լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.02.2018 | բանակ

Հրամանատարը գիշերով զինվորներին արթնացրել է, շարել է դրսում և ստիպել է տառեր սովորել (տեսանյութ)

Հրամանատարը գիշերով զինվորներին արթնացրել է, շարել է դրսում և ստիպել է տառեր սովորել (տեսանյութ)
Հունվարի 27-ին Արցախում զոհված զինծառայող, 20-ամյա Հովսեփ Գրիգորյանի մայրը՝ Արմինե Ավետիսյանը, կարող էր իր միակ որդուն  պահել Ռուսաստանում, որտեղ ապրում էր 10 տարուց ացելի, չտար պետությանը: Բայց նա հետ բերեց Հովսեփին Հայաստան, ծննդավայր Սպիտակ, հավատալով, որ լավ է ծառայել հայկական բանակում, քան օտար երկրում ապրել առանց անձնագրի, առանց փաստաթղթի ու կարգավիճակի, վախենալով դուրս գալ փողոց: « Մտածեցի, ոչինչ, էդ երկու տարին կգնա, կծառայի,կյանքը կկարգավորի, հետ կգա»: 

Հավատ, հավատ մինչև վերջ  

Հետագայում էլ լավատեսությունը չլքեց Արմինեին, երբ Հովսեփին հապճեպ, երկու օրում տարան Արցախ, « Եղնիկներ» կոչվող զորամաս, թեև որպես միակողմանի ծնողազուրկ նա կարող էր օգտվել բնակության վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից: 6 ամիս առաջ, երբ Հովսեփին զորակոչում էին, այդ արտոնությունը դեռ հանված չէր: 

Արմինե Ավետիսյանը հավատում էր նաև, որ իր որդին ընտելացել է բանակային առօրյային, իրեն լավ է զգում: «Ծառայություն է, դժվարություններ կային, բայց ամենադժվար պահը՝ 6 ամիսը, նա անցել էր», - ասում է մայրը: Վերջին անգամ դիրքեր գնալուց որդին նրան ասել էր. «Մի անհանգստացի, ամեն ինչ լավ է, եթե «դեբիլ» չլինես, վտանգավոր չի»:  

Հիմա էլ, երբ որդին այլևս չկա, Արմինեն կրկին հավատում է: Այս անգամ նրա վստահության օբյեկտը զինդատախազությունն է: «Դատախազը մեր շահերն է պաշտպանում պաշտոնապես, նրանք մեր կողմից են» - ասում է Արմինե Ավետիսյանը: 

Զինդատախազը կանչել է զոհվածի մորը  հանդիպման  

Զինդատախազ Վահե Հարությունյանը Հովսեփի մահից հետո իր մոտ է հրավիրել Արմինեին, խոսք է տվել, որ ամեն ինչ կանի գործը բացահայտելու համար:  « Ասեցին՝ խոստանում ենք, որ ամենաօբյեկտիվ ձևով քննություն կանենք, ամեն մարդ կպատժվի: Անձնակազմից արդեն քանի հոգի ազատվել են աշխատանքից, մի քանի հոգի ներկա պահի նստած են», -  համոզված ասում է Արմինե Ավետիսյանը, բայց օրեցօր նրա գլխում կասկածներն ավելանում են: Նախ, որդուն բերել են ճակատից խփված: Դեպքից երկու օր անց քննչական կոմիտեն հաղորդեց, որ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորում է ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Կրակողի անունը չէր նշվում: 

«Բայց ինչպե՞ս կարելի է միամիտ կրակել ճակատի կենտրոնին», - հարց է տալիս մայրը: Զոհվածի հարազատներին կասկածելի է թվում զինկոմիսարիատի տարածած վարկածը՝ թե Հովսեփի ծառայակիցը նրան վախեցնելու նպատակով զենքը դրել է ճակատին և անզգուշորեն կրակել:

Մարտակերտի քննիչը մեկ օրում բացահայտել է սպանությունը 

«Այդ օրը զրուցել են կատակի ձևով, կարող է, ուզել է երեխուն ծնկի բերել, վախացնել», - կրկնում է Արմինե Ավետիսյանը զինկոմիսարիատի տարածած վարկածը: 

Այն շարադրված է Մարտակերտի հատկապես կարևոր գործերի բաժնի քննիչ Ս. Ա. Եղյանի գրությունում, որը թվագրված է 28.01.2018. «Գնդացրորդ Աշոտ Չախալյանը...նույն ջոկի նռնակաձիգ, պարտադիր ժամկետային զինծառայող Հովսեփ Գրիգորյանի հետ դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ, վերցրել է վերջինիս ամրակցված ԱԿՄ տեսակի… ինքնաձիգը, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ շարքային Հ.Կ. Գրիգորյանին վախեցնելու նպատակով մարտական փամփուշտներով լիցքավորված պահեստատուփը ինքնաձիգին ամրացված վիճակում, անհարկի կատարել է լիցքավորում, ինքնաձիգի փողը ուղղել է շարքային Հ.Կ. Գրիգորյանի գլխի ուղղությամբ, հանել պահեստատուփը, և սեղմել է ձգանը»: 

Այսինքն, ստացվում է, որ Հովսեփի մահվան հաջորդ օրն արդեն Մարտակերտի քննիչն ամբողջությամբ բացահայտել է դեպքը և ներկայացրել է ծնողին: 

Զինծառայողներ Հովսեփ Գրիգորյանը և Աշոտ Չախալյանը դեպքի վայրում  միայնակ են եղել: Վարույթ իրականացնող  մարմինը առաջին իսկ օրվանից կենտրոնացել է միակ վարկածի վրա, որի հիմքը կրակողի ցուցմունքներն են: Այլ վարկած չի դիտարկվում:  

«Ո՞նց կարաս ասես «ախպեր» ու հետևից քֆուր անես». հայ-ռուսական տարբերություններ  

Հովսեփ Գրիգորյանը 4 տարեկանից ապրել է Ռուսաստանում: Ընկերություն է արել իր նման Ռուսաստանից ծառայելու նպատակով վերադարձած տղաների հետ: « Նրան զորամասում և այստեղ ռուս էին ասում, - հիշում է զոհվածի մայրը, - ինքը մի անգամ ասեց՝ ցավը նա է, որ ես Ռուսաստանում  հայ եմ, իսկ ստեղ ռուս եմ, ես չգիտեմ, ես ով եմ: Նրա մտածելակերպը ուրիշ էր, շատ տարբերվում էր ստեղի երեխեքի մտածելակերպից: Ինքը ասում էր՝ ստեղ բոլորը էգոիստ են: Ստեղ իրար կասեն ախպեր, մի քիչ հետո վերջին բառերը կասեն: Բայց ախպերը սրբություն ա, ոնց կարելի է ռազբորկաների մեջ օգտագործել էդ բառը ու հետո քֆուր անել: Ես իրեն սովորեցրել էի, որ միշտ իրեն դներ դիմացինի տեղը: Միշտ ասում էր мне очень тяжело жить после этих слов: Այստեղ ամեն մեկն իր համար էր»: 

Որդին պատմել է մորը, որ լարված հարաբերություններ է ունեցել իր հրամանատարի հետ: Հրամանատարը զինվորներին ստիպում էր, որ զինվորի պարտականություններն էր սովորեցնում՝ կիրառելով դաժան «ուսումնական մեթոդներ», նվաստացնելով «ռուսաստանցիներին» մյուս զինծառայողների առաջ, նրանք հայերեն դժվարությամբ էին կարդում: 

«Հրամանատարը ստիպել է, որ գիշերային ժամերի հաշվին սովորեն զինվորական պարտականությունները», - պատմում է Արմինե Ավետիսյանը, - Գիշերը քնից հանել է, քնի հաշվին երեխեքին դաժանորեն դուրսը ցրտին կանգնեցրած ստիպել է բառեր սովորել, ասելով՝ չեք քնի, մինչև չսովորեք բառերը»: «Եղնիկներից» Ավետիսյանների տուն եկած զինվորականները հայտնել են, որ հրամանատարին երկու շաբաթ առաջ փոխել են:

Անզգուշությամբ, թե դիտավորությամբ պատճառված մահ. չփարատված կասկածներ  

Արդյո՞ք հրամանատարի փոփոխությունը պատահականություն է, արդյո՞ք կապված չի եղել տեղի ունեցած սպանության հետ: Հովսեփի տատիկը՝ Մարիետա Հովսեփյանը կարծում է, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է: «Ես ծառայողներից խոսակցություն եմ լսել, որ սպանողը տարիքով մարդ ա եղել, զինվոր չի եղել>>, - ասում է նա, չհավատալով զենքով վախեցնելու, անզգույշ կրակոցի մասին պատմությանը: «Հավատալու բան չի», - ասում է:  Զոհվածի քեռին, Արկադի Ավետիսյանը, նույն կարծիքի է. «Մանուշակ մանկապարտեզն էր, ի՞նչ է: Տարի ու կես ծառայող տղեն ոնց կարա զենքը «ստաժոր» ընկերոջ գլխին դնի, խաղ անի», - ասում է նա: 

Զենքի հետ վարվելու կանոնների խախտման համար մեղադրվող Աշոտ Չախալյանի  հարազատները ընտանիքին չեն այցելել: 

Սոցապ նախարարությունը ընտանիքին 1 մլն դրամ է հատկացրել հուղարկավորության ծախսերի համար: Հովսեփին հողին հանձնելիս, նրա մարմինն ամբողջությամբ ծածկել են եռագույնով:  



Սյուզան Սիմոնյան
11231
Print
բանակ
Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Նորիկ Սահակյանը հրաժարվեց  ցուցմունք տալ 12.06.2018 | բանակ

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Նորիկ Սահակյանը հրաժարվեց ցուցմունք տալ

2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի կուրսանտ՝ 19-ամյա Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Նորիկ Սահակյանն այսօր դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց: Վերջինս դատարանին հայտարարեց, որ չի պատրաստվում պատասխանել դ

Նոր զարգացումներ զինծառայողի բռնաբարության գործով. նա հրաժարվել է արագացված դատաքննությունից և արցախցի փաստաբանից 12.06.2018 | բանակ

Նոր զարգացումներ զինծառայողի բռնաբարության գործով. նա հրաժարվել է արագացված դատաքննությունից և արցախցի փաստաբանից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում սկսվել է Մարտակերտի զորամասերից մեկում տեղի ունեցած առանձնահատուկ դեպքի շուրջ դատաքննությունը։ Հունիսի 3-ին երկրորդ դատական նիստն էր նշանակված։ Ամբաստանյալը ժամկետային զինծառայող Կ․-ն է, որը փետրվարին, բանակ զորակոչ

Ընտանիքը հերքում է ինքնսապանության վարկածը (ֆոտոշարք) 11.06.2018 | բանակ

Ընտանիքը հերքում է ինքնսապանության վարկածը (ֆոտոշարք)

Կապիտան Հմայակ Հակոբյանին զինվորական կարգ ու պատվով չեն թաղել: Նույնիսկ «մուզվզվոդ» չեն ուղարկել գյուղ՝  զինվորական նվագախումբ, որը, սովորաբար, օրհներգ է հնչեցնում կյանքից հեռացած սպաների պատվին: Պաշտպանության նախարարությունից ոչ ոք չի այցելել Հակոբյաններին, ոչ ոք չի ցավակցել:
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: