լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.01.2016 | բանակ

«թող զենք լիներ, թող կռվի մեջ մտներ իմ էրեխեն, բայց զենքը ձեռքին ընկներ»

«թող զենք լիներ, թող կռվի մեջ մտներ իմ էրեխեն, բայց զենքը ձեռքին ընկներ»
19 ամյա Հայկ Բարոյանը զոհվել է 2015թ-ի փետրվարի 28-ին, իր հրամանատարի՝  փոխգնդապետ Արտակ Աղեկյանի հետ միասին ադրբեջանական դիվերսիայի արդյունքում: Հրամանատարը փորձել էր փրկել զինվորի կյանքը և ինքն էլ էր սպանվել: Նրանք նաև համաերկրացիներ են, երկուսն էլ Տաշիրից, 

Հայկի հայրը՝ Գրիգոր Բարոյանը ամեն ինչ արել էր, որ Հայկը զինվորական ծառայությունն անցնի Արտակ Աղեկյանի հրամանատարությամբ, գիտեր նրա հեղինակության և զինվորի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին: 

Հայկ Բարոյանի ընտանիքը նույնպես որդու մահվան մանրամասների մասին տեղեկացել է ադրբեջանական դիվերսիայից  փրկված զինվորներից մեկի վկայությունից: 

«Զինվորի պատմելով, Հայկն ասել է՝ կամանդիր ինձ խփեցին, կամանդիրն էլ հրամայել է դուրս գալ մեքենայից և փախչել դեպի անտառ: Երբ փախել են, մի 10 մետր հեռավորությունից, Հայկս գոռացել էր, որ ինձ կպավ և կամանդիրը հետ է դառել, կամանդիրին էլ են խփել,-այսպես է սկսում իր որդու մահվան պատմությունը  զոհված զինծառայող Հայկ Բարոյանի հայրը՝ Գրիգորի Բարոյանը, ում համար մինչև օրս անպատասխան բազմաթիվ հարցեր են մնացել այդ օրվա դեպքից, որոնց պատասխաները շարունակում է փնտրել ու չգտնել: 

Նա ոչ մի կերպ չի հարմարվել որդու՝ իր անդրանիկ զավակի «անտեղի» կորստյան հետ և  անարդարությունն ու վիշտն ուղղակի քրքրում են նրան: 

«Ինձ անհասկանալի է, երբ սահմանին  ինժիներական աշխատանքներ եք իրականացնում ինչի՞ զենք չի եղել մոտները՝ դա է իմ ցավը: Եթե օրինական լիներ՝ բրոնիժիլետ ու զենք պիտի լիներ իրենց մոտ: Մի հատ ավտոմատ ա եղել՝ դա էլ վիլիսի մեջ գցած: Ես էնտեղ չեմ գնացել, չեմ տեսել,  վկայի պատմածով եմ ասում, հետո որ Հայկը գոռացել է՝ խփեցին, դե ինքն էլ ա երեխա, ուզում ա, որ իրա կյանքը փրկվի, իմ ցավն էնա, ինչի՛ համար անզենք: 

Ինչի՞ բրոնեժիլետ չի եղել, ինչի՞ են էդ կոլխոզի վիլիսը տվել սահմանի վրա: Էդ էրեխեքն էդքան էժան են, էդքան գին չունե՞ն, որ տարել ես սահմանին՝ քո կյանքը, ամբողջ երկրի ապահովությունը պաշտպանեն, եթե բռոնեմեքենա լիներ, մեր զինվորներն ու էդ կամանդիր չէին զոհվի: Նա էլ մեղք է՝ կին, էրկու երեխա է մնացել անտեր: Ո՞վ պահի, 30.000 դրամ թոշակ են տալի, էդ փողով ես մի շաբաթվա դեղ էլ չեմ կարա առնի, ամոթ չէ՞ սենց պետությանը», 

Գրիգորը հուզված է՝ բորբոքված,  իր մեջ կուտակածն է բարձրաձայնում: Ուրիշ լրագրողներ էլ են եկել, պատմել է, բողոքել ու խոսել է որդու կորստյան, անարդարության մասին, սակայն չեն հրապարակել: Նա մեզանից այդ ակնկալիքն ունի, որ իր խոսքը տեղ հասցնեն, որ հասկանան ինչ մեծ է իր վիշտը, որ ինչ զինվոր որդի է կորցրել՝ անմեղ զոհ: 

«Իմ ցավը թող ոչ մեկ չքաշի…էս հաց ուտե՞լ է, էս ապրե՞լ է, մի բրդուճ հաց պտի կտրես՝ արտասուքը հետևից՝ լալով, ողբալով՝ ինչքա՜՞ն, ո՞՜ւմ համար…ինչի՛ համար: Ես ողջ առողջ տվեցի, որ պահեր, պայքարեր մեր երկրի համարը, դուք էլ  ընդեղ թալանե՛ք, թալանո՛վ զբաղվեք… Էսպես պիտի ապրե՞նք, է՞ս էր կյանք…Մի միջոց, որ ըլներ, կառնեի իմ ընտանիքը, կգնայի էս երկրից, մենակ էս երկրից գնայի… որ օրենք չկա, մենակ խախտում են ու խաբում են: Սպասեք, լավ կըլնի, ի՞նչ լավ…ո՞ւր է լավը… 

Եթե փող ունենայի, չէի թողնի, որ էրեխեն բանակ ծառայեր: Եթե փող ունենայի…Ով որ փող չունի, նրանց էրեխեքն են ծառայում, ով նպաստառու է՝ նրանց էրեխեքն են սահմանին՝ աղքատ, հիվանդ: Ինչի էսի պետությո՞ւն է…Նայի գյուղերը՝ դատա՜րկ, արդեն առաջին դասարան էլ չկա…ու դրանով էլ սահման պտի պահեն…Դժվար է ու ամենաառաջինը էս ընտանիքինն է,  դժվարություն ուրիշ ոչ մեկին էլ չկա:, Հա՛, պադումաեշ, մի հատ զինվոր էլ զոհվեց…»: 

Հայրն իրեն անտեսված է զգում, սոցիալապես անապահով, բայց արժանապատվությունն է խոցված: Որդին իր արժանի հետնորդն ու ժառանգորդն էր ու հիմա չկա: 

«Բա ես 18 տարի զինվոր պահեմ, սրբության պես,  մեծացնեմ, որ գնա պայքարի երկրի համար, քո ծերի, երեխեքի, քույրերի, մայրերի համար, սենց պտի պայքարե՞ր…Հա, թող կռիվ լիներ, ես հպարտ կլինեի, կասեի իմ տղեն գնաց կռվի, զոհվավ, բայց անմի՛տ…անցնելիս խփի՛ն: Իմ տղեն ուզում էր գնար բանակ ծառայեր: Ասում էր,պապ, որ ես չգնամ, մյուսը չգնա, ո՛նց կեղնի մեր էրգիր, ասում էր՝ ուր տանեն, կգնամ, Աստծու կամքն է, ես պտի գնամ, ծառայեմ…ու գնաց, ծառայեց: Ես վտանգ չէի սպասում՝ Աստծուն ենք տվել, թող Աստված էլ բերի, Աստծու որդի էր ասում, ինչ իմանար ո՛ւմ ձեռն էր ընկել, ինչի՛ գնաց»: 



Գրիգոր Բարոյանը ադրբեջանական հարձակմանը վկա զինծառայողին անվերջանալի հարցեր է ուղղել, որին ականատես զինվորն էլ պատասխաններ չի ունեցել: 

« Ասում եմ էդ դիվերսիան ո՞նց եկավ, որ մերոնք չտեսան, մի օրում եկա՞ն, մի ժամում եկա՞ն, ասում է չէ՝ 4-ից 6 օր: Մինապատ դաշտ է եղել, 3 կիլոմետր հեռու սահմանից: Բա ո՞նց եկան, թե՝ միները հանել են, դրել են կողք, տակի թելը կապել են, մինչև մեր սահմանը անցել են: Բա,  ո՛նց կարացան խփեն, սպանեն  ու փախնեն: Եթե զենք լիներ մոտները էդ կամանդիրն էլ չէր զոհվի: Զենքով էլի կպառկեր ծառի տակ, անտառի մեջ, մի կերպ կպայքարեր, մինչև մերոնք կգային», փորձում է իրավիճակից ելքեր տեսնել զոհված զինվորի հայրը: Ապա պատմում է, թե ինչպես են հանձնել որդու անկենդան մարմինը: 

« Իմ երեխին ես տեսա՝ տկլոր, որ բերեցին տկլոր՝ մի տեղ չկար, սաղ քրքրած էր Էնքան էին գրանատ գցել մեքենայի վրա, իմ երեխու վրա…՝: Սպանելուց հետո մոտեցել են, կանտռոլնի գլխից են խփել երկուսին էլ՝ Հայկին էլ, Արտակին էլ: Արտակի պագոններն են կտրել, տարել: Բա ո՞ւր են մեր պաշտպանության նախարարությունը,  ասում են՝ մեր սահմանները հուսալի ձեռքերում են, բա ո՞ւր է էդ հուսալին: Թող զենք ըլներ, թող կռվի մեջ մտներ իմ էրեխեն, ես գոհ ու շնորհակալ կլնեմ մեր պետությունից, որ իմ էրեխեն զենքով կռվավ՝ մեռավ իր մահով, թե հերոսի, բայց զենքը ձեռին ընկավ: 

Չխոսաս ցավ է, խոսաս էլի ցավ է…ոնց անես ու չես կարում մոռանաս ցավը…ցավն ի՛մն ա… 2.400.000 փող ես տվե, հա՛, թող իրենց զավակները մեռնեին, էդ էրկու միլիոնի տեղը տաս միլիոն տանեի, տայի իրենց, թող տանեին, թաղեին: Սկի գերեզմանի փող չէր: Ամոթ է էս պետության համար, ամոթ» : 

Փոխգնդապետ Արտակ Աղեկյանի և շարքային Հայկ Բարոյանի աճյունները դրվել են Տաշիր քաղաքի նորակառույց եկեղեցում, որը կառուցվել է մեծահարուստ Սամվել Կարապետյանի միջոցներով: Զինվորի հայրը մերժում է այս կառույցները, երբ դեռ բանակում շատ անելիքներ կան զինվորի կյանքն ապահովելու համար: 

«Մեր վարչապետ, մեր մեծամեծներ եկեղեցի են կառուցում, սրանով խոնարհվեք, կամ սրանով գոյատևեք: Դա կառույց չէ, դա եկեղեցի չէ:  Եկեղեցին էն ժամանակ կառուցեն, որ եկեղեցու փողերին զենք կամ մեքենա առնեն, էն կոլխոզի վիլիսն էլ սահմանից հանեն, էն տեսակ բան դնեն սահմանի վրա, որ մեր երեխան կուրուստ չլինի, թուրքը չսպանե: 

Ոչ թե եկեղեցի ստեղ սարքի, այլ հիվանդանոց՝ ընդե՜ղ, ողջ պահի զինվորին, 18 տարեկան էրեխեք են, կանաչ կյանք են, էն ծառը որ ծաղկում է…ա՛ն, քեզ տապոռ տամ, դու կըռնա՞ս էդ ծառին խփես, կտրես, չե՛ս, կտրի, կասես՝ մե՛ղք է, ծաղիկն արդեն տվել է, պտուղ է տալու: Մերոնք դա չեն հասկանում, մերոնք իրենց անունն են փառաբանում: 

Եթե իր էրեխեն  ծառայեր, ինքը ընդեղ մեքենաներ կուղարկեր, զենք էլ կուղարկեր, պռադուկտն էլ կուղարկեր, եթե իրա երեխեն ուրիշ տեղ է, իրա տեղը իմ երեխեն է, աղքատ ու նպաստառու խեղճի, էն որ օրվա հացի կարոտ : Նրա էրեխեն է գնացել սահմանի վրեն պայքարել, պարզ չէ, որ դու նրան հաշվի էլ չես առնում, երես էլ կթեքես»: 

Երբ հեռանում ենք Բարոյանների ընտանիքից, հայրը ցույց է տալիս վերանորոգված տան պատերը՝ «Հայկիս ձեռքի շնորհքն է»: 

Ժաննա Ալեքսանյան

Տեսանյութ՝Թեհմինե Ենոքյան

3401
Print
բանակ
Կոռուպցիան բանակում արյան գին ունի (տեսանյութ) 15.12.2017 | բանակ

Կոռուպցիան բանակում արյան գին ունի (տեսանյութ)

Պաշտպանական ոլորտում առկա կոռուպցիայի դիմաց Հայաստանը չափազանց բարձր գին է վճարում։ Բանակի թերզինումն ու տեխնիկական թերհագեցվածությունը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի դեմ պատերազմում հանգեցրին 800 հեկտար տարածքային կորստի։ Զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր զինվորականներ ու քաղաքացի

զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը 12.12.2017 | բանակ

զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները:Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանությա

1 սպանված և 1 վիրավոր բանակում 11.12.2017 | բանակ

1 սպանված և 1 վիրավոր բանակում

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է բանակում մեկ սպանվածի և մեկ վիրավորի մասին։ 

Ներկայացնում ենք գրառումներն ամբողջությամբ․ Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Պ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: