լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
26.08.2014 | արդար դատաքննության իրավունք

բնակարանից վտարվող կինը դիմում է ՀՀ վարչապետին (տեսանյութ)

բնակարանից վտարվող կինը դիմում է ՀՀ վարչապետին (տեսանյութ)
Եթե Վճռաբեկ դատարանը չբեկանի Վերաքննիչ դատարանի վճիռը, ապա Սիրանուշ եւ Օֆելյա Չփլախյանները կկորցնեն իրենց տունը: Սիրանուշի որդին ժամկետային զինծառայող է, ծառայում է Ղարաբաղում: Կես տարի անց պիտի վերադառնա տուն. տուն, որն արդեն իրենց չի պատկանում: 

Ամեն ինչ սկսվել է 2011 թվականին. «Ինձ գումար էր պետք, ընկերուհուս պետք է օգնեի: Ծանոթացել եմ ոմն բրոկեր Գեւորգի հետ, ով ասաց, որ մարդ կա, որ տոկոսով փող կտա, բայց որպես գումարի հետ վերադարձման երաշխիք պիտի տան առքուվաճառքի պայմանագիր կնքել: Գեւորգը պնդում էր, որ պայմանագիրը շինծու է լինելու, երբ գումարը վերադարձնեմ, իմ տունն ինձ էին հետ տալու»,- պատմում է Սիրանուշ Չփլախյանը: 

Սիրանուշի խոսքով` բրոկերի միջոցով ինքը ծանոթացել է ՀՀ կառավարության Դիմումների եւ բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանի հետ, ով և տնօրինում էր գումար:  «Ինձ գումարն անձամբ տվել է Նունե Պլուզյանը, տվել է 25.000 դոլար, որից 10 տոկոս միջնորդավճար են վերցրել: Նունեն հետը մի հոգու բերել էր, ում ես չէի ճանաչում ու հենց էդ մարդու անունով էլ ինքը գրանցեց տունը: Հետո իմացանք, որ անունը Հրանտ Բաբայան է, որ Նունենի մորաքրոջ տղան է»,- պատմում է Սիրանուշը: 

«Նունեի հետ պայմանավորվել էինք, որ ամսեկան 5 տոկոս պետք է փակեմ, մոտ 1250 դոլար գումար էր կազմում ամսական: Տոկոսները մշտապես վճարել եմ մինչեւ 2013 թվականի ապրիլը, երբ դատարանից ծանուցագիր ստացա վտարման պահանջով: Իրենք դիմել էին դատարան` ինձ եւ մորս տնից վտարելու պահանջով: Երբ ծանուցագիրը ստացանք, զանգեցի Նունեին, հարցրեցի` էս ի՞նչ ես արել: Ասեց` դե, դուք չեք կարողանալու իմ գումարը հետ տալ, ինձ էլ չզանգեք: Համ էլ ասաց, թե դա ինքը չի արել, այլ Հրայրը, որին մենք չէինք էլ ճանաչում»: 

Սիրանուշի խոսքով` տոկոսով գումար վերցնելու մասին Նունե Պլուզյանի հետ որեւէ գրավոր պայմանագիր չեն կնքել: «Ինքն ասեց` կարիքը չկա գրելու տոկոսով փողի մասին: Էնքան ուշադիր էր, նույնիսկ հեռախոսներին էր նայում, որ չձայնագրեինք: Թեեւ sms-ներ կան, որ հասարակ մարդն էլ կարդա, կհասկանա` ինչն ինչոց է»: 

Սիրանուշ Չփլախյանն ու իր մայրը հակընդդեմ հայց են ներկայացնում դատարան՝ միջնորդելով Նունեն Պլուզյանին ներգրավել որպես երրորդ անձ: Դատարանը բավարարել է միջնորդությունը: 

Սիրանուշը եւ մայրը պահանջել են շինծու գործարքն անվավեր ճանաչել. «Իրականում առքուվաճառք տեղի չի ունեցել, այլ տոկոսով գումարի դիմաց Նունե Պլուզյանը, որպեսզի ապահովի իր գումարի վերադարձը, միանգամից առքուվաճառքի պայմանագիր է կնքել, որ ցանկացած պահի վտարման պահանջով մտնի դատարան»,- պնդում է Սիրանուշ Չփլախյանը: 

Վերջինս նաեւ դիմել է ոստիկանություն. Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է. «Քննիչները չեն պարզել, թե տունը առնելուց հետո ինչու Նունե Պլուզյանը չի բնակվել այնտեղ երկար ժամանակ: Քննիչը կարող էր պարզել, որ եթե Պլուզյանը գործի հետ կապ չունի, ինչու է այդքան հաճախակի զանգահարել Չփլախյանին: Չէ՞ որ կարելի էր հեռախոսազանգերի տվյալները ստանալ եւ ապացուցել» - «ForRights.am»-ին ասաց Չփլախյանների փաստաբան Մկրտիչ Դավթյանը: 2013 թվականի սեպտեմբերին, երբ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Չփլախյանների վտարման հայցը, մահանում է Սիրանուշի մայրը: 

«Մեր փաստաբանը միջնորդեց, որ հետաձգեն դատական նիստը, դատավորը  չհետաձգեց: Նունեն արագացնում էր նրանց: Սեպտեմբերի 21-ին մամաս մահացել է, ես հոկտեմբերի 3-ին դատի եմ գնացել էլի: Իրենք հաշվի չառան իմ սուգը,- ասում է Սիրոնուշը: - Դատարանը մինչեւ վերջերս էլ ծանուցագիր էին ուղարկում մորս անունով` գրելով «ներկայացեք դատարան, անձնագիրը չմոռանաք»: Մարդը չկա, իրեն ինչո՞ւ են կանչում դատի»:   

«Կողմերից մեկի մահվան դեպքում եթե իրավահաջորդության հարց է ծագում, դատավորը պարտավոր է կասեցնել դատական նիստը: Այս պարագայում հակընդդեմ հայցվորներից մեկը մահացել է եւ նրա մյուս աղջիկները պետք է ստանձնեին իրավահաջորդությունը, սակայն դատարանը չի իրականացրել իր պարտավորությունը: Դատավոր Վլադիմիր Ասլանյանն իր քմահաճույքով է առաջնորդվել, նրա համար օրենքներ գոյություն չունեն»,-  կարծում է Չփլախյանների շահերը ներկայացնող փաստաբանը: 

Մկրտիչ Դավթյանը բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, սակայն Վերաքննիչ դատարանն այն ուժի մեջ է թողել. «Ստացվում է, որ Վերաքննիչ դատարանն էլ թքած ունի օրենքի վրա: Մինչդեռ դատավարությունը կասեցնելը ոչ թե դատարանի իրավունքն է, այլ պարտավորությունը»: Փաստաբանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: 

Այս ատյանի դատավճիռը կարող է ճակատագրական լինել Սիրանուշի, Օֆելյայի եւ նրանց երեխաների համար, քանի որ կորցնելով իրենց միակ օթեանը 7 քաղաքացիներ կհայտնվեն փողոցում: 

Նշենք, որ դատավարության ընթացքում Սիրանուշ Չփլախյանը հաշտության պայմանագիր է կնքել հայցվոր կողմի հետ, սակայն պայմանագրում հաշվի չի առնվել մյուս համահայցվորի` Սիրանուշի մահացած մոր իրավահաջորդի շահերը: Սիրանուշի քույրերը, ովքեր պետք է լինեին մոր իրավահաջորդը, չեն մասնակցել հաշտության պայմանագրին: «Այդ պայմանագիրն ի սկզբանե անօրինական է, քանի որ համահայցվորներից մեկը չի մասնակցել այդ պայմանագրին, ոչ էլ նրա իրավահաջորդը, հետեւաբար այն առոչինչ է»,- ասում է փաստաբան Մկրտիչ Դավթյանը: 

Սիրանուշ Չփլախյանի խոսքով` Նունե Պլուզյանն իրեն առաջարկել է 40.000 դոլարի դիմաց տունը հետ տալ: «Ստորագրեցի հաշտության պայմանագիրը: Բայց ես չկարողացա այդ գումարը գտնել, 285 քմ տուն է, պիտի պատ դնեինք, որ կարողանայի իմ հատվածը ծախել՝գումարը տալ, որպեսզի գոնե փրկեի քրոջս տունը: Խնդրեցի Նունեին, որ թույլ տա պատ դնենք, տունը վաճառենք, չթողեց»: 

Նշենք, որ նախքան հոդվածը հրապարակելը մենք 20 օր շարունակ փորձել ենք պարզաբանումներ ստանալ կառավարության աշխատակից Նունե Պլուզյանիցը, ով հանգստանում էր արտերկրում: Պլուզյանը, սակայն, Հայաստան վերադառնալուց հետո եւս տարբեր պատճառաբանություններով խուսափեց հարցազրույցից: Կառավարության աշխատակիցը հեռախոսազրույցի ժամանակ միայն փոխանցեց, որ ինքն այդ տան առքուվաճառքի հետ կապ չունի, եւ որ իր անունը Չփլախյաններն անտեղի են շոշափում: 

Սիրանուշ Չփլախյանը «ForRights.am»-ի միջոցով վիդեոուղերձով դիմում է ՀՀ վարչապետին, քանի որ նամակ է ուղարկել, սակայն այն տեղ չի հասել: «Զանգել-հարցրել եմ` ի՞նչ է եղել իմ նամակը: Ասում են` նորից գրեք: Նունեն էդ բաժնում ա աշխատում, հենց նամակս մտնում է իրենց բաժին, էլ վարչապետին չի հասնում…»: 

 

Արման Ղարիբյան 
 Լուսանկարներում` 
 1.Սիրանուշ եւ Օֆելյա Չփլախյաններ 
 2.Նունե Պլուզյան 


Հ.Գ.Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բազմաթիվ մարդիկ «տոկոսի տակ» հայտնվելով կորցնում են իրենց բնակարանները: Դատարանները որոշումներ են կայացնում այս մարդկանց բնակարաններից վտարելու պահանջով՝ թողնելով նրանց անօթևան: Ստացվում է, որ վաշխառուները՝ տոկոսով փող տվողները, պաաշտպանված են օրենքով: Պատահական է, արդյո՞ք, որ Նունե Պլուզյանը կառավարության աշխատակից է: Առաջիկայում մենք առավել մանրամասն կանդրադառնանք այս խնդրին:  
4443
Print
արդար դատաքննության իրավունք
14 տարի է՝ չկատարած հանցանքի համար դատապարտված եմ ցմահ ազատազրկման 19.07.2018 | արդար դատաքննության իրավունք

14 տարի է՝ չկատարած հանցանքի համար դատապարտված եմ ցմահ ազատազրկման

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Հարգելի պարոն Փաշինյան, ես՝ ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանս, այս նամակով դիմում եմ Ձեզ՝ ներկայացնելու իմ կյանքի վերջին 14 տարիների պատմությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ, սա

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը

Այսօր Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում մարդաշատ էր: Ալավերդի քաղաքից հոծ բազմություն էր ժամանել՝ ոտքից գլուխ սև հագնված տղամարդիկ, դաջվածքներով երիտասարդներ: Նրանք եկել էին մասնակցելու իրենց քաղաքի հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով դատական նիս

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը

«Հայտարարված ոչ մի բառ իրականությանը չի համապատասխանում: Գալիս ես դատարան, էդ մարդկանց չես էլ տեսնում, ոչ մի բառ չես փոխանակում, մեկ էլ հանկարծ սենց բան ես լսում: Մեր բոլորի համար անսպասելի էր Պավլիկի խոսքերը»,- Forrights_ի հետ զրույցում նշեցին «Սասնա Ծռեր»-ի անդամներ Մխիթար Ավետիսյանն ո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: