լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.05.2018 | ընտրական իրավունք

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ
ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի դիմադրության պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու ԸՕ փոփոխությունների սահմանադրական լուծումների առթիվ Forrights.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Գերմանիայի Հագենի համալսարանի և Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի դոցենտ Գոռ Հովհաննիսյանի հետ:      

Պարոն Հովհաննիսյան, սահմանադրական ի՞նչ լուծում կա, եթե ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն այսօր հայտարարում է, որ արտահերթ ընտրությունները չեն կարող դրական ազդել երկրի զարգացման վրա, իսկ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չպետք է ինքնանպատակ լինի:      

Մինչև բուն հարցին պատասխանելը, կուզենայի մի շատ կարևոր բան ասել։ Իր կարգավորման առարկայի բնույթով պայմանավորված՝ Սահմանադրության նորմերն աչքի են ընկնում վերին աստիճանի վերացականությամբ։ Հետևաբար, եթե օրենքում կամ Սահմանադրության մեջ որևէ հարցի հստակ պատասխանը չկա, ապա այդ պատասխանը պետք է գտնել համապատասխան նորմը մեկնաբանելու միջոցով։ Հայաստանում այս պահին առկա է որոշակի առումով աբսուրդային իրավիճակ։   Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ է ընտրում խորհրդարանական փոքրմասնության թեկնածուին։ Նորմալ պայմաններում նման բան չի լինում ու չպիտի լինի։ Բայց ինչո՞ւ է Հայաստանում ստեղծվել այս աբսուրդային վիճակը։ Իմ պատասխանը մեկն է՝ որովհետև Հայաստանում չկա սահմանադրական դատարան։ Դատարանի շենքը կա, բայց արդարադատություն իրականացող դատավորները չկան։ Եթե դրանք լինեին, ապա մենք այսօր նման պրոբլեմի առաջ չէինք կանգնի։ Որովհետև նրանք ժամանակին արգելած կլինեին, որ ՀՀԿ-ն իշխանությունը զավթի ընտրությունները կեղծելու միջոցով, ու թույլ չէին տա, որ խորհրդարանը չարտացոլի ժողովրդի իրական կամքը։   Այ հենց դրա համար էլ այսօր առաջացել է այս վիճակը։ 

Հիմա Դուք հարցնում եք, թե ինչ կարելի է անել, եթե ՀՀԿ-ն ընդդիմանա ընտրական օրենսգրքի փոփոխությանը։  Սահմանադրությունը նման աբսուրդային իրավիճակի կարգավորում չի նախատեսում։ Դրա համար պետք է մեկնաբանել առկա կարգավորումները։ Զուտ ձևական առումով խորհրդարանական մեծամասնությունն ունի այդ հնարավորությունը։ Նա կարող է դեմ քվեարկել ընտրական օրենսգրքի փոփոխություններին ու արգելափակել դրանք։ Բայց սահմանադրական լիազորություններից օգտվելը նույնպես ունի իր սահմանները։ Կոնկրետ իրավիճակում հանրապետական պատգամավորները չեն կարող օգտվել իրենց պատգամավորական լիազորություններից այնպես, որ արդյունքում ընդունված որոշումն ակնհայտորեն հակասի ժողովրդի կամքին։ Ուստի կոնկրետ հանգամանքներում պատգամավորների լիազորությունների սահմաններն ավարտվում են Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին մասում։ 

Պատգամավորները՝ իբրև ժողովրդի ներկայացուցիչներ, չեն կարող անել այլ բան, քան ակնհայտորեն պահանջում է ներկայացվողը՝ ժողովուրդը։ Քանի որ այս ամբողջ պրոբլեմն առաջացել է հենց կեղծված ընտրությունների պատճառով, ուստի հիմա պատգամավորներին այլ բան չի մնում, քան անել ամեն բան արդար ու թափանցիկ ընտրություններ երաշխավորելու համար։   Եվ նման ընտրությունների առաջին նախապայմանը սահմանադրությանը համապատասխանող ընտրական օրենսգրքի առկայությունն է, երկրորդ նախապայմանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության կողմից այդ օրենսգրքի կիրառումն է։ Հետևաբար, ՀՀԿ-ն ուղղակի չի կարող չհամաձայնել ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որովհետև ցանկացած այլ որոշում ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին մասին։   

Բացի այդ, այլ որոշումը նաև անտրամաբանական կլինի վարչապետի ընտրությունից հետո։ Անհետևողական է, վարչապետ ընտրել խորհրդարանական փոքրամասնության թեկնածուին, բայց դրանից հետո խոչընդոտել նրա ծրագրերի իրականացմանը։ Ինչպես որ ՀՀԿ-ն ստիպված էր վարչապետ ընտրել ոչ իր թեկնածուին, նույն կերպ նա ստիպված կլինի կողմ քվեարկել ընտրական օրենսգրքի փոփոխություններին։    

Ներկա Սահմանադրությամբ հնարավո՞ր է առանց ռեյտինգայի համակարգի ընտրություն իրականացնել:   

Ոչ միայն հնարավոր է, այլ նաև իմ համոզմամբ՝ այդ ընտրակարգը հակասում է Սահմանադրությանը։ Ընդհանուր առմամբ, տարբերակում են ընտրակարգի երեք տեսակ՝ մեծամասնական, համամասնական և խառը։ Խառը ընտրակարգի դեպքում յուրաքանչյուր ընտրող ունի առնվազը 2 ձայն։ Այստեղից պարզ է դառնում, որ այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգը խառը ընտրակարգի ձև է, որտեղ ընտրողներն ունեն երկու ձայն՝ մեկը տալիս են համապետական ցուցակին, մյուսը՝ մարզային անհատական ցուցակին։ Այդ ընտրակարգը մեծամասնականի և համամասնականի տարրեր կրող ընտրակարգ է։   ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունը պահանջում է, որ Ազգային ժողովն ընտրվի հենց համասնական, այլ ոչ թե մեծամասնական կամ խառը ընտրակարգով։ Սահմանադրական այս պահանջի լույսի ներքո մեծամասնականի ու համամասնականի տարրեր ներառող ռեյտինգային խառը ընտրակարգն անթույլատրելի է։ Ազգային ժողովը պետք է ընտրվի համամասնական ընտրակարգով, այն է՝ յուրաքանչյուր կուսակցության կողմից մեկ ցուցակ ընտրության ներկայացնելու միջոցով։     

Այնուամենայնիվ, սահմանադրական ի՞նչ լուծում կա, եթե ՀՀԿ-ն, որպես ԱԺ մեծամասնություն, չհամաձայնվի ԸՕ փոփոխություն անել ու արտահերթ ընտության գնալ։     

ՀՀԿ-ն չի կարող նման բան անել։ Որովհետև նախ ՀՀԿ-ի անցկացրած ընտրությունների արդյունքները ոչ ոք չի ընդունի։ Ու հիմա բարեբախտաբար ոչ ոք սահմանադրական դատարանի որոշմանը չի էլ ապավինի։ Մարդիկ հասկացել են, որ սահմանադրական դատարանի վրա հույս դնելն ուղղակի անմտություն է։ Ու որ իրենք ինքնուրույն ավելի արդար ու արդյունավետորեն կարող են լուծել ծագած խնդիրները։ Բացի այդ, ոչ ոք չի էլ գնա ՀՀԿ-ի կազմակերպած ընտրություններին։ Հետևաբար, ՀՀԿ-ն ողջամտություն դրսևորելու դեպքում անմիջապես պիտի հրաժարվի նման մտքից։   

 Մարինե Խառատյան
1918
Print
ընտրական իրավունք
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն չհանձնեց քննությունը 12.06.2018 | ընտրական իրավունք

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն չհանձնեց քննությունը

Սահմանադարական դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չի արդարացրել պատգամավորների սպասելիքները։ Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր այդ պաշտոնում տիկին Դանիելյանի թեկնածությունը։ Նա Վճռաբեկ դատարանի դատավոր է, ում թեկնածությունը ներկայացրել է դատավորների ընդհանուր ժողովը։&nb

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը  բորբոքված «կույր աղիք» է 7.06.2018 | ընտրական իրավունք

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունը չկայացավ. այս դատարանը բորբոքված «կույր աղիք» է

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 7-ի իր նիստում, համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածով վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներին առաջարկում է Բարձրագույն դատական խորհուրդը, Վճռաբե

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ 12.05.2018 | ընտրական իրավունք

Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ հնարավոր է անել առանց ռեյտինգային ընտրակարգի. սահմանադրագետ

ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի դիմադրության պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու ԸՕ փոփոխությունների սահմանադրական լուծումների առթիվ Forrights.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Գերմանիայի Հագենի համալսարանի և Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինս

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: