լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
20.11.2015 | բանակ

Էդ շրջանում կրակոցները շատ էին, բայց էդ օրը էդ մի հատ կրակոցնա եղել

Էդ շրջանում կրակոցները շատ էին, բայց էդ օրը էդ մի հատ կրակոցնա եղել
Կրտսեր սերժանտ Արման Ուդումյանը զոհվել է  հունվարի 21-ին մարտական հենակետում՝ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից: Հրազենային վնասվածքը ստացել է  ծնոտի շրջանում, նրան փրկել չի հաջողվել, մահը վրա է հասել րոպեների ընթացքում: Արմանը փորձել էր դիտակետից նայել թշնամու տեղաշարժը և հենց այդ պահին էլ կրակել են:      

«Արդեն երկրորդ պայմանագիրն էր լրանում, վերջին անգամն էր, որ պիտի գնար, 15 օրը լրանար ու արդեն վերջ: Որոշել էր արդեն դուրս գա ու էլի նորից բռնի էդ խոպանի ճանապարհը՝ Ռուսաստան գնար, էն էլ՝ չեղավ, ոչ եկավ, ոչ էլ՝ գնաց…»,-ամուսնու մահը վերապրում է երիտասարդ կինը:     

31 ամյա Ռուզաննայի համար Արմանի մահը անսպասելի հարված էր, նրա կյանքը միանգամից փոխվեց , երեք անչափահաս երեխաներն ու նրանց պահելու հոգսը մնաց իր վրա: Հիմա նրանք միայնակ են Չորաթանի իրենց սառը բնակարանում: Երեխաներից մեծը աղջիկն է 13 տարեկան, իսկ փոքր տղան՝ 5 տարեկան:     

Ռուզաննան վերջերս է սկսել աշխատել գյուղի մանակապարտեզում, ուր 30 երեխա է հաճախում,  խոհարարի օգնական է, աշխատավարձ չի ստանում «տեղը ապրանք են տալիս, փող չի, սնունդ ա՝ ալյուր, ձեթ, լավ կլինի, որ մի հատ աշխատանք լինի, թեկուզ քիչ գումարով, բայց փողով լինի»:     

Ամուսնու աշխատավարձն էլ չէր բավարարում. «Ծերը ծերին հասցնում էինք, դե՝ պարտքեր, դե էրեխեք են՝ ուտել ա, հագնելա, փողը չէր հերիքում, ասում էր՝ էնտեղ լավ կլինի, էրեխեքի համար էր շատ մտածում, ասում էր՝ դուրս գանք գյուղից: Ստեղ ոչ մի բան չկա, խմբակներ,  որ հաճախեն, որ երեխեքը ինչ-որ մի բանի հասնեն, կրթություն ստանան»:     

Ընտանիքի երազանքները ապագայի հեռանկարի մասին այժմ անորոշ են: Պարելու մասին երազող աղջիկն այժմ հաճախում է Մխիթարյան միաբանության մաքրամեի ու հելունագործության անվճար խմբակներ: 

«Աղջիկս շա՛տ ա սիրում պարել, բայց մի խմբակ չկա, որ պարի գնա, իր ուզածը լինի: Միշտ ասում ա՝ ես կուզեմ պարուհի դառնամ»:     

Ռուզաննան ասում է, «էն ամենաչնչին օգնությունն էլ մեծ նշանակություն ունի.էրեխեքի համար. գյուղի էրեխեքը փոքր ժամանակվանից արդեն հոգսաշատ են, իրենց ծնողներին են օգնում, մեկ էլ՝ իրենք են ընտանիք կազմում ու արդեն իրենք են անում իրենց էրեխեքի համար՝ դժվար ա: Ես էստեղ ծնվել եմ, էստեղ մեծացել, դպրոցն էստեղ եմ սովորել, ստեղ ավարտել եմ, ստեղ էլ՝ ամուսնացել եմ՝ ուրիշ տեղ չեմ գնացել»:     



Չորաթանում բնակվող Արմանի ծնողները դիմել են Պաշտպանության նախարարությանը՝  Արմանի ընտանիքին բնակարանով ապահովելու խնդրանքով և Ռուզաննան հավատում է, որ մի բան կանեն՝ ամուսինը Հայրենիքի համար է զոհվել:     

Տավուշի մարզի Չորաթան գյուղից ադրբեջանական սահմանը բաժանող ուղիղ ճանապարհը  5 կմ է: Հակառակորդի կողմից կրակոցներն ու գնդակոծությունն անպակաս են և ամբողջ գյուղը, փոքրից՝ մեծ, ապրում են կրակոցների սարսափը:     

«Ընդհանրապես մեր բնակչությունը սահմանի հետ միշտ էլ կապի մեջա եղել, միշտ էլ նրանց՝ օտարի շունչը զգացել են, որ թշնամու հետ ենք ապրում, տենց ՝կիսաբարիշ, կիսաթշնամի ապրում ենք», իրենց պարտադրված կյանքն է ներկայացնում  դիպուկահարի կրակոցից զոհված Արմանի հայրը՝ 60 ամյա Ռաշիդ Ուդումյանը:       

Նա Չորաթանի դպրոցի փոխտնօրենն է, պատմություն է դասավանդում: 90-ականներին Ռաշիդի 3 տղաները փոքր են եղել և պատերազմի արհավիրքները ՝ հրետանակոծությունը, տների փլվելը, մարդկանց խփվելը՝«ամեն ինչը՝ ինչ եղել ա, տեսել են:  Ուզում էի, որ գյուղից հեռանան, բայց չստացվեց: Ասում ա ՝ բախտը, թե ճակատագիրը բերեց, նորից  նույն գյուղը, նույն տարածքը»:     

Արմանն ու փոքր  եղբայրը՝ Վարդանը, գյուղի վերևի սահմանային գոտին էին պաշտպանում: Դեպքի ժամանակ Վարդանն էլ էր պոստում, բայց իրարից մի երկու պոստ հեռու էին, Նա ականատես չի եղել եղբոր մահվանը, բայց պատմել է, որ մի հատ կրակոց էր, դիպուկահարի կրակոց:     

«Էդ շրջանում կրակոցները շատ էին., բայց էդ օրը էդ մի հատ կրակոցն ա եղել,  մտել էր դիտակետ, որ էնտեղից ուսումնասիրի, դե ավագն էր՝ տեսնի ինչ կա ու հենց էդ մոմենտ արդեն դիպուկահարի կողմից խփվում ա: Ինքը էնտեղ տեղում էր մահացել՝ միանգամից: Բժիշկն ասեց էդ երակի պայթյունը հնարավոր չի, որ երկար ապրեր,  գլխուղեղը սնուցող երակն ա եղել… մանկության կրակոցներնա», պատմում է Ռաշիդը:     

Եղբորը կորցնելուց հետո փոքր տղան՝ Վարդանն էլ չի ծառայում: Անցած տարի նա էլ էր զգացել մահվան շունչը՝ երկու կողմից մտել էին պոստ՝ ամեն խումբը 8-9 հոգի, բարեբախտաբար շան հաչոցից իմացել էր, որ կողմնակի մարդիկ կան, յոթ հոգով էրկու խմբի դեմ պայքարել են, հետ մղել թշնամուն:     

«Ծանր էր էլի մեր վիճակը, շատ ծանր, ի՛նչ անես, վտանգը, վախը մեծ էր, բայց և էն էր կարևոր, ոնց որ ուրիշ աշխատանք չէին ուզում, չէին կարում, Արմանը Ռուսաստան գնաց՝ հետ եկավ, նորից մտավ պայմանագրային զինծառայող»:     

Արմանը վերջին շրջանի գյուղի միակ զոհն է, 93-ից էս կողմ գյուղը զոհ չէր ունեցել: 93-ին զոհվել է Ռաշիդի հորեղբոր տղան՝ Արթուրը: Ռաշիդն ասում է, որ նրա գործունեությունն ու մահը էրեխեքի վրա շատ ազդեց, մեծ տպավորություն թողեց:     

«Էդ ժամանակ դեռ բանակը չկար, կամավորական խմբեր էին, ինքն էր կազմակերպում՝ կամավոր սկզբունքով, հրանոթներն ինքն էր լիցքավորում ու կրակում հակառակորդի վրա, և հրանոթի մոտ կրակելու ժամանակ էլ,  93-ի ապրիլի 16-ի առավոտյան նա խփվեց՝ մինամյոտի հարվածից »:     

Արթուրը գյուղի երրորդ զոհն էր, դրանից առաջ գյուղից երկու հոգու գողացել, գերի էին տարել ադրբեջանցիները, ուսուցիչ Մելիքսեթ Ասատրյանին և մշակույթի տան տնօրեն Յուրի Ալդումյանին:  92-ի ապրիլի 19-ին տարել են, 30-ին՝ հետ վերադարձրել:     

«Դե պարզ ա՝ ի՛նչը հետ տվեցին, մարմնի մասերը՝ լրիվ կտոր կտոր արած, լրիվ սենց մարմինը մաս մաս արած, թևերը, ոտերը, մարմինը՝լրիվ՝ երկուսինն էլ: Ու հետո արդեն հաջորդը Արթուրի խփվելն էր»:     

Ռաշիդը ցույց է տալիս տան դիմացի սարը, որն անվանել են հերոսի անունով, իրենց գյուղն ու սահմանը պահող հերոսի անունով:     

«Հիմա Արթուրասար ենք ասում,, մեր Չորաթանի հանդամասի կողմն ա դա, մեր գյուղը առաջ էնտեղ ա եղել, հետո ենք տեղափոխվել էստեղ՝ Ներքիշեն ենք ասում մենք էդ տարածքը, դե երեխեքս էլ` 80 թիվ Արմանս էր, 78 թիվ՝ մեծ տղաս՝ իրանց համար հերոսը Արթուրն էր»:     
Ու այդ ոգով են Ռաշիդի որդիները բանակում ծառայել, իսկ հետագայում պայմանագրային զինծառայողներ դարձել: Փոքրը՝ Վարդանը՝ ավագ սերժանտ էր, Արմանը՝ կրտսեր սերժանտ՝ էրկուսն էլ պոստի ավագ էին: Արմանը ցանկանում էր ավելի բարդ դիրքերում լինի, և տեղափոխվեց մի դիրք, որը խորացված ու շատ վտանգավոր դիրք էր, ինքն էր կամավոր տեղափոխվել, որ ամենավտանգավոր դիրքում լինի, «տենց էլ հենց վերջակետ դրեց իրա կյանքին»:     

Ռաշիդն ինքն էլ է մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին: 90-ականներին դպրոցում ուսուցչություն անելուց բացի նաև պոստերում էր կանգնում: Ասում է սահմանում պատասխանատվությունը շատ մեծ է:     

«Էն ժամանակ երեխաները դեռ փոքր էին, մեր ուշքն ու միտքը ՝ գյուղին որ խփում էին, անընդհատ գյուղն էր, անընդհատ տունն էր, էրեխեքն էին՝ ինչ վիճակում են, դե էն ժամանակ  պատահական խփում էին,  ուղղակի գցում էին՝ տանկից, գրադից, հրանոթից՝ չիմանալով, թե  որտե՛ղ կընկնի՝ տների կպավ, ո՛ւր ընկավ…»     

«Հոգևոր առումով վեհ  բան ա՝ երեխեդ սահմանին ա զոհվել», ասում է Ռաշիդը և օրինակ է բերում Վազգեն Սարգսյանի մահապարտների ջոկատից մի հերոսի, ով մեծ ներդրում է ունեցել ղարաբաղյան պատերազմում, սակայն վերադառնալուց հետո «մարդն անտեսվել է, դարձել է վերջինը, մի չքավոր, զուրկ ամեն ինչից:     

«Դե մի տղամարդ, որ մի 3 տարի կռվի, էդ ընտանիքն էդքան  տնտեսապես հետ ա ընկնում: Պետք է գա նորից սկսի, մնացածները՝ միլիոններ կուտակեցին, իսկ իր նման կռվողները ոչնչի չհասան:  Գոնե էդ մարդիկ ուշադրության կենտրոնում լինեն, ինչ որ մի հարցով որ դիմում են՝ ընդառաջեն»:     

Արմանի զոհվելուց հետո 30000 թոշակ են նշանակել երեխաներին: Դրանից բացի՝ եկեղեցիներից էլ են օգնություն ստանում. «դա մեր համար մեծ նշանակություն ունի, որ գոնե երեխաներին, տիկնոջը չանտեսեն»:     

Հայրը բմութագրում է սահմանին զոհված իր որդուն՝ Արմանը սովորական, գյուղի հոգսերով ապրող երիտասարդ էր: Ավարտել էր դպրոցը միջին առաջադիմությամբ: Ուղղակի ուներ մի կարևոր գիծ, որ սրտացավ էր դիմացինի,  թույլի նկատմամբ, հարգալից էր: Կարող էր իր աշխատանքը թողներ, գնար ուրիշին օգներ, շատ բարյացակամ, հանդուրժող էր իր ընկերների, շրջապատի նկատմամբ:     

«Ասում էի Արման ջան, զգույշ մնա, Ձեր աշխատանքնա և սահմանա՝ հետևներիդ տուն կա, ընտանիք կա: Ասում էր՝ պապա՛, ի՞նչ պիտի լինի ինձ, նրանց գյուլլե՞ն ինձ չի կպչի: Մտքով երբեք չէր անցնում, որ ինչ-որ մի տենց բան պիտի տեղի ունենա»:       

Ռաշիդը դեռ շարունակում է սպասել որդուն.: Պոստից վերադառնալիս միշտ պիտի տնով անցներ, ծնողներին տեսներ, հետո գնար:     

«Ես իրեն միշտ հիշում եմ, երբ պոստից գալիս էր, ստեղով բարձրանում էր՝տեսնի, նոր գնար տուն: Հենց էդ վայեննի շորով տեհնում եմ… ես հիմա չեմ կարում տանեմ, որ էսքան գնում են՝ գալիս, ինքը չի՛ գալիս…ու դեռ չեմ կարում հաշտվեմ, որ չկա,  հետո ինչքան ժամանակն անցնումա, էնքան էն սառը դատողությունն ավելի ա մոտենում, բայց հոգեկան ցավն ա մեծանում, այնքանով, որ արդեն մտածում ես, որ կորցրել ես, էլ պատրանքներ չկան… գիտենք՝ չկա, բայց էն, որ մեկ մեկ՝ անկախ քեզնից մտածում ես, որ հեսա կարողա բարձրանա, աստիճաններով վերև գա…»:     

Արմանի մայրը լուռ է, աչքերից հոսող արցունքներն է սրբում:     

Գյուղում հուշաղբյուր են կառուցել Արմանի անունով ու լուսանկարով, որ հիշվեն բոլոր զոհվածները:     

Հ.Գ.Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու փաստով:     

Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:       
Ժաննա Ալեքսանյան                

Տեսանյութը՝ Թեհմինե Ենոքյանի  
2336
Print
բանակ
Կոռուպցիան բանակում արյան գին ունի (տեսանյութ) 15.12.2017 | բանակ

Կոռուպցիան բանակում արյան գին ունի (տեսանյութ)

Պաշտպանական ոլորտում առկա կոռուպցիայի դիմաց Հայաստանը չափազանց բարձր գին է վճարում։ Բանակի թերզինումն ու տեխնիկական թերհագեցվածությունը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի դեմ պատերազմում հանգեցրին 800 հեկտար տարածքային կորստի։ Զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր զինվորականներ ու քաղաքացի

զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը 12.12.2017 | բանակ

զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները:Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանությա

1 սպանված և 1 վիրավոր բանակում 11.12.2017 | բանակ

1 սպանված և 1 վիրավոր բանակում

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է բանակում մեկ սպանվածի և մեկ վիրավորի մասին։ 

Ներկայացնում ենք գրառումներն ամբողջությամբ․ Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Պ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: