Սոֆիկ Ղևոնդյանը օտարների՝ Երևանից Լոռու մարզի իր հեռավոր գյուղ Գոգավան հասած լրագրողների առաջ «բացվել» չգիտի, զուսպ է, հետևում է, որ սենյակում հով լինի: Ինքնատիրապետումը կորցրել է միայն հուլիսի 24-ին: Անասուններին էր կերակրում, երբ ոստիկանները գյուղապետի հետ բերեցին գույժը. որդին՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Վահագի Պետրոսյանը մահացել է մարտական հերթապահության ժամանակ:

Սոֆիկը պատմում է. «Մըն էլ տեհա՝ միլիցեքը լցվեցին տուն: Գյուղապետը փաթաթվեց ամուսնուս, մի միտք գլխումս շարժվեց: Որ իմացանք ՝ էդ ա, ուշքս գնաց, բուժքույր կանչեցինք, հազիվ խելքի բերեցին»:

19-ամյա Ժորիկը հասցրեց ծառայել Վայքի զորամասում ընդամենը 6 ամիս: Ծառայում էր լավ: Սիրում էր ծառայությունը: Նույնիսկ երբ 12 օրով գյուղ էր եկել արձակուրդի, ձանձրացել է, ասել է՝ ուզում եմ շուտ ավարտվի արձակուրդս, որ գնամ, ծառայեմ: Մահվան օրը առաջին անգամ է բարձրացած եղել «պոստեր»:

Հուլիսի 24-ին քննչական կոմիտեն հաղորդեց, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Վահագի Պետրոսյանը: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-ով` զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, որն անզգուշությամն առաջացրել է մարդու մահ: Կրակողը՝ Արմեն Ադամյանը, կալանավորված է:

«Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով», — ասվում է հաղորդման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Իսկ ահա, թե ինչպես են ներկայացրել կատարվածը զոհված տղայի ընտանիքին: Պատմում է Ժորիկ Պետրոսյանի ավագ եղբայրը՝ Սամվել Պետրոսյանը, որը Ռուսաստանում արտագնա աշխատանքի էր, ինչպես Գոգավանի տղամարդկանցից շատերը, և եղբոր մահվան մասին իմանալով, վերադարձել է գյուղ:

«Երեխու հետ եկած սպաները պատմեցին, որ ինքը, էլի մի քանի տղա, նստած են եղել հերթափոխի սենյակում, կոֆե են խմել: Տղաներից մեկը՝ Արմեն Ադամյան, խփողը, զենքը վերցրել է ու հակառակորդի կողմն է պահել: Եղբայրս ու արտաշատցի մի զինվոր նստած են եղել, սա թեքվել ա դեպի արտաշատցին, նա ասել ա ՝ էն յան տար զենքդ, մեզ վրա մի պահի: Զենքը հետ տանելու ընթացքում «կուռոկը» /ձգանը/ սեղմվել է: Երեխու թշից փամփուշտը մտել է, հետևի թիակով դեւրս է եկել»: Ոչ Սամվելը, ոչ զոհվածի մյուս հարազատները չեն հավատում սպաներին: «Սա ուղղակի հեքիաթ ա: Տենց բան չի կարող լինել», — ասում է Սամվել Պետրոյանը:

Նա կասկածում է, որ եղբորը սպանել են: «Եթե ոնց որ իրենք են պատմում երկու մետրի վրա է կրակել, էդքան մոտ տարածքից, ուրեմն, թշի վրա այրվածք պետք է լիներ, բայց նման բան չկա», — ասում է Պետրոսյանը: Նրան կասկածելի է նաև այն հանգամանքը, որ եղբոր բջջային հեռախոսը մինչ օրս գտնված չէ: Մայրը Ժորիկի հետ խոսել է դեպքից երկու օր առաջ:

«Ասի՝ ազիզ ջան, ո՞նց ես, ասեց՝ լավ, ուժեղ ձեն լսվեց, ժխոռ եղավ ու անջատվեց հեռախոսը, ահասանելի դարձավ ընդմիշտ: Հեռախոսը չեն գտել: Մի քանի հոգու միջից ո՞նց ա անհետացել դա, եթե 3-4 հոգի են եղել, ո՞ւր է կորել էդ հեռախոսը», — հարցնում է Սոֆիկ Ղևոնդյանը:

Ժորիկը մահացել է դեմքի վիրավորումից: Ըստ 8-րդ կայազորային քննչական բաժնի նյութերի, մարտական դիրքի դիտորդ Արմեն Ադամյանը, «արթուն հերթափոխի պարտականությունները կատարելիս, «չստուգելով իրեն ամրակցված հրացանի լիցքավորված լինելու հանգամանքը, սեղմել է ձգանը, որի արդյունքում արձակված կրակոցից տվյալ խրամաբջիջի դիմաց նստած նույն գումարտակի պատտդիր ժամկետային զինծառայող Ժորիկ Պետրոսյանը դեմքի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որն առաջացրել է նրա մահը»:

Սոֆիկ Ղևոնդյանին հանգիստ չի տալիս միտքը, որ տղային կարող էին փրկել: Նա մտքերով անընդհատ վերադառնում է այն պահին, երբ տղան վիրավորվեց: Զարմանում է. «Սիրտը չէր, ուղեղը չէր, դեմքն էր; Երակը կտրվել ա, արյունը չեն կանգնացրել: Ո՞նց չեն բերել հիվանդանոց: Ինչո՞ւ են էրեխին թողել անօգնական»: Մոր հարցերին պատասխան տվող չկա: Զորամասից արդարացել են, թե «չաստի» Շտապօգնության մեքենան տեղում չի եղել, գնացած է եղել Սիսիան: Դիրքում բուժակն է եղել այդ պահին, որը, սակայն չի կարողացել կանգնեցնել երակից հորդող արյունը;

Փաստորեն, զինծառայողը չի ստացել առաջին օգնություն: Եթե ստանար, գուցե և կենդանի լիներ: Ի դեպ, Վայքի զորամասի սպաները իրենց հետ դիահերձարան են բերել գործով որպես վկա անցնող զինվորներին և հրահանգել են նրանց, որ սպանվածի հարազատներին պատմեն, թե ոնց է եղել դեպքը: Տղաների փոխարեն, սակայն, խոսել են սպաները:

«Զինվորները եղել են աֆիցերների կողմից մարզած-բերած, — վստահեցնում է զոհվածի եղբայրը, — աֆիցերները խոսում էին, պտտվում, հարց էին տալիս՝ տենց ա եղել, թե չէ: Նրանք ՝էլ ի՞նչ պիտի ասեին, պարզ է, պետք է հաստատեին»: Հենց դիահերձարանում Սամվել Պետրոսյանը ասել է սպաներին.

«Եղբորս Խփել են»: Ասում է, որ մինչև վերջ հետամուտ է լինելու եղբոր մահվան առեղծվածի բացահայտմանը: Ծառայողական անփութության վարկածին Պետրոսյանները չեն հավատում և տպավորություն ունեն, որ զորամասի ղեկավարությունը ամեն ինչ անում է դիրքի ավագին պատասխանատվությունից փրկելու համար:

«Մեզ ասեցին, որ ավագը քնած է եղել և ոչինչ չի տեսել: Եթե իմ «պոստը» հանում են «մալադոյ», ես «պոստ» պահող «սալդատին» պետք է ուշադիր լինեմ: Ո՞նց կարող եմ ես քնել: Իր քնի ժամը չէր, հանգստի ժամը չի եղել»: «Եթե դասի ժամանակ ուսուցիչը ներկա չի լինեւոմ, երեխաները ո՞նց են իրենց պահում: Անկանոն, չէ? Նույնն էլ այդտեղ է լինում», — տրտնջում է զինվորի մայրը և կրկին դառնում է «սկոռիին», որը կարող էր փրկել զավակին, բայց չեկավ, -էրեխես մի կտոր հացի պես գնաց»:

Հ.Գ . Պետրոսյանները զոհված զինծառայողի հարազատները 500 հազար դրամ են ստացել իրենց որդուն հուղարկավորելու համար: Նաև մարզպետարանն է օգնություն տվել: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ զոհվածի ընտանիքնը պետք է ստանա ՊՆ-ից մոտ 4 մլն դրամ: «Դրա մեջ մտնում են հուղարկավորության ծախսերը, եթե հարազատները հրաժարվում են Պանթեոնում, կամ պետական այլ գերեզմանոցում հուղարկավորելուց, ապահովագրության, այլ նպատակային գումարները: Դրանք մաս-մաս են տալիս: Իսկ այդ 500 հազարը, ամենայն հավանականությամբ, զորամասն է հավաքել ընտանիքին օգնելու համար»: Նա խոստացավ, որ կհետաքրքրվի և մանրամասն տեղեկություններ կտրամադրի այդ մասին:

Pin It on Pinterest