լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.02.2018 | բանակ

49-ամյա սպային փոխհատուցում տրամադրելու փոխարեն պետությունը նրա դեմ քրեական հետապնդում է սկսել (տեսանյութ)

49-ամյա սպային փոխհատուցում տրամադրելու փոխարեն պետությունը նրա դեմ քրեական հետապնդում է սկսել (տեսանյութ)
Արյունոտ ու արտառոց պատմություն, որի կիզակետում հայտնվել է Հայոց բանակի սպա, լեյտենանտ Երվանդ Խաչատրյանը։ Նախորդ տարվա մարտի 6-ին ծնունդով արմավիրցի զինծառայողը Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետի շրջակայքում ստացել է ականապայթյունային վիրավորում։ Կորցրել է ոտքի թաթը, մարմնի տարբեր հատվածներում բեկորային վնասվածքներ ստացել։ 

49-ամյա սպային փոխհատուցում տրամադրելու փոխարեն պետությունը նրա դեմ քրեական հետապնդում է սկսել։ Երվանդին այս պահին 2-ից 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, ինչն առաջացել է անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով եւ հանգեցրել է ծանր հետևանքների։ Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Մինչդեռ ինքը՝ Երվանդը պնդում է, որ քրեական հետապնման է ենթարկվում, որպեսզի իրավունք չունենա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից դրամական փոխհատուցում պահանջել։ 

Երվանդ Խաչատրյանը Forrights.am-ի հետ զրույցում հիշում է պատմությունը․ իր մեղքով չէ, որ ականը պայթեց ոտքերի տակ։ Թանձր մառախուղն ու անտեսանելիությունը արցախա-ադրբեջանական սահմանում մեծացրել էր դիվերսիոն ներթափանցման փորձի վտանգը, ինչն զգում էին հատկապես Թալիշի ուղղության հենակետերում։ Դասակի հրամանատար լեյտենանտ Խաչատրյանը երկու մարտական հենակետի պատասխանատուն էր և որոշում է անձամբ ստուգել սահմանի անառիկությունը։ Կապում է զենքն ու զրահը, և մեկ այլ զինծառայողի ուղեկցությամբ գնում է միջդիրքային տարածքը դիտարկելու։ 

Ճանապարհին զինվորականներին ուղեկցող շունն անհանգստության նշաններ է ցույց տալիս, ինչին զուգահեռ անտառածածկ տարածքի կողմից ոտնաձայներ են լսվում։ Սպան զինվորին թույլ չի տալիս առաջանալ և ինքն է գնում կասկածելի ուղղությամբ։ 

«Հետ դառնալիս ոտքիս մկանին քարի հարված զգացի, ու պայթյունը մեկ եղավ։ Ականը պայթեց, ես մեջքի վրա ընկա, մարմնով պահեցի Ռոլանդին ու բան չեղավ, մենակ աչքերը հող էր լցվել։ Տեսա, որ պայթյունից վերև թռավ ու նորից գետնին ընկավ։ Զենքն ուղղեցի ձայների ուղղությամբ ու կրակեցի»,- պատմում է Երվանդը։  

Ականի պայթյունից րոպեներ անց տագնապով դեպքի վայր են ժամանել դասակի տղաները։ Մի կերպ են վիրավորներին դուրս հանում վտանգավոր գոտուց։ Գումարտակի հացի ուզաիկով տեղափոխվում են Մարտակերտի հոսպիտալ, որտեղ Երվանդը վիրահատվում է։ Ի դեպ, Երվանդ Խաչատրյանի՝ ականի պայթյունից վիրավորվելու մասին ոչ Հայաստանի, և ոչ էլ Արցախի պաշտպանական գերատեսչությունները պաշտոնապես չեն հայտարարել։ 

Երկար ամիսներ պառկելով հիվանդանոցներում, այժմ նա տեղից տեղ շարժվում է միայն ձեռնափայտով․ ոտնաթաթը պրոթեզավորվել է։ 

Լեյտենանտ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը մեկ անգամ արդեն կարճվել է՝ արարքի համար զղջալու հիմքով, սակայն նա ձեռնամուխ է եղել կրկին վերաբացելու, որպեսզի ապացուցի, որ որևէ մեղք չի ունեցել այդ իրավիճակում և մարտական հերթապահության կանոնները չի խախտել: Իր բողոքարկման արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով գործը նորից վերաբացվել է։ 

Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Երվանդ Խաչատրյանը զրկվեց սոցիալական զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից։ Փաստաբան Նորիկյանը երկուշաբթի օրը գրությամբ դիմելու է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, որպեսզի նա Երվանդ Խաչատրյանին շահառու ճանաչելու հարցով դիմի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ 

Հիշեցնենք, որ համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին օրենքի, շահառու կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ մարտական գործողությունների ժամանակ տուժած զինծառայողները։ Նկատենք, որ մարտական գործողություններ են հանդիսանում ոչ միայն բուն մարտական գործողությունները, այլ նաև՝ մարտական հերթապահությունը։ 

Երվանդ Խաչատրյանն, ըստ փաստաբանի, հիմնադրամի շահառու չէր կարող դառնալ, եթե նախապես կանխամտածեր ու կազմակերպեր ականի վրա իր պայթեցումը․ «Երվանդի պարագայում այդպես մտածելը առողջ տրամաբանությունից դուրս կլինի»,- շեշտում է Նորիկյանը։ Ապահովված են ևս երկու կարևոր պայմանները՝ ականը պայթել է 2017 թվականի հունվարի 1-ից հետո, երբ ուժի մեջ է մտել օրենքը, և հակառակորդի հետ անմիջական շփման գծում։  

Փաստաբանն ասում է՝ նախարարին ուղղված նամակով պայքարի երկրորդ ճակատ է բացվում, իսկ առաջինում պայքարը վաղուց է սկսվել։ Չկա հանցակազմ, այդ պատճառով էլ քրեական գործը պետք է կարճվի։ Նորայր Նորիկյանը կասկած անգամ չունի, որ իր վստահորդի գործողություններն իրավաչափ են եղել․ 

«Խիստ վիրավորական ու անընդունելի է, որ Երվանդ Խաչատրյանին փառաբանելու, նրա օրինակը բոլորին ի ցույց դնելու փոխարեն նրա դեմ գործ է հարուցվել։ Քննական կոմիտեի ու զինվորական դատախազության վարքագիծը ոչ այլ ինչ է, քան անձնական վիրավորանք սպայի նկատմամբ»,- ինչն, ըստ փաստաբանի, ունի իր հստակ ենթատեքստը՝ լեյտենանտ Խաչատրյանին զրկել օրենքով նախատեսվող դրամական փոխհատուցումից, որը կազմում է շուրջ 58 միլիոն դրամ։ 

Նախաքննական մարմինը պնդել է, որ Երվանդն անցել է ականապատ դաշտի մասին զգուշացնող ցուցանակը, ինչն անփութությունն է և լեյտենանտի մեղավորության արդյունք։ Մինչդեռ լեյտենանտն ապացույցներ ունի, որ որևէ կանոն չի խախտել, և որ ականը պայթել է մինչև ցուցանակն ընկած տարածքում։ 

«Լավագույն ցանկության դեպքում Երվանդ Խաչատրյանը չէր կարող իմանալ, որ այդ տարածքն ականապատված է։ Հետևաբար, մենք պնդում ենք, որ նա մարտական հերթապահության և զինվորական կանոնադրության որևէ կետ չի խախտել, չի ցուցաբերել անփույթ վերաբերմունք։ Հակառակը, դրսևորել է խիզախ սպային վայել վարքագիծ՝ Երվանդն առաջ է գնացել դեպի վտանգը, ինչի ընթացքում էլ ականը պայթել է»,- նշում է փաստաբան Նորիկյանը։  

Նրա պահանջով կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն և պարզվել, որ այնտեղ ականի մասին տեղեկացնող որևէ նշան առկա չէ։ Ինչը հիմնավորում է զինծառայողի ներկայացրած իրողությունը։  

Ըստ Նորիկյանի՝ տարածքի զննությունը թերի է կատարվել, քանի որ քննիչները չեն մտածել, որ վիրավոր զինծառայողը քաղաքացիական կեցվածք կդրսևորի ու հետամուտ կլինի պաշտպանել իր իրավունքները․ «Մտածել են՝ խելոք կգնա իրենց տուն, իր իրավունքների մասին էլ կմոռանա։ Իրենց համար սառը ցնցուղ էր, երբ Երվանդ Խաչատրյանը սկսեց պայքարել իր իրավունքների վերականգնման համար»։  

Լեյտենանտ Երվանդ Խաչատրյանի դեմ նախաքննական մարմինն օգտագործում է մի փաստաթութ, որտեղ իբր նա խոստովանում է, որ ականը պայթել է իր մեղքով և խնդրում է իրեն ներել։ Երվանդը մեզ հետ զրույցում պնդեց՝ այդ թուղթն ինքը չի գրել, վստահ է, որ մեկ ուրիշի ձեռագիրն է։ Հավանական է՝ քննիչի, որը հոսպիտալ իրեն է այցելել, ու չնայած առողջական ծանր վիճակին, դեպքի վերաբերյալ բացատրություն է վերցրել։ Կասկածելի գրության իրական հեղինակին պարզելու նպատակով փաստաբան Նորիկյանի միջնորդությամբ դատաձեռագրաբանական փորձաքննություն է կատարվում, որի արդյունքները դեռ պարզ չեն։ Նա իր վստահորդի պնդումը արժանահավատ է համարում։ 

Նորայր Նորիկյանը դժգոհ է նախաքննության ներկա ընթացքից, կարծում է, որ տեմպը դանդաղ է և արդյունքում՝ տեսանելի արդյունքներ չկան։ 

2016-ի ապրիլյան պատերազմում «Սև հովազ» անունով հայտնի գումարտակի կազմում լեյտենանտ Երվանդ Խաչատրյանը Կուբաթլիի հատվածում թիկունքային աշխատանքներ է կատարել։ Եթե Արցախի ՊԲ-ի ղեկավարությունն իրեն առաջնագիծ ուղարկեր, մեծ հպարտությամբ կգնար։ Պետության արհամարհական վերաբերմունքը լեյտենատին չի ստիպել զղջալ հայրենիքի սահմանների պաշտպանությունը կամովին ստանձնելու որոշման համար․ «Ես գիտակցելով եմ էնտեղ գնացել։ Գիտեի՝ ուր և ինչի համար եմ գնում, ու որ կարող էի հետ չգալ։ Էս վերաբերմունքն ուղղակի ամոթ է մեզ բոլորիս համար․․․»,- խոսքը չի շարունակում՝ հուզվում է։  

Պատմաբանները լեյտենանտ Խաչատրյանի կենսագրությունը թղթին կհանձնեին իբրև հերոս զինվորականի, մարդու, որն անգամ պատերազմի ավարտից հետո չի լքել Արցախը․․․ 


Ռոբերտ Անանյան
3211
Print
բանակ
Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Նորիկ Սահակյանը հրաժարվեց  ցուցմունք տալ 12.06.2018 | բանակ

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Նորիկ Սահակյանը հրաժարվեց ցուցմունք տալ

2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի կուրսանտ՝ 19-ամյա Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Նորիկ Սահակյանն այսօր դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց: Վերջինս դատարանին հայտարարեց, որ չի պատրաստվում պատասխանել դ

Նոր զարգացումներ զինծառայողի բռնաբարության գործով. նա հրաժարվել է արագացված դատաքննությունից և արցախցի փաստաբանից 12.06.2018 | բանակ

Նոր զարգացումներ զինծառայողի բռնաբարության գործով. նա հրաժարվել է արագացված դատաքննությունից և արցախցի փաստաբանից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում սկսվել է Մարտակերտի զորամասերից մեկում տեղի ունեցած առանձնահատուկ դեպքի շուրջ դատաքննությունը։ Հունիսի 3-ին երկրորդ դատական նիստն էր նշանակված։ Ամբաստանյալը ժամկետային զինծառայող Կ․-ն է, որը փետրվարին, բանակ զորակոչ

Ընտանիքը հերքում է ինքնսապանության վարկածը (ֆոտոշարք) 11.06.2018 | բանակ

Ընտանիքը հերքում է ինքնսապանության վարկածը (ֆոտոշարք)

Կապիտան Հմայակ Հակոբյանին զինվորական կարգ ու պատվով չեն թաղել: Նույնիսկ «մուզվզվոդ» չեն ուղարկել գյուղ՝  զինվորական նվագախումբ, որը, սովորաբար, օրհներգ է հնչեցնում կյանքից հեռացած սպաների պատվին: Պաշտպանության նախարարությունից ոչ ոք չի այցելել Հակոբյաններին, ոչ ոք չի ցավակցել:
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: