լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.02.2018 | բանակ

«Ոչ ծառայությունից խուսափել եմ, ոչ էլ կխուսափեմ։ Ուղղակի ուզում եմ իմ առողջականը բուժեն». զինծառայող Արթուր Դավիթյան

«Ոչ ծառայությունից խուսափել եմ, ոչ էլ կխուսափեմ։ Ուղղակի ուզում եմ իմ առողջականը բուժեն». զինծառայող Արթուր Դավիթյան
«Ահավոր թուլություն ունեմ, ցավեր՝ լյարդի ու երիկամի հատվածում։ Զորամասում շատ ենք տանջվում, դրան միանում է սրտիս ցավը, աչքերիս դեմն ա սևանում»,- ժամկետային զինծառայող Արթուր Դավիթյանը տառապում է Ժիլբերի համախտանիշով։ Պարբերաբար վատանում է ինքնազգացողությունը, ծառայության 7 ամիսների ընթացքում արդեն 3 անգամ ուշագնաց է եղել։ 

19-ամյա զինվորի հիվանդությունը ժառանգական է: Արթուրի արյան մեջ բարձրանում է բիլիռուբինի մակարդակը, պարբերաբար մեծանում է փայծախը, փոքրանում՝ երիկամը։ Այս երկու լուրջ հիվանդություններն անհամատեղելի են զինվորական ծառայության հետ։ Սա նաև Մուրացանի Ռազմաբժշկական հանձնաժողովի գնահատականն է։ Արթուրի բանակ զորակոչվելը բարձր բիլիռուբինի պատճառով արդեն մեկ անգամ 6 ամսով հետաձգվել է։ Բայց ի վերջո Կենտրոնական Ռազմաբժշկական հանձնաժողովը նրան զինծառայության համար պիտանի է ճանաչել։ 

Ըստ պաշտպանության նախարարի «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու մասին» հրամանի, եթե արյան մեջ անուղղակի բիլիռուբինը կայուն 25 միկրոմոլ/լիտրից ավելի է, ապա զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև մեկ տարի, որից հետո նշանակվում է կրկնակի փորձաքննություն, ինչը և որոշակի է դարձնում զինծառայողների պիտանելիության հարցը:

Այս հիվանդությամբ տառապողներին չի թույլատրվում գտնվել ցուրտ պայմաններում։ Մինչդեռ Արթուրը մեկ անգամ հասցրել է Օմարի լեռնանցքում՝ 0-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում մարտական հերթապահություն իրականացնել։ Արթուրն իրեն հազիվ է կարողացել հետևել, որ բարդացումներ չլինեն։ 3000 մետրից ավելի բարձրության վրա չկա բժիշկ, և անհրաժեշտության դեպքում հնարավոր է՝ չկարողանա բարձրանալ հենակետ։ 

«Ճանապարհներն ահավոր բարդ ա, էն աստիճանի, որ միամիտ գլուխդ ֆռռաց կամ ոտքդ թեք դրիր, շատ հեռու կգնաս։ Առաջին անգամ որ պոստ էի բարձրանում, իրենց էլ ասեցի, որ չեմ կարա, ասեցին՝ դու պետք ա բարձրանաս։ Ես ճանապարհին էնքան վատացա, որ իմ հետևից երեք հոգի իջան, մեկը զենքս բռնեց, մեկը ցինկերս, բռոնի ժիլետն ու կասկեն, որ ինձ մի կերպ կարողանամ ներս հասցնել»,- ասում է Արթուրը։  

Ինչ նա մեկնել է ծառայության, հայրը՝ Նիկոլայ Դավիթյանը չի թողել պատասխանատու գեթ մեկ պետական հիմնարկ, որ դիմած չլինի։ Ձեռքին Մուրացանի հոսպիտալի տրամադրած բժշկական հետազոտության արդյունքներն են, որոնք վկայում են, որ Արթուրը պետք է չլինի ծառայության մեջ։ 

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ն դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հետամուտ լինել զինակոչիկի առողջական խնդիրների լուծմանը։ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնից արձագանքեցին և Արթուրը երկրորդ անգամ Քարվաճառի զորամասից տեղափոխվեց Վարդենիսի հոսպիտալ։ Մեկ ամիս առաջ նույն հոսպիտալում Արթուրը անալիզներ է հանձնել, ու բժիշկները եզրակացրել են, որ նա ենթակա է ծառայության և հետ էր ուղարկվել զորամաս։

Վարդենիսի հոսպիտալ մեր այցելության պահին Արթուր Դավիթյանին նորից պատրաստվում էին հետ վերադարձնել զորամաս։ Բայց հոր հանկարծակի այցելությունը կանխեց այդ զարգացումը։ Նրա հետևից զորամասը շտապօգնության մեքենա էր ուղարկել։ Առավոտ՝ դեռ լույսը չբացված զինվորից բժիշկներն անալիզ էին վերցրել ու եզրահանգել, որ նա առողջ է ու պիտանի ծառայության։ 

Հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը զինվորի հորը բացատրեց, թե ինչու են այդպես կարծում։ Ըստ նրա՝ փետրվարի 6-ից 8-ը ընկած օրերին Արթուրից երեք անգամ արյան անալիզ են վերցրել։ Արդյունքները եղել են նորմայի սահմաններում՝ մի դեպքում արյան մեջ բիլիռուբինի մակարդակը եղել է 19․1 միկրոմոլ, հետո՝ 17․9 միկրոմոլ և վերջապես՝ 22․1 միկրոմոլ․ 

«Կան մթերքներ, որոնք բարձրացնում են բիլիռուբինի մակարդակը։ Հիմա Արթուրը հաց կերած է, ուզո՞ւմ եք արյունը հետազոտենք բիլիռուբինի մակարդակը ստանանք 30 միկրոմոլ»,- հանգստացրեց գնդապետ Հովհաննիսյանը։ 

Զինվորի հայրը՝ Նիկոլայ Դավիթյանը նրան հիշեցրեց, որ որդին երեք անգամ ուշագնաց է եղել, ինչը նշանակում է՝ խոսքը առողջական լուրջ խնդրի մասին։ Նրա պահանջով՝ Արթուրի արյան մեջ բիլիռուբինի մակարդակը կրկին չափվեց, այս անգամ ստացվեց միանգամայն նոր արդյունք՝ 7 միկրոմոլ, ինչը նորմայի սահմանից՝ 20-25 միկրոմոլից, էականորեն ցածր է։ Սա հոր մոտ հարուցեց նոր կասկած․

«Մեկ ամիս առաջ արյան մեջ բիլիռուբինի մակարդակը ցույց է տվել 36․9 միկրոմոլ, հիմա ո՞նց կարող է ցույց տալ 7 միկրոմոլ։ Մուրացանի հոսպիտալի և ձեր հոսպիտալի հետազոտությունների տվյալների մեջ սար ու ձորի տարբերություն կա։ Սա նորմալ չէ, միգուցե Արթուրն ունի հիվանդություն, որի մասին տեղյա՞կ չենք։ Ինչպե՞ս կարող է այսպիսի բարձր տատանում լինել»,- հարցրեց զինծառայողի հայրը։ 

Բժիշկ Հովհաննիսյանը կրկին հանգստացրեց ծնողին, ասելով, թե համաձայն Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի և գենետիկ փորձաքննության՝ Արթուրի մոտ բարորակ հիպերբիլիռուբիմիա է։ «Հիմա մենք ունենք երեխաներ, որոնք Ժիլբերի համախտանիշ ունեն ու էլի ծառայում են։ Իմ պրակտիկայում չեմ հիշում, որ զինվորը Ժիլբերի համախտանիշ ունենա ու զորացրեն»,- նշեց Երվանդ Հովհաննիսյանը։ 

Ըստ Վարդենիսի հոսպիտալի հետազոտության արդյունքների՝ նորմայի սահմաններում են գտնվում նաև Արթուրի փայծախը, երիկամը և լյարդը։ Մեր ներկայությամբ և հոր պահանջով հոսպիտալի բժիշկները մի քանի անգամ չափեցին նաև նրա երիկամը։ Արդյունքները հիմնականում ցույց տվեցին նորմայի սահմաններում, միայն մեկ անգամ երիկամի չափս արձանագրվեց 10 սանտրիմետր, ինչն այդ օրգանի փոքրանալու մասին է խոսում․ Հետազոտությունն անցկացրած բժիշկը երիկամի տարբեր չափերն արձանագրելը բացատրեց այն տարբեր դիրքերից չափելու պատճառաբանությամբ։ 

Զինվորի հայրը՝ Նիկոլայ Դավիթյանը կրկին անվստահություն հայտնեց Վարդենիսի հոսպիտալի տրամադրած արդյունքների նկատմամբ։ Հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը որոշեց հաջորդ շաբաթ Արթուր Դավիթյանին կրկին ուղարկել Մուրացանի հոսպիտալ, որտեղ կչափվեն նրա արյան մեջ բիլիռուբինի մակարդակը, փայծախի, լյարդի ու երիկամի չափերը։ Զինծառայողի հայրը հույս ունի, որ գոնե Մուրացանում տղան լիարժեք հետազոտությունների կենթարկվի, ու ինքը վերջնականապես կիմանա, արդյո՞ք Արթուրը ունակ է շարունակել ծառայությունը, թե ոչ։ 

Վարդենիսի հոսպիտալ մեր այցելության պահին Արթուրի մաշկը դեղնավուն տեսք ուներ։ Ցավեր ուներ երիկամի հատվածում։ Հիշում է, որ բանակում ուշաթափություններից առաջինը երդմնակալության օրն էր՝ Դադիվանքում, երկրորդն արդեն՝ զորամասի ճաշարանում․ 

«Նարյադն էինք փակում, թեթև գործ էի անում, ծանր գործ դրանից մի ժամ առաջ էի արել, զգացի, որ լյարդս ահագին ծակում-թողնում ա, հետո աչքերիս դեմը սևացավ, փորձեցի գնալ ծանոթ տղայի մոտ, չհասցրեցի ու ընկա»,- Forrights.am-ի հետ զրույցում ասում է զինծառայողը։ 

Անմիջապես օգնության են հասել ծառայակիցները, ֆերշերն ուղեկցել է բուժմաս։ Անձնակազմի գծով հրամանատար, գնդապետ Եղիկյանին զեկուցվել է պատահածի մասին, Արթուրը պնդում է, որ սպաներից որոշներն իրեն «սաչոկ» են համարում, կարծելով, թե իրականում հիվանդ չէ։

«Ոչ ծառայությունից խուսափել եմ, ոչ խուսափում եմ, ոչ էլ կխուսափեմ։ Ուղղակի ուզում եմ իմ առողջականը բուժեն, եթե ոչ պիտանի եմ, թող զորացրեն, թողնեն ազատ»,- ասում է զինծառայող Արթուր Դավիթյանը։  

Ի դեպ, զինծառայողի հայրը՝ Նիկոլայ Դավիթյանը երկար ժամանակ չէր կարողանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից ստանալ որդու հետազոտության փաստաթղթավորված արդյունքները։ Հայրն այժմ ձեռք է բերել դրանք: Դա նրան թույլ կտա հետագայում առավել փաստարկված պայքարել որդու առողջության համար։ 


Ռոբերտ Անանյան
3989
Print
բանակ
Վիգեն Սարգսյանը քաջալերում է ապօրինությունները 19.04.2018 | բանակ

Վիգեն Սարգսյանը քաջալերում է ապօրինությունները

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գտնում է, որ ինքը կարող է զբաղվել նաև ներքաղաքական հարցերով, ցուցումներ տալ ընդդիմությանը, ծափահարել ոստիկանությաւնը, Կարմիր գծեր սահմանել ընդդիմության և փողոցով քայլող ժողովրդի համար: 


 Զինծառայողը ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել 18.04.2018 | բանակ

Զինծառայողը ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել

Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը:  

Դեպքի մանրամասները պարզ

Զինծառայողի մահվան դեպքով քրեական գործը հարուցվել է սպանության հոդվածով 16.04.2018 | բանակ

Զինծառայողի մահվան դեպքով քրեական գործը հարուցվել է սպանության հոդվածով

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ:  
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: