լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
2.03.2018 | ընտրական իրավունք

Բարձրագույն դատական խորհրդում իշխանահաճո դատավորներ են

Բարձրագույն դատական խորհրդում իշխանահաճո դատավորներ են
Մարտի 1-ին դատավորների ընդհանուր ժողովը ընտրեց  դատական համակարգի անկախությունն ապահովող նոր մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի անդամներին:  19 թեկնածուներից քվեարկությամբ ընտրվեցին հինգը՝ Արմեն Բեկթաշյան /5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում /,  Անի Մխիթարյան / 5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում /, Սերգեյ Չիչոյան /5 տարի ժամկետով, ՀՀ քրեական վերաքննիչ դատարան/, Արմեն Խաչատրյան /3 տարի ժամկետով. ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում/, Ռուզաննա Հակոբյան / 3 տարի ժամկետով,  ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացում/: 

Մկրտումյանի թիմը նախընտրական քարոզչությո՞ւն է կատարել 

«Ընտրյալներից» առնվազն երեքի՝ Անի Մխիթարյանի, Սերգեյ Չիչոյանի և Արմեն Բեկթաշյանի անունները որոշված էին դեռևս քվեարկությունից շատ առաջ: Դատական համակարգում և դրան հարակից շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կողմից նրանց օգտին նախընտրական քարոզ կազմակերպելու փաստը:  Վճռաբեկի ամենակարող տիրակալը, որը նաև դատավորների ընդհանուր ժողովի նախագահողն է, որոշ դատավորների, որոնք չեն եղել նախագահականի հետ համաձայնեցված հնգյակում, բայց ցանկացել են ԲԴԽ անդամ դառնալ, հորդորել է հանել իրենց թեկնածությունը, իսկ մյուսներին կողմնորոշել է,  թե հատկապես ում պետք է ձայները տան: 

ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ևս լծվել է նախընտրական քարոզչությանը, իշխանական հնգյակի օգտին ձայներ հավաքելու պրոցեսին: Մեր տեղեկություններով, անցողիկ «բալը» 65 ձայնն է եղել: 19 թեկնածուներից ոմանք, ինչպես, օրինակ, վճռաբեկ ատյանի դատավոր Սուրեն Անտոնյանը այս թվին մոտ քվե են ստացել: Սակայն անցել են նրանք, ում օգտին աշխատել է Մկրտումյանի թիմը:  

Երեք դրվագ բարձրագույն դատական խորհրդի անդամի կյանքից 

«Հրաշալի հնգյակից» առավել հաճախ մամուլի հրապարակումներում հայտնվում է նախկինում քննիչ և դատախազ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը: 

Նրա համար Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել են ՀՅԴ-ականները, և նրա անդամության հարցը դեռ մեկ ամիս առաջ է լուծված  եղել նախագահականում: Արմեն Բեկթաշյանը ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Սրանով է, հավանաբար, բացատրվում դատավորի անհավասարակշիռ  պահվածքը որոշ դատական նիստերի ժամանակ: Անցյալ տարի, օրինակ, նախագահող դատավոր Բեկթաշյանը Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարության ժամանակ վիրավորանքներով հարձակվեց պաշտպանության նախկին փոխնախարար, սայլակին գամված Վահան Շիրխանյանի վրա՝ նրան  անվանելով դերասան: Անկայուն հոգեկերտվածքը հաշվի չառնելով, Բեկթաշյանին հաճախ են քաղաքական ենթատեքստով գործեր մակագրվում: 

Այս դատավորի արդարամտության  աստիճանը պատկերացնելու համար բավական է հիշել 2015 թվականին կայացրած դատավճիռը, որով 31-ամյա ծրագրավորող Հայկ Կյուրեղյանը 9 տարվա ազատազրկման դատապարտվեց այն բանի համար, որ «Շանթ Հարությունյան և մյուսները» գործով դատից առաջ բարձրացել է դատարանի շենքի մոտ կանգնած մեքենաներից մեկի վրա և դատարանի դիմաց և օդ է կրակել օդամղիչ ատրճանակից: «Խաղալիք» ատրճանակից կրակողը իր գործով նիստերին ոտքի չէր կանգնում դատարանի առաջ և այն անվանում էր «խաղալիք» դատարան: 

Դատավորի կարիերայի սկզբում էլ, երբ դեռ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, Բեկթաշյանը երեք տարվա ազատազրկման դատապարտեց գեներալ Յուրի Խաչատուրովի  որդու գլխավորած զորամասի պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Նարեկ Այվազյանին:  Մարտական հենակետի ավագ Նարեկը փորձել է հենակետում իր ենթակայության տակ գտնվող զինվորներին արգելել զինմասին պատկանող դիզվառելիքի գողանալը և դաժան ծեծի է ենթարկվել նրանց կողմից: Իսկ երբ փորձել է միջադեպի հետ կապված բացատրություններ տալ վերադասին` բռնությունների է ենթարկվել նաև նրանց կողմից: 

Հետագայում վերաքննիչ դատարանը վերացրեց Բեկթաշյանի կայացրած դատավճիռը,  Նարեկ Այվազյանին ազատեց դատարանի դահլիճից, նրան ճանաչելով տուժող: Սակայն  մինչ օրս երիտասարդի առողջությունն ամբողջությամբ չի  վերականգնվել: 

Նրանք իշխանահաճո վճիռներ են կայացրել 

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, ըստ որոշակի շրջանում տարածված կարծիքի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հովանավորյալն է և նրա շնորհիվ է հայտնվել ԲԴԽ-ում: 1996-2005 թվականներին նա ՍԴ-ում աշխատել է առաջատար մասնագետ, այնուհետև՝ վարչության պետի տեղակալ։ Անի Մխիթարյանի դեմ կարգապահական վարույթներ հարուցելու  բազմաթիվ դիմումներ են տրվել: Անցյալ տարվա օգոստոսին, փաստաբաններ Նորայր Նորիկյանը և Գագիկ Մելիքյանը միասին դիմում են ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին և արդարադատության նախարարին  Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով:  

Դիմումում նրանք մատնանշել էին դատական օրենսգրքի և դատավորի էթիկայի կանոնների բազմաթիվ խախտումներ, դատական նիստերը ձգձգելու, ուշ նշանակելու փաստեր և այլն: Ավելի վաղ Անի Մխիթարյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին դիմում էր ներկայացրել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Նա մեղադրում էր դատավորին կողմնապահության մեջ: Ըստ Անի Մխիթարյանի կայացրած վճռի, Սամվել Հարությունյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ էր հրապարակել մամուլում:  Արդարադատության խորհրդի ղեկավարությունը, սակայն, բարձր է գնահատում Անի Մխիթարյանին: 2016 թվականին այս մարմինը նրան լավագույն դատավոր ճանաչեց: 

Իշխանահաճո համբավ ունի նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը: Նա ևս  բարձր տեղ չի զբաղեցնում ԶԼմ-ների հրապարակումներից ուրվագծվող արդարամտության սանդղակում: Նա հայտնի է նրանով, որ 2008 թվականին բավարարեց հարկային մարմինների բողոքն ընդդեմ Գյումրիում գործող ընդդիմադիր «Գալա» հեռուստատեսության, որը, ըստ հարկայինի, 51 հազար եվրո հարկերից էր խուսափել: Արմեն Խաչատրյանի կայացրած վճռով «Գալա» հեռուստատեսությունը եթերազրկվեց: 2017 թվականին ՄԻԵԴ-ը վերացրեց Արմեն Խաչատրյանի վճիռը, 3900 եվրոյի փոխհատուցում սահմանելով «Գալա»-յի համար: 

ԲԴԽ-ն ստեղծման օրվանից թափանցիկության խնդիր ունի 

Դատավորների ընդհանուր ժողովը փակ է եղել լրագրողների առաջ: Որևէ ազատ լրատվամիջոցի ներկայացուցչի չի թույլատրվել հետևել դատավորների ընտրությանը: Մինչդեև Բարձրագույն դատախան խորհրդի իրավաբան -գիտնական 5 անդամների ընտրությունը, որոնց առաջարկել են խորհրդարանական խմբակցությունները, հրապարակային է եղել, թեկնածուների վերաբերյալ քննարկում է եղել ԱԺ-ում, նրանք հարցազրույցներ են տվել մամուլում: 

Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը մեզ պատասխանեց, որ լուսաբանել ժողովը չի կարելի. «Դատավորների ընդհանուր ժողովները միշտ փակ են ԶԼՄ-ների համար, օրվա վերջում մենք հաղորդագրություն կհրապարակենք»: 

Ստացվում է, որ նույն մարմնի՝ ԲԴԽ, անդամների մի մասի ընտրությունը հրապարակային պայմաններում է իրականացվում թեև  բուն քվեարկությունը գաղտնի է, իսկ մյուս մասը՝ փակ և ոչ թափանցիկ: Սա առնվազն կարող է նշանակել որ նոր մարմնին, որը սահմանադրության համաձայն, պետք է անկախ լինի, այդպիսին չի հանդիսանում և կազմավորման առաջին իսկ պահից վստահելիության խնդիր ունի: 

Հ.Գ. Փաստաբան Մուշեղ Շուշանյանին, որը տարբեր դատական գործերով առնչվել է նշյալ դատավորների հետ,  խնդրեցինք պատասխանել, թե կարող է արդյոք այսպիսի կազմով դատական խորհուրդը երաշխավորել դատական իշխանության անկախութունը: Նա հակիրճ պատասխան տվեց. <Հարցին պատասխանել չեմ ուզում, որովհետև հարցը սխալ եմ համարում։ Հայաստանում անկախ դատարան չի կարող լինել որևէ դեպքում, քանի դեռ ժողովրդի իշխանությունը յուրացված է>>։ 

 Սյուզան Սիմոնյան
1794
Print
ընտրական իրավունք
Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը  բորբոքված «կույր աղիք» է 7.06.2018 | ընտրական իրավունք

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը բորբոքված «կույր աղիք» է

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 7-ի իր նիստում, համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածով վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներին առաջարկում է Բարձրագույն դատական խորհուրդը, Վճռաբե

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ 12.05.2018 | ընտրական իրավունք

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ

ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի դիմադրության պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու ԸՕ փոփոխությունների սահմանադրական լուծումների առթիվ Forrights.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Գերմանիայի Հագենի համալսարանի և Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինս

«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ» 6.05.2018 | ընտրական իրավունք

«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ»

Թավշյա հեղափոխությունը փաստացի հաղթել է, բայց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ական իշխանությունը դիմադրում է և չի ուզում արտահերթ ընտրությունների գնալ՝ թերևս գիտակցելով, որ հնարավոր է առկա իրողությունների պարագայում անհամեմատ քիչ ձայներ ունենա:    

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: