լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
5.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Մարտի 1-ի բացահայտումը դառնալու է ազատ և արդար ընտրությունների անցկացման գլխավոր երաշխիքը

Մարտի 1-ի բացահայտումը դառնալու է ազատ և արդար ընտրությունների անցկացման գլխավոր երաշխիքը
Երկար սպասված դրական տեղաշարժ՝ 2008 թվականի մարտի 1-ի գործով. Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ Հարությունյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ որպես վկա հրավիրվել է հարցաքննության: 

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Forrights.am-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ մարտի 1-ի գործի բացահայտումն իրապես սկսվել է: Տարվող քննության ուղղեգիծը ճիշտ է, ինչի մասին օրերս ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարեց. «Կա մարտի 1-ի բացահայտման քաղաքական կամք, մենք դա տեսնում ենք, որովհետև ՀՔԾ-ն արդեն բացարձակ ճշմարիտ գնահատականներ է տալիս կատարվածին: Նախկինում նման բան երբեք չենք տեսել և բնականաբար՝ պետք է օգնենք քննությանը»: 

Հայ ազգային կոնգրեսը դատախազություն և ՀՔԾ է փոխանցել դատախազների, դատավորների, քննիչների ու ոստիկանների անուններ, որոնք Մարտի 1-ի գործով ապօրինաբար որոշումներ են կայացրել: Նրանց շարքում են՝ Աղվան Հովսեփյան՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ,  Արման Մկրտումյան՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, Անդրանիկ Միրզոյան՝ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ, Վահագն Հարությունյան՝ քննչական խմբի ղեկավար, դատավորներ Սերժիկ Ավետիսյան, Տիգրան Սահակյան, Դավիթ Ավետիսյան, Սամվել Օհանյան, Ելիզավետա Դանիելյան, կեղծ ցուցմունքներ տված ոստիկաններ Ջանիկ Մարության, Մարատ Մանուկյան և տասնյակ-հարյուրավոր այլ անձանց անուններ: 

Լևոն Զուրաբյանը մեջբերում է պատմական փաստեր: Մարտի 1-ից առաջ Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդի վրա կրակել էր մեկ էլ 1921 թվականին՝ փետրվարյան ապստամբության օրերին: Իշխանությունը յուրացնելու մղումով՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունը մահաբեր ուժ կիրառելով ցրել է խաղաղ ցույցերը: Տեղի է ունեցել իշխանության բռնազավթում: Կա 0038 տխրահռչակ, ապօրինի հրաման, որով բանակը Սահմանադրության կոպիտ խախտմամբ ներգրավվեց քաղաքական գործընթացների մեջ: ՀԱԿ փոխնախագահի այս դիտարկումները հաստատել է նաև Հատուկ քննչական ծառայությունը:  

Պարզված հանգամանք է համարվում, որ 2008 թվականի փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ընտրության նախապատրաստման ու անցկացման փուլում խախտվել է Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները. «Ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից: Ընտրություններում տեղի ունեցած մեծածավալ խախտումները քաղաքացիները վերագրել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: 

2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում քաղաքացիները կազմակերպել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող զանգվածային խաղաղ միջոցառումներ: Չկարողանալով ոստիկանության հրապարակային կոչերով խոչընդոտել խաղաղ հանրահավաքների անցկացումը՝ ՊՆ Միքայել Հարությունյանն ու այլ պաշտոնատար անձինք Սահմանադրության խախտմամբ Հայաստանում հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակիցների դեմ»:  

ՀՔԾ հաղորդմամբ՝ մասնավորապես, Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը և Զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի. 

«Ռազմական դրության պայմաններում, մարտի 1-ի երեկոյան, Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ: Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, զոհվել են 8 քաղաքացիական անձինք և ոստիկանության 2 ծառայող: Խաղաղ հավաքը ցրվել է: Էական վնաս է հասցվել Հայաստանի միջազգային վարկին»,- ասված է ՀՔԾ հայտարարությունում: 

Լևոն Զուրաբյանը ասում է, որ սա եղել է հետևողականորեն իրականացված պետական ահաբեկչության ծրագիր, մերժվել է սեփական իշխանություն ունենալու քաղաքացու կամքը, ինչը պետք է պարտադիր իրավական գնահատականի արժանանա. «Մարտի 1-ի բացահայտումը դառնալու է ազատ և արդար ընտրությունների անցկացման գլխավոր երաշխիքը: Բոլոր պաշտոնյաները՝ քաղաքական գործիչներ, դատախազներ, դատավորներ, քննիչներ ու ոստիկաններ մի մեծ դաս կստանան, որ ժողովրդի կամքի անարգումը չի մարսվելու, որ դրա համար վաղ թե ուշ պատասխան են տալու»: 

Պարոն Զուրաբյանը ոչ մի կասկած չունի, որ իշխանության բռնազավթման բերած 0038 ապօրինի հրամանն արձակելու հրահանգ Միքայել Հարությունյանը ստացել է Ռոբերտ Քոչարյանից: Ապօրինի հրամանների շղթայի հայտնաբերումը կարևոր է սպանությունները բացահայտելու առումով. «Որովհետև ոչ մեկը գիժ կամ սադիստ չէ, որ կրակի խաղաղ ցուցարարի վրա՝ մարդկանց սպանի: Ի վերջո մարդիկ հասկանում էին, թե ինչ պատասխանատվություն կկրեն»: 

ՀԱԿ-ը տիրապետում է ինչպես հրապարակային, այնպես էլ՝ չհանրայնացված փաստաթղթերի, որոնք էական նշանակություն ունեն մարտի 1-ի բացահայտման համար: Դրանք կներկայացնի քննչական մարմնին: Լևոն Զուրաբյանը հիշեցնում է, որ մարտի 1-ի ողբերգությանը հաջորդած 10 տարիներին իշխանությունն ամեն ինչ արել է հանցագործության ողջ մեղքը քաղաքական ընդդիմության վրա բարդելու ուղղությամբ: Ժամանակին Հայ ազգային կոնգրեսն այս փաստը հաստատող փաստաթուղթ է բացահայտել: Խոսքը Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի՝ դատախազներին ուղղված գաղտնի հրամանի մասին է: 

ՀԱԿ փոխնախագահի ձևակերպմամբ՝ Միրզոյանը գործը սարքելու ուղղություններ էր տալիս, օրինակ՝ գտնել և ապացուցել, որ Տեր-Պետրոսյանի համակիրների գործողություններն ուղղված են եղել Ռուսաստանի դեմ: 

«Այսինքն՝ ոչ միայն գործը սարքում էին, այլ նաև լուծում էին քաղաքական հարցեր, որ Ռուսաստանի աչքերում այդ ողջ գործընթացն ընկալվի որպես հակառուսական, աշխարհաքաղաքական մի դիվերսիա՝ որն իրենց կարծիքով պիտի ապահովեր Ռուսաստանի պրոտեկցիան: Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ մենք գործ ենք ունեցել ոչ թե արդարադատության հետ, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի մի արշավի ենք ականատես եղել: Բռնաբարելով Սահմանադրությունն ու օրենքները, մարդիկ զբաղվել են կոնկրետ խնդրով՝ իշխանության բռնազավթում և այդ իշխանության օգտագործում սեփական հարստահարման նպատակով»,- նշում է Լևոն Զուրաբյանը: 

Մարտի 1-ի գործը կեղծած պաշտոնյաներին պատժելը բավարար ուղերձ կլինի Հայաստանի բոլոր պաշտոնյաներին, որ օրենքը խաղալիք չէ, այն չի կարելի օգտագործել սեփական, կուսակցական դեսպոտների շահերը սպասարկելու համար: Թավշյա հեղափոխության օրերին Սերժ Սարգսյանի կողմից մարտի 1-ի հիշատակումը բերեց պայթյունի և ժողովուրդը զանգվածաբար դուրս եկավ փողոց: Մարտի 1-ը պետք է լինի նյուրնբերգյան գործընթաց, որը կբացառի նման երևույթի երբևիցե կրկնությունը: 

 Ռոբերտ Անանյան
3929
Print
արդար դատաքննության իրավունք
14 տարի է՝ չկատարած հանցանքի համար դատապարտված եմ ցմահ ազատազրկման 19.07.2018 | արդար դատաքննության իրավունք

14 տարի է՝ չկատարած հանցանքի համար դատապարտված եմ ցմահ ազատազրկման

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Հարգելի պարոն Փաշինյան, ես՝ ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանս, այս նամակով դիմում եմ Ձեզ՝ ներկայացնելու իմ կյանքի վերջին 14 տարիների պատմությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ, սա

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Վանաձորում մեկնարկել է Ալավերդու Վահագի գործով դատաքննությունը

Այսօր Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում մարդաշատ էր: Ալավերդի քաղաքից հոծ բազմություն էր ժամանել՝ ոտքից գլուխ սև հագնված տղամարդիկ, դաջվածքներով երիտասարդներ: Նրանք եկել էին մասնակցելու իրենց քաղաքի հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով դատական նիս

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը 18.07.2018 | արդար դատաքննության իրավունք

Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը հերքում են Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը

«Հայտարարված ոչ մի բառ իրականությանը չի համապատասխանում: Գալիս ես դատարան, էդ մարդկանց չես էլ տեսնում, ոչ մի բառ չես փոխանակում, մեկ էլ հանկարծ սենց բան ես լսում: Մեր բոլորի համար անսպասելի էր Պավլիկի խոսքերը»,- Forrights_ի հետ զրույցում նշեցին «Սասնա Ծռեր»-ի անդամներ Մխիթար Ավետիսյանն ո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: