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ  Բարսեղյանի և Մարտիրոսյանի վիճաբանությանը միջոցներ չի ձեռնարկել այն կանխելու ուղղությամբ»։ Գործի վարույթը,, սակայն, որոշ ժամանակ անց կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: 

Վերը նշված քրեկան գործերը, սակայն, գործում ներգրավված  անձանց կողմից քննարկման առարկա չեն դարձել, վերջիններս իրենց խոսքում սպանության ցերեկը տեղի ունեցած միջադեպը որևէ կերպ չեն փորձում կապել  սպանության  հետ: 

 Արաքս Մամուլյան
1874
Print
բանակ
մարտական դիրքում զինծառայող է զոհվել 11.10.2017 | բանակ

մարտական դիրքում զինծառայող է զոհվել

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։  

2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կ

վկայի ցուցմունքից. «Գնել Թևոսյանն ասաց՝ դեմդ նայի, կարո՞ղ ա քեզ էլ կողքից կախեմ» 9.10.2017 | բանակ

վկայի ցուցմունքից. «Գնել Թևոսյանն ասաց՝ դեմդ նայի, կարո՞ղ ա քեզ էլ կողքից կախեմ»

Երևանի Ավան և Նոր-Նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Այսօրվա նիստում վկա, նույն ինստիտուտի կուրսանտ Արայիկ Թամրազյանը արժեքավոր տեղեկություն հայ

ականի պայթյունից 19 ամյա զինծառայող է  մահացել 1.09.2017 | բանակ

ականի պայթյունից 19 ամյա զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը: 


լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: