լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
2.02.2018 | բանակ

Հայկ Խաչատրյանի ընտանիքին չեն հայտնում նրա մահվան հանգամանքները (տեսանյութ)

Հայկ Խաչատրյանի ընտանիքին չեն հայտնում նրա մահվան հանգամանքները (տեսանյութ)
Ասկերանի N զորամասի կրտսեր սերժանտ, կապավոր, 19 տարեկան Հայկ Խաչատրյանը մահվանից առաջ բջջային հեռախոս էր գնել: Տուն է զանգել: «Ասեց՝ գնում եմ կապը սարքելու: Կգամ, կզանգեմ, ճամփես չսպասես: Առաջին ու վերջին զանգն էր», - հիշում  է զոհվածի մայրը՝ Սառա Վարդանյանը:     

2017 սեպտեմբերի 1-ին Արցախի ՊԲ-ն հաղորդեց. «Ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը»: ԱՀ նախագահ Բակո Սահակյանը նույն օրը Հայկ Խաչատրյանին ԼՂՀ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալ պարգևեց։ 

Գուսանագյուղի գյուղապետն է առաջինը բոթը հասցրել Խաչատրյաններին՝ Հայկի հորը, գազել քշող Գագիկին կանչելով գյուղապետարան՝ թե զինկոմն է ասել, որ գա:

«Շուտ հետ եկավ գյուղապետարանից, գազելով կանգնեց դռանը: Ասեցի՝ Գագո, ինչ ա եղել: Լաց էր լինում: Ասեց՝ տներս ա ավերվել: Ես ոչ մի բան չէի հասկանում, թե մեր տները ինչու են ավերվել: Ասեց՝ Հայկը ականի վրա է բարձրացել: Զինկոմն իրա ավտոյով հետևից գալիս էր:  Իմ տեքոր տղեն ու իմ մյուս տղես հելան՝ կանգնացրին ավտոն: Զինկոմի կողքի տղեն ասեց՝ աղբերդ էլ չկա, մինի վրա է հելել: Տղերքս ուշաթափվեցին երկուսն էլ շոշի մեջտեղը: Շտապօգնությունը հասավ, երեխեքին տարան: Մի վարկյանում էս ի՞ն չ եղավ, էս ի նչ փուլ եկավ, երկրաշարժ էր, մեր տան երկրաշարժը: Մինչև օրս չենք հասկանում, որ Հայկ չկա: Էս բոլորը շոու է, պիտի վերջանա, իմ Հայկը գա տուն», - Սառան խոսում է արտասվելով ու ժպտալով միաժամանակ:  

Դեկտեմբերին պաշտպանության նախարարության «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում զոհված սերժանտի տուն մի կուրսանտ է եկել, կարմիր տուփով քաղցրավենիք է բերել: 

Հայկի մահվան շուրջ տարբեր խոսակցություններ կան, մեկը մյուսից անհավանական: Մի վարկածի համաձայն, որը տարածվել է գյուղում, Հայկն ինքն է մեղավոր, սեփական անզգուշության զոհն է:  Գուսանագյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանն է այն բարձրաձայնել տեղի «Ցայգ» հեռուստատեսությամբ: «Ինքը մի հատ բլուր է բարձրացել, հետի ընկերը ասել է՝ Հայկ ջան, էդ բլուրի վրայից թուրքերը կտեսնեն, կարող է սնայպերը աշխատի քո վրա, ներքև իջի: Երեխեն շրջադարձ է կատարել, որ ներքև իջնի, սայթաքել է փոքր բլրի վրայից և ընկել է մինապատ տարածքը»:  «Մեր երեխան դեբիլ չէր, հասկացող մարդ է», - ասում է Հայկի հայրը: Մյուս վարկածի համաձայն, Հայկը գնացել է կապի մալուխը նորոգելու, չի նկատել, թե ինչպես է ականին դրել ոտքը: 

Երրորդ էլ «հատուկ առաջադրանքի» վարկածն է: 



Գագիկ Խաչատրյանը բացահայտել է, երբ մեկնել է Արցախ, որ ծաղիկներ դնի այն տեղում, որտեղ մահացել է Հայկը: Նա պարզել է, որ որդու մարմինը ընկած է եղել նեյտրալ գոտում: «Ինձ ներկայացնում էին, որ Հայկն ու հետի զինվորը գնացել, սարքել են լարերը ու հետ են եկել, Հայկը շեղվել է ճանապարհից, ընկել է մինի վրա: Բայց ես անձամբ գնացել եմ, տեղը տեսել եմ, տեղ սայթակելու հնարավորություն չկա: Ի՞նչ գործ ուներ երեխան նեյտրալ գոտում, որտեղ լարեր, պրովուդներ չկան: Ինձ բացատրեցին, որ նա առաջադրանք էր կատարում ու վերջ,  դժբախտ պատահար է»: 

Գագիկ Խաչատրյանը զննել է դեպքի վայրը: Հայկի «կասկան»՝ սաղավարտը, դեռ նույն տեղում է: Սաղավարտից այն կողմ նա ռեզինե սապոգներ է հայտնաբերել: Նրան բացատրել են, որ դրանք նախորդ անգամ այս նույն տեղում ականի պայթյունից մահացած զինվորին էին պատկանում: Գագիկ Խաչատրյանը ենթադրում է, որ որդին թշնամու սահմանը հատելու առաջադրանք է ստացաել, որի մասին ոչ ոք չի ցանկացել իրեն պատմել: 

Հայկ Խաչատրյանի մահվան վկայականում գրված է. «Գանգի, նստատեղի ձախ կեսի և աջ վերին վերջույթի պայթյունային վիրավորումներ»: Չի բացառվում, որ գլխի վիրավորումը նեյտրալ ականապատ գոտում հայտնված զինծառայողը ստացել է թշնամու կրակոցի հետևանքով: Զինվորը, որի հետ Հայկ Խաչատրյանը գնացել է առաջադրանք կատարելու, ձեռքերի և ոտքերի այրվածքներ է ստացել: Նա Հայկի ծնողներին կատարվածի մասին ոչինչ չի  պատմել:   

Հայկ Խաչատրյանը միակն է ականապայթյունային վնասվածքներից մահացածներից, ում ընտանիքներին Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամը տրամադրել է միանվագ հատուցում՝ տաս մլն դրամի չափով և ամսական 200 հազար դրամ, որը ընտանիքը ստանալու է 25 տարվա ընթացքում: Ընդհանուր գումարը կկազմի 58 մլն դրամ:  

«Իրենք ասում են՝ Հայկը շատ ուժեղ գործ է կատարել, բայց չեն ասում, թե ինչ», - նկատում  է Հայկի հայրը:  

Հիմնադրամի  հոգաբարձուների  նախագահ Վիգեն Սարգսյանի ստորագրությամբ նամակ է ստացել ընտանիքը, որում հետևյալ տողերը կան. «Այս փոխհատուցումն ընդունեք իբրև … հարգանքի համաժողովրդական դրսևորման, խոնարհումի, ինչպես նաև ազգ-բանակ համախմբվածության գրավական»: 

Տնեցիները ստացված գումարից ցանկացել են հագուստ, իրեր  գնել Հայկի եղբոր՝ Ղուկասի համար: Նա հրաժարվել է «եղբոր մահվան փողով» գնված նվերներից:  

Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի ականապայթյունային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները: Հ.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով  քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով: 


Սյուզան Սիմոնյան
4142
Print
բանակ
Զինծառայող Հովսեփ Գրիգորյանի մահվանից հետո (ֆոտոշարք) 19.02.2018 | բանակ

Զինծառայող Հովսեփ Գրիգորյանի մահվանից հետո (ֆոտոշարք)

Հունվարի 27-ին Արցախում զոհված զինծառայող, 20-ամյա Հովսեփ Գրիգորյանի մայրը՝ Արմինե Ավետիսյանը, կարող էր իր միակ որդուն&

Հրամանատարը գիշերով զինվորներին արթնացրել է, շարել է դրսում և ստիպել է տառեր սովորել (տեսանյութ) 19.02.2018 | բանակ

Հրամանատարը գիշերով զինվորներին արթնացրել է, շարել է դրսում և ստիպել է տառեր սովորել (տեսանյութ)

Հունվարի 27-ին Արցախում զոհված զինծառայող, 20-ամյա Հովսեփ Գրիգորյանի մայրը՝ Արմինե Ավետիսյանը, կարող էր իր միակ որդուն  պահել Ռուսաստանում, որտեղ ապրում էր 10 տարուց ացելի, չտար պետությանը: Բայց նա հետ բերեց Հովսեփին Հայաստան, ծննդավայր Սպիտակ, հավատալով, որ լավ է ծառայել հայկակ

49-ամյա սպային փոխհատուցում տրամադրելու փոխարեն պետությունը նրա դեմ քրեական հետապնդում է սկսել (տեսանյութ) 16.02.2018 | բանակ

49-ամյա սպային փոխհատուցում տրամադրելու փոխարեն պետությունը նրա դեմ քրեական հետապնդում է սկսել (տեսանյութ)

Արյունոտ ու արտառոց պատմություն, որի կիզակետում հայտնվել է Հայոց բանակի սպա, լեյտենանտ Երվանդ Խաչատրյանը։ Նախորդ տարվա մարտի 6-ին ծնունդով արմավիրցի զինծառայողը Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետի շրջակայքում ստացել է ականապայթյունային վիրավորում։ Կորցրել է ոտքի թաթը, մար

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: