լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.07.2018 | բանակ

«Ջուր է ուզել, շշով ջուր են տվել, մեջը մամուռ»․ Զինծառայողին խոշտանգելով, ստիպել են կեղծ ցուցմունք գրել ինքն իր դեմ

 «Ջուր է ուզել, շշով ջուր են տվել, մեջը մամուռ»․ Զինծառայողին խոշտանգելով, ստիպել են  կեղծ  ցուցմունք գրել ինքն իր դեմ
ՊԲ Մարտակերտի զորամասի ժամկետային զինծառայող, Երևանի բնակիչ Կ-ն արդեն 6 ամիս է, ծառայության մեջ է: Բայց զորամասում նա ընդամենը 20 օր է անցկացրել, որոնք նրա անմիջական հրամանատարը՝ նույն զորամասի սպա Գ-ն  վերածել է մղձավանջի: «Ադյալի» մեջ փաթաթել, ծեծել ա տղայիս, 4-ից հինգ օր հետո էլ բռնաբարել ա։ Սկզբում ծեծել ա, հետո բռնաբարել: Զուգարանում կեղտոտելուց տղաս արյուն է տեսել», - պատմել էր  Forrights.am-ին զինծառայողի մայրը: 

Սպան կտրականապես հերքում է բռնաբարության փաստը։ Այն բանից հետո, երբ նա  հայտնել է զորամասի ղեկավարությանը որդու հետ կատարվածի մասին, Կ-ին տարել են ռազմական ոստիկանություն և առանց որևէ հիմքի պահել են 5 ամիս: Նախ՝ որպես տուժող, հետո՝ մեղադրյալ, իսկ վերջերս, իր գործով դատավարության մեկնարկից հետո  նա դարձել է ամբաստանյալ: Այսօր արդեն երիտասարդը խոսում է։ Նա իր փաստաբանին տված բացատրության մեջ զարհուրելի մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչ խոշտանգումների է ենթարկվել ռազմական ոստիկանությունում։   

Ստիպել են կեղծ ցուցմունք գրի ինքն իր դեմ   

Փետրվարին ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցված Կ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով:  Հետագայում սակայն զինվորին ստիպել են հրաժարվել նախնական ցուցմունքներից, ինքն իր դեմ սուտ ցուցմունք գրելլ, գրել, որ ինքը դիտավորյալ զրպարտել է իր անմիջական հրամանատարին: Նրան մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի 333 հոդվածով՝ «Սուտ մատնություն»:  Պարտադրել են հրաժարվել փաստաբանից, հանրային պաշտպան վերցնել, թույլ չեն տվել առանձնազրույց ունենալ մոր հետ: 4 ամիս երիտասարդը գտնվել է անընդմեջ ճնշումների տակ, որոնց մասին ոչ մեկի չի պատմել:   Մինչդեռ սպա Գ-ն ազատության մեջ էր: 

Մեր աղմկահարույց հրապարակումներն այն մասին, թե ինչ վիճակում է 18-ամյա Կ-ն, որին բավարար չէ, որ նվաստացրել են, հիմա էլ դատում են բռնարարքներ կատարած սպայի դեմ սուտ մատնություն կատարելու համար,  պաշտպանության նախարարության հիվանդագին արձագանքին արժանացան։ Մեզ մեղադրեցին ստեր տարածելու, հայկական բանակը վարկաբեկելու համար, վստահեցնելով, որ մեր բանակում բարոյականության մթնոլորտ է տիրում, և հնարավոր չի, որ սպան զինվոր բռնաբարի: Զինծառայողի հուսահատությունն այնքան մեծ էր, որ նա նունիսկ գրություն ուղարկեց մորը.   «Եթե ինձ հետ մի բան կատարվի, մեղավոր ճանաչեք Գ-ին»: Սա թերևս, 18-ամյա երիտասարդի ճսակատագրի ամենահուսահատ պահն էր։     

Կոկորդդ կկրծենք   

Թվում էր, որ բոլորը զինվորի դեմ են, նա կենթարկվի ճնշումների, դատարանում կկրկնի, որ դիտավորյալ զրպարտել է Գ-ին, արագացված դատավարություն կպահանջի, և բանակում ևս մի  չբացահայտված հանցագործություն կունենանք: Բայց հունիսի 3-ի դատական նիստում երիտասարդը անսպասելիորեն հրաժարվեց արագացված դատաքննությունից, հրաժարվեց պարտադրված արցախցի փաստաբանից, իսկ օրերս նաև բացատրություն գրեց իր նախկին պաշտպանին՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանին խնդրանքով, որից հրաժարվել էր քննչական մարմնի ճնշմանը ենթարկվելով։ Երիտասարդը վերջապես իր մեջ ուժ գտավ պատմելու, թե ինչ է կատարվել իր հետ ռազմական ոստիկանությունում։ Պատմում է փաստաբան Հայարփի  Սարգսյանը։   

«Փետրվարի սկզբին, երբ Կ-ն հաղորդում ներկայացրեց իր նկատմամբ կատարված հանցագործության մասին, նրան տեղափոխել են Մարտակերտի ՌՈ։ Այնտեղ 2-3 օր պահել են, և անմարդկային, նվաստավցուցիչ պայմաններ են ստեղծեկ նրա համար․ պետքարանից թույլ չեն տվեկ օգտվել, ջուր է ուզել, շշով ջուր են տվել, որի մեջ մամուռ է եղել։ Երբ նա արդեն չի դիմացել, ուզել է քնել, հոգնած է եղել, մեջքին անընդհատ հարվածել են, որ չքնի: Պատճառաբանել են, որ այդպես են անում, որովհետև պետք է տանեն դատաբժշկի մոտ ստուգման։ Դրա համար նա չպետք է քնի, պետքարան չպետք է գնա։   Դեմքին չեն հարվածել, մեջքին են ձեռքով ուժեղ խփել, որովհետև դեմքին կարող էին հարվածների հետքեր մնային։ 

Այսպես, ծեծի, հոգեբանական ճնշում ների արդյունքում, Կ-ին ստիպել են հրաժարվել նախնական ցուցմունքներից և գրել սուտ ցուցմունքներ։ Նրան նաև սպառնացել են, ասելով՝ եթե չփոխես ցուցմունքներդ, «ձերոնց հետ վատ բան կլինի»։   Փաստաբանը պարզել է նաև, որ Կ-ին ռազմական ոստիկանությունում  2-3 օր պահելուց հետո կրկին  զորամաս են տեղափոխել, որտեղ նրան սպառնալիքներ են տվել «բռնաբարիչի» ընկերները։ Դրանք արտառոց են․ «կոկորդտ կկռծենք», - ասել են Կ-ին։ Այժմ նա պահվում է Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում, որտեղ իրեն կրկին անվտանգ չի զգում։ 

«Այնտեղ պարբերաբար տարբեր զորամասերից զինվորներ են տեղափոխում, և դա անում են այն անձի ընկերները, ում ինքը մատնանշել էր։ Կ-ն ուղղակի չի դիմացել, նա այլ ելք չի ունեցել, քան ցուցմունքը փոխելը։ Նա ոչ մի երաշխիք չի ունեցել, որ իրեն չեն խոշտանգի, եթե չփոխի ցուցմունքները», - ասում է Հայարփի Սարգսյանը։   Նա խնդրում է հաշվի առնել նաև, որ դեպքից 4 ամիս հետո իշխանափոխություն է տեղի ունեցել, և սա համարձակություն է տվել զինվորին։ 

«4 ամիս դեպքից հետո նա չի արտահայտվել, այդ ժամանակ դեռ նախկին իշխանությունն էր, բայց հիմա հույս է արթնացել: 4 ամիս դեպքից հետո նա չի արտահայտվել, դեռ նախկին իշխանությունն էր, բայց հիմա հույս է արթնացել», - նշում է փաստաբանը։ Հուլիսի 3-ի դատական նիստում նա կրկին ստանձնել է Կ-ի պաշտպանությունը և ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար։ Հաջորդ դատական նիստն այս գործով նշանակված է հուլիսի 31-ին։   

 ՊՆ-ում դեռ Սերժի ժամանակներն են   

Պաշտպանության նախարարության վերաբերմունքը արտառոց այս գործով տուժած զինվորի նկատմամբ, սակայն նույնն է, ինչ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը չի էլ ընդունում, որ զինվորի այս դեպքն արտառոց է։   «Մենք օրական 150 ահազանգեր ենք ստանում, և բոլորն էլ մեզ համար արտառոց են», - ասում է նա։ 

Կ-ի մայրը անցած 4 ամիսների ընթացքում պետական տարբեր ատյաններ է դիմել՝ պաշտպանության նախկին և ներկա նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազություն, զինդատախազություն։ Ամենուրեք անտարբերության պատի է դեմ առել։ Այս ընթացքում սրվել են Կ-ի մաշկային խնդիրները։ Նա դեռևս բանակ զորակոչվելուց առաջ ուներ աղիքների խնդիր և խրոնիկական դեմոքսիկոզ, որի պատճառով, ըստ նրա փաստաբանի, նա պետք է ազատվեր բանակային ծառայությունունից։   Սթրեսների, հոգեբանական ծանր ապրումների հետևանքով նա նաև սրտի հիվանդություն է ձեռք բերել։ Նա ստուգումներ է անցել Ստեփանակերտի և Խոջալույի բուժհաստատություններում։ Զինվորական բժիշկներն  ինչ որ անարդյունավետ բուժումներ են կատարել և արձանագրել են․ «լավացում»։ 

Նաև սրտի աշխատանքը ստուգող սարք են տեղադրել, որը չի աշխատել։ Այժմ Կ-ի ամբողջ դեմքը այտուցված է, մաշկը թարախային գոյացություններով պատված, գլխի մազածածկույթը տեղ-տեղ թափված է, բայց ՊՆ-ն չի ցանկանում կատարել Կ-ի մոր պահանջը և քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել զինծառայողին։   ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը ասում է, որ բացասական դինամիկա նրա առողջական վիճակում չկա․    

«Եղել է ծնողի ահազանգը, մենք դրա հիման վրա կապ ենք հաստատել այն կառույցի հետ, որի հսկողության տակ հիմա ինքը գտնվում է, ապահովել է իր տեղափոպությունը բուժհաստատություն, որը տվել է եզրակացություն: Նորից կապ ենք հաստատել, հորդորել ենք, որ պահեն հսկողության ներքո։ Մենք հիմք չունենք չվստահելու մեր մասնագետներին։ Եթե երիտասարդի մոտ կնկատեք բացասական դինամիկա, մենք խնդրել ենք, որ մեր մասնագետները արագ արձագանքեն»։   

Ալիկ Ավետիսյանը, թեև ղեկավարում է պաշտպանության նախարարության մարդու իրավունքների համար պատասխանատու ստորաբաժանումը, անդրադառնալ քրեական գործին, կամ գոնե մտահոգություն հայտնել, թե ինչպես ստացվեց, որ մայրը որդուն ուղարկեց զորամաս, պետության հսկողության տակ գտնվող տարածք, որտեղ երիտասարդը ոչնչացվեց ֆիզիկապես և հոգեբանորեն։ Ալիկ Ավետիսյանը չցակացավ խորանալ իրավական հարցերում, քանի որ «քննություն է գնում»։   

 Սյուզան Սիմոնյան
18709
Print
բանակ
ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին 10.07.2018 | բանակ

ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին

Զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված ու մահացած զինծառայողների հարազատներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկությունների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետո

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց 10.07.2018 | բանակ

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր կրկին հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժան սպանության գործով նիստի քննությունը. 4 մեղադրյալներից մեկի՝ Մովսես Ազարյանը նիստի էր ներկայացել առ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության:  Անբնական երևույթ է բանակ չգնալը» 9.07.2018 | բանակ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության: Անբնական երևույթ է բանակ չգնալը»

Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա իրեն չպետք է թույլ տա: Այստեղ խնդիրն այն է, որ օրենքը չի գործել, և մարդիկ կարողացել են ինչ-որ ձևով խարդախություն անել»,- կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: