լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
3.03.2018 | խոսքի ազատություն

«Լրագրողները ոչ թե շտուրմով են մտել, այլ իրենց հավատարմագրերով». «Ա1+»-ի ղեկավարը «աբսուրդ» է համարում քաղաքապետարանի նամակը

«Լրագրողները ոչ թե շտուրմով են մտել, այլ իրենց հավատարմագրերով». «Ա1+»-ի ղեկավարը «աբսուրդ» է համարում քաղաքապետարանի նամակը
Մինչ ՀՀ Քննչական կոմիտեն քննում է փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առթիվ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դիմում-բողոքը, քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանը բողոք-նամակներ է ուղարկել «Ա1+» հեռուստաընկերություն և «Ազատություն» ռադիոկայան՝ ակնկալելով, որ պատասխանատվության կենթարկվեն այդ օրը քաղաքապետարանում նկարահանումներ կատարած լրագրողներն ու օպերատորները:   

Քաղաքապետարանի ներկայացուցչին զայրացրել է այն, որ այդ օրը լրատվամիջոցները առանց թույլտվության նկարահանել են վարորդների սենյակն ու նրանց թղթախաղի պարագաները: Ուստի Արթուր Գևորգյանը մեջբերել է ԶԼՄ-ների մասին օրենքի 7-րդ կետը՝ պնդելով, որ լրագրողները խախտել են անձնական տվյալների հրապարակման արգելքը և տեսաձայնագրել առանց զգուշացման, ուստի պետք է պատասխանատվության ենթարկվեն: 

Արթուր Գևորգյանից նամակ ստացած «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը «աբսուրդ» է համարում քաղաքապետարանի ակնկալիքը՝ շեշտելով, որ, հակառակը, այդ օրը քաղաքապետարանում լրագրողների աշխատանքն է խոչընդոտվել:   «Խոչընդոտել են լրագրողների աշխատանքը հանրային վայրում, ուստի Արթուր Գևորգյանի պահանջը անհիմն է: Իհարկե, մեր խումբը գտնվել է հանրային տարածքում, որտեղ մտել է ըստ կանոնակարգի: Ոչ թե շտուրմով են մտել քաղաքապետարան, այլ հանգիստ իրենց հավատարմագրերով անցել են և իրենց աշխատանքը կատարել են»,-Forrights.am-ին ասաց «Ա1+»-ի ղեկավարը՝ շարունակելով.    

«Եղել է Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, դա իր խնդիրն է, մեր խնդիրն էլ դա ֆիքսելն է: Մենք ֆիքսել ենք դա և ուրիշ որևէ խնդիր էդտեղ ես չեմ տեսնում: Լրագրողները Զարուհի Փոստանջյանի հայտարարությունն են նկարել, թե տեսեք, էստեղ թղթախաղով են զբաղված: Ես համարում եմ, որ լրագրողն իր պարտքը կատարել է, և կատարել է պատշաճ, որևէ օրենք չի խախտել: Եվ էդ ամեն ինչը, ինչ-որ քաղաքապետարանն ուզում է ներկայացնի, ես համարում եմ աբսուրդ»:     

Քաղաքապետարանից երկրորդ նամակը ստացած «Ազատություն» ռադիոկայանի խմբագրությունից ձեռնպահ մնացին այդ առթիվ մեկնաբանությունից:   

Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ նամակները, որոնք հղվել են քաղաքապետարանի կողմից «Ա1+»-ին և «Ազատությանը», զավեշտալի են, որովհետև հենց ինքը՝ Արթուր Գևորգյանը, որպես քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, փետրվարի 19-ին խոչընդոտել էր երկու լրատվամիջոցների նկարահանման խմբերի աշխատանքը:   

«Այդտեղ հենց ինքը ներողություն էր խնդրել նույն լրագրողներից, որ ստիպված է իրենց դուրս հրավիրել, քանի որ ասում էր, թե կարգ է խախտվել, բայց դա լրագրողների մեղքով տեղի չի ունեցել»,-հիշեցրեց Մելիքյանը՝ հավելելով, որ իրենք հայտարարությամբ Գևորգյանի գործողությունները գնահատել են որպես լրագրողների գործունեության խոչընդոտում և կոչ են արել քաղաքապետին, որ իր աշխատակցին պատասխանատվության ենթարկի:   

Ըստ Մելիքյանի՝ Արթուր Գևորգյանն իր վրա դատավորի դեր է վերցրել և, համարելով, որ լրագրողները խախտել են ԶԼՄ-ների մասին օրենքի 7-րդ հոդվածը, ակնկալում է, որ այդ երկու լրատվամիջոցի ղեկավարները պատասխանատվության կենթարկեն լրագրողներին և օպերատորներին, որոնք այդ օրը քաղաքապետարանում նկարահանումներ են իրականացրել:   

«Կարծում եմ, Արթուր Գևոգորյանը լավ չի ուսումնասիրել ԶԼՄ-ների մասին օրենքը, որովհետև դրանում գրված է, որ լրագրողը իր գործունեության ընթացքում գործում է որպես հասարակական պարտք կատարող անձ և պաշտպանված է օրենսդրությամբ»,-ասաց փորձագետը՝ շարունակելով.   

«Արթուր Գևորգյանը խախտել է ԶԼՄ-ների մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետը, որով արգելվում է լրագրողի աշխատանքը խոչընդոտել և նույն օրենքի հոդվածում, որին նա հղում է կատարում, գրված է, որ մարդու անձնական տվյալների հրապարակումը թույլատրելի է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահի համար: Լրագրողներն այստեղ հանրային շահ և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր են լուսաբանել և որևէ մեկը չի կարող նրանց մեղադրել, որ իրենք օրենք են խախտել կամ լրագրողական էթիկայի որևէ նորմ են խախտել»:   

Մելիքյանն ասում է, որ այն փասատաթղթերը, որոնց վրա հղում են կատարում լրագրողներին քննադատողները և ասում են, որ ինչ-որ կարգ են խախտել, բոլորը ենթաօրենսդրական ակտեր են, որոնք որ ստորադասվում են օրենքներին:   

«Այն օրենքներին, որոնցով կարգավորվում է քաղաքապետարանի գործունեությունը: Իսկ այդ օրենսդրությունը նախատեսում է քաղաքապետարանի շատ ավելի բաց աշխատանք, քանի որ դա տեղական ինքնակառավարման մարմին է: Ուստի լրագրողական վկայականը պետք է բավական լինի քաղաքապետարան մտնելու և տեղեկություններ հավաքելու համար: Եթե թղթախաղով զբաղված էին իսկապես և ուզում էին՝ ոչ մեկը չիմանա, պետք է դուռը փակեին կամ դռան վրա մի ցուցանակ կախեին, որ պետական հույժ կարևոր գործով բլոտ ենք խաղում: Սա իհարկե սարկազմ է, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք, որ սա ՏԻՄ մարմին է և գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում»,-նշեց նա:   

Հարցին, թե քաղաքապետարանի ներկայացուցչի պահանջը կարո՞ղ է կապ ունենալ «Ժուռնալիստների միության» նորընտիր նախագահ Սաթիկ Սեյրանյանի գնահատականի հետ, ով հայտարարեց, թե այդ օրը Զարուհի Փոսանջյանն է կարգ խախտել՝  լրագրողներին առանց անցագրի մտցնելով քաղաքապետարան, Աշոտ Մելիքյանն ասաց.   

«Տվյալ պարագայում Սաթիկ Սեյրանյանը հանդես եկավ որպես քաղաքապետարանի խոսափող, դա ակնհայտ է, և լրագրողների բազմաթիվ արձագանքները դրա մասին են վկայում: Դա, իհարկե, Սաթիկ Սեյրանյանի խղճին թող մնա: Բացի դա, ես մեծ վերապահումով կօգտագործեի Ժուռնալիստների միության նորընտիր նախագահ արտահայտությունը, քանի որ Սաթիկ Սեյրանյանը ոչ լեգիտիմ ճանապարհով է դարձել միության նախագահ»:   

Իսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ Զարուհի Փոստանջյանն բացատրություններ է ներկայացրել իր կողմից ներկայացված բողոքի հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվող նյութերի շրջանակում:    

 Մարինե Խառատյան
1732
Print
խոսքի ազատություն
Չեն կարող իմ պես մարդուն կոտրեն: Ես կարող էի 10 տարի էլ մի խցում մնալ և չկոտրվել: 25.05.2018 | խոսքի ազատություն

Չեն կարող իմ պես մարդուն կոտրեն: Ես կարող էի 10 տարի էլ մի խցում մնալ և չկոտրվել:

«Այսօրվա իմ ազատ արձակվելն առաջին հերթին կապված է Թավշյա հեղափոխության հետ: Այն ժողովրդի սրտերում է եղել, ժողովուրդն է ազատ արձակվել: Եթե այս հեղափոխությունը չլիներ, այսօր ես գրավով ազատ չէի արձակվի, դա միանշանակ: Այս մարդիկ սովորել էին, որ դատախազը պետք է բերի մեղադրանքը, դատարանն էլ

Ստվերային արդարադատության նոր գեներալները 22.05.2018 | խոսքի ազատություն

Ստվերային արդարադատության նոր գեներալները

Դատական համակարգում արդեն իսկ վայելում են կոնկրետ անձի ճաշակով և իրեն հարմարեցված բարձրագույն դատական խորհրդի ձևավորման դառը պտուղները։   Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամների և Դատավորների ընդհանուր ժողովում անցկացված վերահսկելի ընտրությունների ա

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի». հացադուլի 24-րդ օրը 17.05.2018 | խոսքի ազատություն

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի». հացադուլի 24-րդ օրը

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի»,- այսպես նկարագրեց իրեն՝ շուրջ 24 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Վերջինս նշեց, որ գտնվում է բժշկական շուրջօրյա վերահսկողության ներքո, որևէ առողջական խնդիր կամ բողոք չունի: Չուգասզյանը ներողություն

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: