լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.02.2018 | խոսքի ազատություն

«Եթե խաղաղ պայմաններում կառավարությունը փակ նիստ է անում, նշանակում է հոգեբանորեն իրեն թշնամական միջավայրում է զգում»

«Եթե խաղաղ պայմաններում կառավարությունը փակ նիստ է անում, նշանակում է հոգեբանորեն իրեն թշնամական միջավայրում է զգում»
Խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր, 1998-2001 թվականներին առողջապահության փոխնախարար աշխատած Արտակ Զեյնալյանը «ժողովրդավարությունից ու իրավական պետությունից նահանջ» է գնահատում ապրիլից կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը: 

«Եթե անկեղծ ենք վերաբերվում ժողովրդավարությանը, նիստի հեռարձակումը չի կարող կաշկանդող լինել»,-նշեց պատգամավորը՝ շարունակելով. «Գուցե պատերազմի ժամանակ ամբողջությամբ չհեռարձակելը կարող է ինչ-որ տեղ արդարացված լինել, բայց եթե խաղաղ պայմաններում կառավարությունը փակ նիստի որոշում է կայացրել, նշանակում է հոգեբանորեն իրեն թշնամական միջավայրում է զգում: Նշանակում է՝ իշխանությունն օտարված է հասարակությունից, չի արտահայտում հասարակության կարծիքը: Անկեղծորեն չի ներկայացնում հասարակությանը իր տեսակետներն ու աշխատանքը. մեկ բան անում է, մեկ այլ բան ներկայացնում»: 

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ «Ելք»-ը բացասական է գնահատում օրինագիծը և այդ առթիվ իր դիրքորոշումն արտահայտելու է դրա քննարկման ժամանակ: 

Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ կառավարության նիստերը դռնփակ կլինեն: Նաև, առանց վարչապետի թույլտվության, կառավարության անդամները չեն կարողանա մանրամասներ ներկայացնել նիստից։ 

«Հանրությունն իրավունք ունի իմանալ, թե ինչպես է իրականացվում պետական կառավարումը, և թե այն իրականացվում է ի՞ր կամքով և ի շահ իրե՞ն: Ուստի փակ նիստեր անելը հակասում է ժողովրդավար կառավարման սկզբունքին»,-նկատեց նախկին փոխնախարար Արտակ Զեյնալյանը: 

Հետաքրքրվեցինք, թե արդյոք իր փոխնախարար եղած ժամանակ լրագրողների ներկայությունը կաշկանդե՞լ է կառավարության անդամներին, ինչպես այսօր պնդում է օրինագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը: Զեյնալյանը բացասական պատասխան տվեց. «Կառավարության նիստերը եղել են հրապարակային: Կառավարությունը կարող էր որոշմամբ դռնփակ նիստեր անցկացնել՝ առանձին որոշումներ ընդունելու համար»: 

Նշենք, որ նախկինում լրագրողները ոչ թե կառավարության մամուլի կենտրոնից էին հետևում կառավարության նիստի ուղիղ հեռարձակմանը, այլ ներկա էին գտնվում կառավարության նիստերի դահլիճում, նաև բնականաբար նախարարներից հարցազրույց վերցնելու որևէ արգելք չկար:

«Եթե կառավարությունը արգելում է, որ ներկա գտնվեն լրագրողները, ապա սա հակասում է տեղեկատվության ազատության իրավունքին, պետական և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքին»,-նկատեց Զեյնալյանը: 

Մինչդեռ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե իրենց անկաշկանդ աշխատելուն ոչ միայն լրագրողներն են խանգարում, այլև յուրաքանչյուր անձ ով հետևում է նիստին և կառավարության անդամ չէ։ «Եթե դուք Ձեր ընտանիքում Ձեր տիկնոջ հետ վիճեք՝ դա մի բան է, իսկ եթե ներկա գտնվի երրորդ անձը, անմիջապես Ձեր վեճը կստանա այլ երանգ»,-հիմնավորել է Հարությունյանը: 

«Կարծում եմ, անհաջող համեմատություն էր կնոջ վեճի հետ օրինակը: Բոլորովին տեղին չի դա: Այն անձնական կյանքին է վերաբերվում, սա հանրային կառավարմանը, որոնք համադրելի չեն»,-նշեց Արտակ Զեյնալյանը: 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը նույնպես անընդունելի է համարում նման համեմատությունը: «Ես զարմացած եմ այդ համեմատությունից, որովհետև կառավարման հարցերը պետք է տարբերել ընտանեկան հարցերից: Ժողովուրդը իշխանություն է ձևավորել, որ կարողանա վերահսկել այդ իշխանության գործունեությունը: Ժողովրդավարությունը նաև այն է, որ ժողովուրդը կարողանա վերահսկել իր քվեով իշխանության հասած պաշտոնյաներ գործունեությունը»,-ասաց ԲՀԿ-ականը: 

«Ինչքան քիչ իմանան մեր մասին, այդքան լավ կարծիքի կլինեն մեր մասին» 

ԲՀԿ-ում դեռ չեն քննարկել կառավարության առաջարկը, և դիրքորոշում չունեն, սակայն խմբակցության պատգամավոր, Սոցապ նախկին նախարար Գևորգ Պետորսյանը դեմ է սահմանափակմանը: 

«Եթե մի պետական մարմին աշխատում է հօգուտ ժողովրդի, ապա ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ իր գործունեությունը չլինի հրապարակային: Ինձ համար դա անհասկանալի է»,-ասաց նախկին նախարարը՝շարունակելով, «Իրենք վկայակոչում են որոշ եվրոպական երկրների, օրինակ Գերմանիայի փորձը, ես էլ էդ վկայակոչմանը հակադարձում եմ, որ այդ դեպքում Հայաստանում ժողովուրդը պետք է նույնչափ վստահի կառավարությանը, որքան Գերմանիայում է: Իսկ Հայաստանում ժողովուրդը չի վստահում կառավարությանը: Եթե կառավարությունը հրաշալի նախագծեր էլ ընդունի դռնփակ, դա մեր ժողովրդի համար կասկածելի է»: 

Ուստի, Գևորգ Պետրոսյանի համոզմամբ՝ մեր իրականության պայմաներում ճիշտ է հնարվորինս հրապարակային աշխատելը:  

Խոսքի և տեղեկատվության ազատության պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները չեն շտապում այդ առթիվ համատեղ հայտարարությամբ կամ այլ նախաձեռնությամբ հանդես գալ: 

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Forrights.am-ի հարցին ի պատասխան ասաց, քանի որ այդպիսի հայտարարություն պոտենցիալ ստորագրողները բազմաթիվ առիթներով արդեն հանրայնացրել են իրենց գնահատականները, դա այս պահին նպատակահարմար չէ և որ հետագայում իրենք կկողմորոշվեն՝ ելնելով զարգացումներից: 

Ըստ նրա՝ նման օրինագծով կառավարությունն առաջնորդվում է՝ «ինչքան քիչ իմանան մեր մասին, այդքան լավ կարծիքի կլինեն մեր մասին» դիրքորոշմամբ։ «Ասել է թե՝ դա ինչ-որ տեղ անուղղակի ճանաչում է, որ կան խնդիրներ կառավարության շատ անդամների մոտ՝ և՛ կոմպետենտության առումով, և՛ չարաշահումներ թույլ տալու առումով, և՛ չհիմնավորված ծախսեր իրականացնելու առումով»,- ասաց Նավասարդյանը։

Ըստ նրա, եթե իշխանությունները շարունակեն այս տրամադրությամբ և այս մտածելակերպով առաջ շարժվել, հաջորդ քայլն իրենց կողմից կլինի նաև լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը։ 

Մարինե Խառատյան
892
Print
խոսքի ազատություն
Անողոք գիլյոտին 27.07.2018 | խոսքի ազատություն

Անողոք գիլյոտին

Աղոթելով անձրևին, պատրաստ եղիր քայլել ջրափոսերի միջով  

Կյանքի իմաստնություն  

Հեղափոխական իշխանությունների բարձր բարոյական լ

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը 28.06.2018 | խոսքի ազատություն

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը

Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան դրական ու հեռանկարային չեն եղել, ինչպես այսօր։ Սրանում իր անուրանալի ներդրումն ունի Պյոտր Սվիտալսկին, որը մեզ ներկայանում է ոչ միայն որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, այլև բարձր արժեքներ կրող ու տարածող գործիչ։ 
«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին 26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց 

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: