լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.05.2018 | ընտրական իրավունք

«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ»

«Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ և կանգնում է հակապետական, կեղեքող համակարգի դեմ»
Թավշյա հեղափոխությունը փաստացի հաղթել է, բայց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ական իշխանությունը դիմադրում է և չի ուզում արտահերթ ընտրությունների գնալ՝ թերևս գիտակցելով, որ հնարավոր է առկա իրողությունների պարագայում անհամեմատ քիչ ձայներ ունենա:    

Իրավաբան, մարդու իրավունքների փորձագետ Արա Ղազարյանը, Forrights.am-ի հետ զրույցում խոսելով իրավիճակի իրավական լուծումների մասին, նշեց, որ լուծումները ոչ այնքան իրավական են, որքան քաղաքական՝ չբացառելով, որ առաջիկայում ՀՀԿ-ն կտրոհվի ու կդադարի մեծամասնություն լինել:    

«Ըստ էության, հնարավոր է Սահմանադրական հանրաքվեի միջոցով խորհրդարանին պարտադրել փոփոխություն ԸՕ-ում ու մյուս օրենքներում: Բայց ինձ թվում է, որ ավելի ճիշտ է ժամանակավոր կառավարության միջոցով օրենքները փոփոխվեն և միանգամից նոր ընտրությունների միջոցով նոր ԱԺ ձևավորվի: Անհնարին չէ, որ ՀՀԿ-ն էլ տրոհվի, որովհետև իրենք ժողովրդի աջակցությունը չունեն, և դա արդեն շատ լավ հասկանում են»,- ասաց իրավաբանը՝ հավելելով, որ մայիսի 1-ից ՀՀԿ-ում հասկացան, որ իրականում չունեն մեծամասնություն, և դա տանելու է տրոհման:   

«ՀՀԿ-ն պետք է դառնա ընդդիմություն, քանի որ չունի դե ֆակտո մեծամասնություն: Իհարկե կտրոհվի, բիզնես խավը դուրս կգա, կմնան միայն գաղափարախոսները»-կանխատեսեց իրավաբանը՝ նշելով, որ դա ամենայն հավանականությամբ, կլինի մինչև նոր ԱԺ-ն: «Նոր խորհրդարան ՀՀԿ-ն թերևս չի անցնի: Այն, ինչ տեղ ունեցավ ՀՀՇ-ի հետ 1998 թ-ին: Նոր ընտրություններում ՀՀԿ-ն չի ունենա էական էլեկտորատ: Դրա համար մեզ անպայման պետք է նոր խորհրդարան, որովհետև էապես փոփոխվել է քաղաքական դաշտը»,- շեշտեց իրավաբանը:   

Թեև թավշյա հեղափոխության հաջորդ փուլը, Փաշինյանի վարչապետ ընտրվելոց հետո, հայտարարվել է արտահերթ ընտրությունների անցկացումը, ՀՀԿ-ն չի ուզում զիջել իշխանության «վերահսկիչ փաթեթը» ԱԺ-ում: 

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին արդեն հայտարարել է, թե արտահերթ ընտրությունների անցկացումը պատվերով համերգ չէ, որ ով երբ ցանկանա, արտահերթ ընտրություն անի:   «Կա Սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրված է, թե ինչպես կարող ենք գնալ արտահերթ ընտրությունների: Եթե մայիսի 8-ին մենք ընտրում ենք վարչապետ, իսկ ես գրեթե 100 տոկոսով համոզված եմ, որ մենք ունենալու ենք վարչապետ, արդեն արտահերթ ընտրությունների գնալ չենք կարող»,-շեշտել է ՀՀԿ խոսնակը:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե «արտահերթ ընտրությունը չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր երկրի զարգացման վրա, ընդհակառակը՝ կարող է հետ գցել»:   Forrights.am- հետ զրույցում իրավաբան Արա Ղազարյանն ասաց, որ քանի որ ունենալու ենք վարչապետ, որը պառլամենտում չունի մեծամասնություն, խնդիրները պետք է ոչ թե իրավական լուծում ստանան, այլ քաղաքական: 

«Բացառությամբ, եթե ՀՀԿ-ի ներսում լինի տրոհում, այդ ժամանակ նոր Սահմանդրությունը հնարավորություն է տալիս հարցերի լուծումը ոչ թե պարզ մեծամասնությամբ որոշել, այլ հարաբերական մեծամասնությամբ 2/5, 3/5-ով»:   Եթե ՀՀԿ-ում տրոհում չլինի, առանց քաղաքական համաձայնությունների նոր վարչապետի թիմը կարող է հայտնվել դիտորդի դերում կամ պետք է գնա  սահմանադրական փոփոխությունների: 

«Խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, որովհետև կա հանրային շահ, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխվի և ԱԺ-ն լուծարվի»,-ասաց Ղազարյանը՝ հավելելով. «Գաղտնիք չէ, որ ներկա ԱԺ-ն լեգիտիմության դեֆիցիտ ունի: Ամբողջ հեղափոխության նպատակն էլ հենց դա  է, որովհետև, եթե մենք խորհրդարանական կառավարման երկիր ենք դարձել, ամենակարևորն էստեղ ԱԺ-ն է: Եվ Աժ-ն պետք է վերակազմավորվի: Քաղաքական լուծումների արդյունքում կարելի է հասնել հաջորղության»:   

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները պետք է պարտադրել ՀՀԿ-ին: Բացի ԸՕ-ի փոփոխություններից, քաղաքագետը կարևորում է կուսակցությունների մասին նոր օրենքը: «Աժ-ում ներկա կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն նույն որակի, անօրինականան, ապագաղափարական ինչ-որ կառույցներ են: Մարդկանց կեղեքող օլիգարխների կողմից ստեղծված կուսակցություններ են, որ օրինականացնեն իրենց կողմից կեղծված ընտրությունները, տնտեսական համակարգի ուզուրպացիան»,-նշեց Սարգսյանը:    

Ըստ քաղաքագետի՝ նոր ԱԺ պետք է գնան գաղափարական- ծրագրային կուսակցություններ: «Այսօրվա պառլամենտի ուժերը երբևէ նման օրենք չեն ընդունի, դա իրենց համար մահախոսական է: Բայց մյուս կողմից նոր ընտրությունների իմաստը ո՞րն է: Ներկաների մեջ ի՞նչն ընտրել: Ժողովրդին կեղեքող նույն կառույցներ են: Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ժողովրդի ճնշմամբ, կանգնում է նման հակապետական, կեղեքող համակարգի դեմ: Դա բարդագույն խնդիր է: Նման խնդիրներ եղել են և ժողովուրդը լուծել է էդ խնդիրները»,-ասաց քաղաքագետը:    

Ըստ նրա, շատ կարևոր է նաև, որ հենց ներկա օրենսդիրների ձեռքով ընդունվեն  «հեղափոխական» օրենքներ, որից հետո լինեն արտահերթ ընտրություններ: Քաղաքագետը շատ կարևոր է համարում, որ ընդունվի սեփականության մասին օրենքը և ժողովրդից թալանածը վերադարձնեն ժողովրդին:    

«Բոլոր պրոբլեմները նրանից են գալիս, որ անօրինական է նրանց ունեցվածքը, հանրության կողմից չի ճանաչվում դրա օրինականությունը և դա ստիպում է խոշոր սեփականատերերին ամեն գնով պաշտոններ ձեռք բերել, որ իրենց սեփականությունը պաշտպանեն»,-ասաց Սարգսյանը: Ըստ նրա, այդ խնդիրը լուծելու տարբեր ձևեր կան, Հայաստանը ոչ առաջինն է, ոչ վերջինն է:   

«Կան օրինակներ, երբ հայտարարվել է տնտեսական ամնիստիա, օրինակացվել է ունեցվածքը, սակայն դրա դիմաց անօրինականությամբ սեփականություն կուտակած մարդիկ օրենքով պարտավորվում են վերադարձնել կոմպենսացման հարկ ժողովրդին: Այս բանաձևով հարցը լուծում ստանում է: Այդ օրենքը պետք է ընդունվի: Սակայն պառլամենտում հիմա հենց այդ սեփականատերերն են ու իրենց ծառաները: Հենց իրենք իրենց ձեռքերով պետք է ընդունեն այդ օրենքը»:   

Քաղաքագետը հակադարձեց, որ դա կուլակաթափություն չէ, այլ հնարավորություն ապօրինի հարստացածներին արժանապատիվ ապրելու մեր երկրում:    

«Ժողովրդին տասնամյակներով կեղեքողները իրենց օրենքից դուրս են դրել: Սակայն էդ մարդիկ դեռ պիտի կարողանան ապրեն էս հասարակությունում: Ո՞նց ապրեն: Պիտի հարաբերությունները ճշտեն քաղաքացիների հետ, որոնց տասնամյակներով թալանել են, ստորացրել են: Դատարանի որոշումներով պետք է դա արվի: Եվ դա պետք է վերադարձվի ոչ թե պետական բյուջե, այլ քաղաքացիներին: 

Օրինակ Երևանի կենտրոնի նախկին բնակիչներին, ում կոպեկներով դուրս շպրտեցին կենտրոնից: Կամ 30 տարուց ավելի մարդիկ տնակներում են աղետի գոտում: Էդ բոլոր մարդկանց պետք է բնակարաններ տալ: Կոմպենսացման հարցով նրանք պետք է լեզու գտնեն էս ժողովրդի հետ, որ հնարավորություն ունենան ապրեն էս երկրում: Նրանք թշնամացել են, պատերազմ են հայտարարել ժողովրդին, ժողովուրդն էլ՝ արդեն իրենց»,-եզրափակեց Սարգսյանը:   

 Մարինե Խառատյան   
7846
Print
ընտրական իրավունք
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն չհանձնեց քննությունը 12.06.2018 | ընտրական իրավունք

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն չհանձնեց քննությունը

Սահմանադարական դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չի արդարացրել պատգամավորների սպասելիքները։ Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր այդ պաշտոնում տիկին Դանիելյանի թեկնածությունը։ Նա Վճռաբեկ դատարանի դատավոր է, ում թեկնածությունը ներկայացրել է դատավորների ընդհանուր ժողովը։&nb

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը  բորբոքված «կույր աղիք» է 7.06.2018 | ընտրական իրավունք

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը բորբոքված «կույր աղիք» է

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 7-ի իր նիստում, համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածով վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներին առաջարկում է Բարձրագույն դատական խորհուրդը, Վճռաբե

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ 12.05.2018 | ընտրական իրավունք

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ

ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի դիմադրության պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու ԸՕ փոփոխությունների սահմանադրական լուծումների առթիվ Forrights.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Գերմանիայի Հագենի համալսարանի և Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինս

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: