լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
26.11.2015 | բանակ

«Ասում ա՝ մութ էր մորքուր, չէի կարում ձեռքից փախչեի»

«Ասում ա՝ մութ էր մորքուր, չէի կարում ձեռքից փախչեի»
Մեղրիի զորամասում զինծառայող Արթուր Հակոբյանին ծեծի ենթարկելուց հետո շուրջ 20 օր է անցել: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող մարմինն առայժմ չի հայտնում գործով որևէ կասկածյալի, մեղադրյալի, ձերբակալվածի կամ կալանավորվածի առկայության մասին:       

Հայտնի է միայն, որ ծեծի ենթարկված Արթուր Հակոբյանը գործով տուժող է ճանաչվել, իսկ այն անձն, ում նա մեղադրում է իրեն ծեծի ենթարկելու մեջ, զորամասի գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանն է, որ շարունակում է գտնվել այնտեղ: Ավելին, օրեր առաջ լրատվական կայքերից մեկում դեպքի վերաբերյալ հոդվածի տակ Ջիվանը մեկնաբանություն է գրել՝ փորձելով հանրությանը համոզել, թե ինքը  դեպքի հետ կապ չունի, իսկ Արթուր Հակոբյանն ի սկզբանե էլ «տարօրինակություններ» է ունեցել:       

«Վերադարձ  Հայաստան» հիմանդրամի միջոցով, ծառայելու նպատակով հայրենիք  վերադարձած Արթուրը բանակ է զորակոչվել 2015-ի հունվարին: Մորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը,  վստահեցնում է.  տղան առաղջական որևէ խնդիր չի ունեցել, պարզապես  Ջիվան Մկրտչյանն և Պաշտպանության նախարարությունը  փորձում են տղային այդ վիճակին հասցնելու մեղքն իրենց վրայից գցել ու ցույց տալ, թե խնդիրը տղայի մոտ ի սկզբանե է եղել:       
Մորաքույրը պատմում է, որ երբ հանդիպել է ՊՆ գեներալներից մեկի հետ, վերջինս հարցրել է, թե արդյոք Արթուր Հակոբյանի գեներում հոգեկան առողջության հետ կապված խնդիր կա՞: 

Բացի այդ՝ նախարությունից պնդում են, որ թե շուրջ երեք օր Արթուրը, հոգեկան առողջության հետ կապված  խնդիրներ ունենալու պատճառով, զորամասի բուժկետում պառկած է եղել, որից հետո նոյեմբերի 7-ի երեկոյան տեղափոխվել է  Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ, մինչդեռ տղայի մորաքրոջ պնդմամբ՝ ՊՆ-ն ճշմարտությունը  չի հայտնում, քանի որ ինքը զարմիկի հետ  նոյեմբերի 6-ին մի քանի անգամ  խոսել է, նրա հետ ամեն ինչ կարգին է եղել:          
Ռիտա Հակոբյանը վստահեցնում է. խմած վիճակում գտնվող Ջիվան Մկրտչյանը տղային ծեծի է ենթարկել նոյեմբերի 6-ի, լույս 7-ի գիշերը, երբ նա ընկերոջ հետ դուրս եկած է եղել ծխախոտ գնելու:       

«Հիմա ընկերը վախենում է խոսել, բարձրաձայնել, թե իրականում ինչպես է տեղի ունեցել դեպքը, նրա նկատմամբ էլ պաշտպանության միջոց են կիրառել ու տեղափոխել այլ զորամաս»,- ասաց մորքույրը:       

Զարմիկի՝ հոսպիտալում գտնվելու մասին Ռիտա Հակոբյանը  պատահաբար է իմացել ու գնացել այնտեղ:       

«Մտա բժշկի աշխատասենյակ, հետո տեսա, որ Արթուրին,  երկու տարեկան երեխայի նման ձեռքերից բռնած, քարշ տալով բերեցին այնտեղ: Այնքան էր մաշված, աչքերը՝ կարմիր, հայացքը՝ սառած, որ չճանաչեցի:  Հետո, երբ մոտեցա, որ փաթաթվեմ, հեռու էր փախչում. ինձ չէր ճանաչում»,- պատմեց մորաքույրը՝ շեշտելով, որ հենց այդ ժամանակ Արթուր Հակոբյանի պարանոցի շրջանում, վնասվածքներ է նկատել, բժշկին հարցրել, թե ինչ վնասվածքներ են,  վերջինս էլ պատասխանել է, թե իրենք ամեն ինչ արձանագրել են:       



Արթուր Հակոբյանը հոսպիտալում


Մորաքույրը, սակայն, տղայի վնասվածքների մասին որևէ արձանագրություն չի  տեսել, կասկածներ ունի, որ գլխի և ոտքի շրջանում ևս հարվածներ է ստացել:       

«Գլխին ձեռք էի տալիս, դնում էր ուսին, որ ձեռք չտամ. երևի ցավում էր, դրա համար էր խուսափում: Ոտքն էլ էր կաղում, բժիշկն ասաց` դա հոգեմետ դեղերից է, բայց  հոգեմետ դեղից պիտի ոտքը քարշ տա՞ր»,- հարցնում է Ռիտա Հակոբյանը:       

Նա հիշում է նաև, թե ինչպես է Արթուրը վախեցել իր իսկ նկարից:       

«Իր զինվորական նկարը տեսավ, վախեցավ համազգեստից, բայց չի ցանկանում որ իր զինվորական գրքույկում գրվի, որ ինքը պիտանի չէ ծառայության»,- պատմեց Հակոբյանը՝ տեղեկացնելով նաև, որ քննիչն իրեն զանգել և զգուշացրել է, որ դեպքի մասին խոսելիս  »չի կարելի» ամեն ինչ պատմել:       

«Ասում է, որ պետք չէր խոսել այն մասին, թե  Ջիվան Մկրտչյանը խմած է եղել: Բայց ես չեմ պատրաստվում լռել, հատկապես, որ քննիչը քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշման մեջ չի ընդգրկել իմ ցուցմունքն այն մասին, որ Ջիվան Մկրտչյանը խմած է եղել»,- ասաց  մորքույրը՝ նշելով նաև, որ զարմիկին չի հաջոցվել փախչել խմած վիճակում գտնվող Ջիվանի ձեռքից:       

«Ասում ա՝ մութ էր մորքուր, չէի կարում ձեռքից փախչեի: Հետո երևի գիտակցությունը կորցրել է, հիշողությունն էլ»,- պատմեց մորաքույրը՝ վստահեցնելով, որ ինքն ամեն ինչ անելու է, որ գործը բացահայտնվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:       

Իրավապաշտան Ժաննա Ալեքսայանը դեպքից հետո այցելել է զինվորական հոսպիտալում գտնվող Արթուր Հակոբյանին:       

«Ակնհայտ  երևում էր, որ նա վախի մեծ զգացում ուներ, ահաբեկված էր և կոտրված, զորամասի բռնի մթնոլորտի հետքը դեռ նրա վրա էր: Սա արտառոց բռնության դեպք է: Այնպիսի բռնություն է եղել, որ մարդու մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել»,- նշեց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ  բանակում բռնության ոչ մի դեպք երբեք չի բացահայտվում և բանակի վերնախավը երբեք չի պատժում հրամանատարական կազմից որևէ մեկին:           

«Անձը, ով բռնություն է գործադրել, դեռևս զորամասում է և, բնական է, որ միայն այս տղայի նկատմամբ չի գործադրում ճնշումներ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը՝ շարունակելով.        

«Զինվորական վերնախավը նախարարի գլխավորությամբ պատասխանտու է  կատարվածի համար: Ինչպես կարելի էր այսպես վարվել մի զինծառայողի հետ, ով կամավոր եկել էր՝ Հայաստանի զինված ուժերում ծառայելու»,- նշեց իրավապաշտպանը:       

Անդրադառնակով Ջիվան Մկրտչյանի կողմից համացանցի միջոցով Արթուր Հակոբյանին պիտակավորելու ջանքերին՝ Ալեքսանյանը նշեց, որ ինքը վստահ է, որ զինծառայողը հոգեկան  առողջության հետ կապված խնդիրներ չի ունեցել, այլ նրան զորամասում են հասցրել ներկայիս վիճակին և սա միակ դեպքը չէ:       

«Ջիվանի նմաններին պետք է բանակից մեկուսացնել՝ զինծառայողների նկատմամբ այսպիսի ոտնձգությունների համար: Ուրեմն բավական չէ, որ այդ տղան վնասվել է, ծեծվել, բռնության ենթարկվել, դեռ մի բան էլ ասում են, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել: Անպատասխաանտու հայտարարություններ են արվում՝ իրենց և Ջիվանի կաշին փրկելու համար»,- ասաց Ալեքսանյանը վստահություն հայտնելով, որ Պաշտպանոթյան նախարարությունը և զինվորական իրավապահները փորձում են մեղքն իրենց վրայից գցել՝ դարձյալ թիրախ դարձնելով շարքային զինվորին:          

Ըստ իրավապաշտպանի՝ Պաշտպանության նախարարությունը պարտավոր է  բուժել և վերականգնել Արթուր Հակոբյանի առողջությունը, ապա ազատել զինվորական ծառայությունից:       

Արաքս Մամուլյան
2928
Print
բանակ
Կոռուպցիան բանակում արյան գին ունի (տեսանյութ) 15.12.2017 | բանակ

Կոռուպցիան բանակում արյան գին ունի (տեսանյութ)

Պաշտպանական ոլորտում առկա կոռուպցիայի դիմաց Հայաստանը չափազանց բարձր գին է վճարում։ Բանակի թերզինումն ու տեխնիկական թերհագեցվածությունը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի դեմ պատերազմում հանգեցրին 800 հեկտար տարածքային կորստի։ Զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր զինվորականներ ու քաղաքացի

զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը 12.12.2017 | բանակ

զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները:Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանությա

1 սպանված և 1 վիրավոր բանակում 11.12.2017 | բանակ

1 սպանված և 1 վիրավոր բանակում

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է բանակում մեկ սպանվածի և մեկ վիրավորի մասին։ 

Ներկայացնում ենք գրառումներն ամբողջությամբ․ Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Պ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: