լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
23.12.2015 | խոսքի ազատություն

2015-ը լրագրողների նկատմամբ աննախադեպ բռնությունների տարի

2015-ը լրագրողների նկատմամբ աննախադեպ բռնությունների տարի
Սա շատ ծանր տարի էր լրագրողների եւ լրատվամիջոցների համար եւ ծանր էր ոչ միայն այն պատճառով, որ հագեցած էր տարբեր իրադարձություններով, այլ  նրանով, որ այդ իրադարձությունները լուսաբանելիս լրագրողները հանդիպեցին աննախադեպ  ֆիզիկական բռնությունների եւ խոչընդոտումների: Ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ամփոփելով անցնող տարին: 

«Բոլոր տվյալները համադրելով մենք տեսնում ենք, որ այսպիսի տարի, երբ մեկ իրադարձության ընթացքում  լրագրողների նկատմամբ 14 ֆիզիկական բռնության դեպք լինի, ինչպես եղավ հունիսի 23-ին, տասնյակ խոչընդոտումներ լինեն սահմանադրական հանրաքվեի ժամանակ, մենք տեսնում ենք, որ գնալով իրավիճակը վատանում է եւ սրա դեմը պետք է առնել:  Սրա մասին լուրջ պետք է մտածեն եւ իշխանությունները, իրենց իրավապահ համակարգով եւ հանրությունը  եւ ինքը լրագրողական համայնքը: »,- ասում է Մելիքյանը: 

Նա հիշեցնում է, որ հունիսի 23-ին՝ Բաղրամյան պողոտայի դեպքերի ժամանակ տուժել էր 14 լրագրող, սակյան դրա համար մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, այդ իսկ պատճառով այժմ անհեռանկար է կարծել, թե որեւէ մեկը պատասխանատվության կենթարկվի սահմանադրական հանրաքվեի օրը լրագրողների աշխատանքին խոչընդոտելու համար. 

«Որեւէ լավատեսության հիմք չունենք կապված դեկտեմբերի 6-ին լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի ելքի վերաբերյալ: Անցած տարվա իննը դեպքերը որեւէ հետեւանք չունեցան, այս տարվա սկզբի ֆիզիկական բռնության դեպքերը ՝ Մարիոթ հյուրանոցի մոտ տեղի ունեցածը»:   

Մելիքյանը որեւէ նախադեպ չի հիշում, որը հույս կներշնչի, թե իրավապահները մեղավորներին պատասխանատվության կենթարկեն: Սա ընդհանուր մթնոլորտի խնդիր է եւ քանի որ հաճախ հենց իրենք՝ իրավապահներն են խոչընդոտողները, դժվար է պատկերացնել, որ իրենք կպատժվեն: 

«Իշխանության անլուրջ վերաբերմունքը լրագրողների իրավունքները պաշտպանելու հարցում ակնհայտ է, անլուրջ  վերաբերրմունքը խոսքի ազատության պաշտպանության առումով ևս», համոզված է Մելիքյանը: 

Իրավաբան Արա Ղազարյանի խոսքով, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն որոշել է ռազմավարական դատավարություն սկսել եւ խնդիրը տեղափոխել միջազգային ատյաններ. 

«Երեկ Ա1 պլյուսի լրագրող Մարինե Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարան բողոք ենք ներկայացրել եւ հավաքել վիճակագրական տվյալներ 2008-20015-ի ընթացքում Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող փաստեր: Դրանք ունեն իրենց աղբյուրները եւ արժանահավատությունը կասկածի տակ չեն: Վճռաբեկ բողոք ներկայացրեցինք, որ 98 նման փաստեր ունենք, չունենք դրա իրավական հետեւանքը, չունենք քրեական հետապնդում, մեղավորների պատժում: Կամ քրեական գործ չի հարուցվում, կամ հարուցվում է, հետո կարճվում է, չի մտնում դատարան»: 

Ուսումնասիրելով Դատական դեպարտամենտի տարեկան վիճակագրությունը, 2008-ից մինչեւ 2015-ը ընդամենը 1 դեպք են հայտնաբերել, որ 164-րդ հոդվածով քրեական գործ է հարուցվել ու դատարան մտել: Ըստ իրավաբանի, լրագրողների նկատմամբ բռնությունները համարժեք պատասխան չեն ստանում իրավապահ մարմինների կողմից. 

 «164-րդ հոդվածը յուրահատուկ են մեկնաբանում, թե եթե անձը նախօրոք չի ասել, որ ինքը լրագրող է, ուրեմն այստեղ հանցակազմ չկա, նույնիսկ եթե խոչընդոտում են նրա աշխատանքը: Բայց սա սխալ մեկնաբանություն է: Վճռաբեկից ակնկալում ենք, որպեսզի մեկնաբանի 164-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար»: 

Ղազարյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանի դատավորն էլ է զարմացած ասել, որ իր պրակտիկայում էլ երբեք չի հանդիպել 164 հոդվածով գործ. 

«Այդ գործերը նախաքննական փուլից չեն անցնում դատական փուլի: Միջազգային ատյաններում գործում է փաստի կանխավարկած հասկացողություն, եթե ներկայացնում ես փաստերի առատություն եւ 0 արձագանք՝ ինքնըստինքյան ներկայացնում ես, որ այստեղ կա խտրականություն: Մենք այս գործով ասում ենք, որ բավական է, երկար տարիներ արձագանք չի ստանում, խտրական հիմք կա: Վերջնական տուժողը հանրություն է, հանրությունը չի ստանում այն ինֆորմացիան, որը կստանար, եթե չխոչընդոտեին լրագրողի աշխատանքը»: 

Ղազարյանը կարծում է, ռազմավարական դատավարությունները պետք չէ դիտարկել մեկ ամսվա,  մեկ տարվա կտրվածքով, քանի որ դա երկար գործըթաց է. 

«Մենք պետք է փոխենք մի քանի տասնամյակ ձգվող արատավոր պրակտիկան: Դա շատ բարդ հարց է: Որպես գործընթաց, այո, երկար է տեւելու, սակայն չի նշանակում, թե խնդիրը  կլուծվի գործընթացի ավարտին: Գործընթացի ընթացքում ձեւավորվելու է հանրային կարծիք: Ոչ դատարանները, ոչ էլ Կառավարությունը վակուումի մեջ չեն ապրում, նրանք միշտ հասարակական կարծիքի հետ հաշվի են նստում: Երբ  այդ կարծիքը հասնում է որոշակի որակական աստիճանի, փոփոխություններ են սկսում տեղի ունենալ»: 

Անի Գևորգյան
1309
Print
խոսքի ազատություն
դատարանում ուժի գործադրմամբ խոչնդոտվել է լրագրողների աշխատանքը 1.09.2017 | խոսքի ազատություն

դատարանում ուժի գործադրմամբ խոչնդոտվել է լրագրողների աշխատանքը

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում էր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, ուժի գործադրմամբ խոչընդոտվել է «Ա1+» առցանց հեռուստաընկերության թղթակից Ռոբերտ Անանյանի և օպեր

Սարի թաղի դեպքերից 1 տարի անց 31.07.2017 | խոսքի ազատություն

Սարի թաղի դեպքերից 1 տարի անց

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը   

Մեկ տարի առաջ`2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, Երեւանի Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա «Սաս

հարձակման է ենթարկվել լրագրող Սիսակ Գաբրիելյանը 14.05.2017 | խոսքի ազատություն

հարձակման է ենթարկվել լրագրող Սիսակ Գաբրիելյանը

Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբերից մեկում հարձակվել են «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, քաշքշել ու հարվածել նրան։ Լրագրողը նկատել է, որ շտաբ են բերում մի շարք քաղաքացիների, մի քանի րոպե հետո նրանք դուրս են գալիս

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: