լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.01.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ով հեռացրեց Արթուր Օսիկյանին

Ով հեռացրեց Արթուր Օսիկյանին
ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանի ազատումը որևէ կերպ չպարզաբանվեց հանրության համար:   ՔԿՎ նոր պետ Ռաֆայել Հովհաննիսյանին ներկայացնելու առթիվ արդարադատության նախարարության կայքի լուսանկարներից երևում էր, որ Օսիկյանը չէր գնացել հրաժեշտ տալու իր նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանին, երբ վերջինս ներկայացրել էր ՔԿՎ նոր պետին:     

ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Forrights.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՔԿՎ նախկին պետ Արթուր Օսիկյանին Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացրել է «սուբյեկտիվ պատճառով», քանի որ ՔԿՀ-ների իրավիճակի կտրուկ փոփոխություն չի գրանցվել: 

«Իմ կարծիքով, նախարար Դավիթ Հարությունյանը և Արթուր Օսիկյանը ունեցել են անձնական տարաձայնություններ, և Սերժ Սարգսյանն ընդառաջեց  Դավիթ Հարությունյանին, քանի որ նրան է վստահել իր իշխանության մեկ փուլից մյուս փուլի անցման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի ձևավորումը»,-տեսակետ հայտնեց իրավապաշտպանը:  

Դիտորդական խմբի անդամն արձանագրեց, որ չնայած Արթուր Օսիկյանի կրթվածությանը, ով կրթություն է ստացել արտերկրում, նրա ղեկավարման 3,5 տարում ՔԿՎ-ների վիճակի փոփոխություն չի եղել: 

«Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ 2016 թվականից սկսած ՔԿՎ-ներում սահմանափակվեց հասարակական դիտորդների գործունեությունը՝ արգելելով մեզ հանդիպել բոլոր ազատազրկվածներին: Այդ թվում, «Սասնա Ծռերի» անդամներին: Այդպիսով՝ նրանց խցերի վիճակը, նրանց իրավունքների վիճակն ուսումնասիրելու հնարավորությունից զրկվեցինք»,-պատմեց իրավապաշտպանը՝ շարունակելով. 

«Սա քաղաքական որոշում էր, և Օսիկյանը չլիներ, ով ուզում է լիներ, նշանակություն չէր կարող ունենար: Պարզապես Օսիկյանը կատարեց Սերժ Սարգսյանի քաղաքական հրահանգը և որևէ կերպ չընդվզեց դրա դեմ: Չի եղել դեպք, որ որևէ նախարար կամ ղեկավարող անձ սեփական կամքով դիմում գրի՝ հայտնելով իր անհամաձայնությունը իրականացվող քաղաքականությանը: Եթե այդպես լիներ, կստացվեր՝ փորձել է ինչ որ բան անել, չի ստացվել: Բայց որևէ մեկը պատասխանատվություն չի վերցրել իր վրա»: 

Իրավապաշտպանն ընդգծեց, որ Արթուր Օսիկյանի պաշտոնավարման ընթացքում ոչ մի բարեփոխում ՔԿՀ-ներում չի կատարվել: 

«Առաջնային բժշկական օգնությունը ներդրվեց Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: Դա տեխնիկական բնույթի էր, բայց գողական մշակույթը, «նայողների» ինստիտուտը, կոռուպցիան մնացին»,-ասաց Սաքունցը: Նա համոզմունք հայտնեց, որ պետական կառավարման համակարգում որևէ անձ չի կարող որևէ բան փոխել, եթե քաղաքական կամքը բացակայում է: 

«Իսկ քաղաքական կամք գոյություն չունի, որն անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկների իրավիճակի փոփոխման համար, ազատազրկվածների նկատմամբ մարդկային վերաբերմունքի, նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքի համար: Այս ամենի վերաբերյալ որոշում է կայացնում անձամբ Սերժ Սարգսյանը»,-շեշտեց դիտորդը՝ հավելելով, որ ՔԿՎ նոր պետը՝ Ռաֆայել Հովհաննիսյանը որևէ բան չի  փոխի:   

«Օսիկյանին աշխատանքից ազատելը շատ քիչ էր, պետք է պատասխանատվության ենթարկելու խնդիր լինի»  

«Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան» 2009-10 թվականներին դիտորդական առաքելություն է իրականացրել ՔԿՀ-ներում: «Մենք արձանագրեցինք, թե ինչ խայտառակ վիճակ է հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»,-պատմեց ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը: 

Փաստաբանը պատմեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խայտառակ պայմանների արդյունքում ծանր հիվանդացել և կասկածելի պայմաններում մահացել է իր  պաշտպանյալ Հրաչյա Գևորգյանը, ով բաց նամակով դիմել էր լրատվամիջոցներին՝ տեղեկացնելով «Նուբարաշենում» տիրող կոռուպցիայի չափերի և թմրանյութերի շրջանառության մասին: Հրաչյա Գևորգյանը վեց տարի գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ու մեկ անգամ նրա  մայրը հնարավորություն չի ունեցել տեսնել իր տղային, քանի որ, ըստ փաստաբանի,  տարրական պայմաններ չկան, որ սայլակով մարդուն տեղափոխեն տեսակցությունների համար նախատեսված սենյակներ: 

«Երբ ես 2016-ին գնում էի Հրաչյա Գևորգյանի խուց, անցնում էի ՔԿՀ-ի բավական մեծ տարածքով և խայտառակ վիճակ էր: Պատերը էնքան թաց էին, որ փշրվում էին, Հրաչյա Գևորգյանի խցում հատակը թրջվում էր, եթե բարակ կոշիկ հագնիր, ոտքերդ կթրջվեին: Կար սանհանգույցի, ջրամատակարարման խնդիր: Սնունդը բանի պիտանի չէր: Սարսափելի հոտ էր գալիս: 2010 թ-ին մեր խմբի դիտորդներից մի երիտասարդ աղջիկ վատացավ «Նուբարաշենի» հոտից և ստիպված եղավ հեռանալ: Միջատների քանակն անպատմելի է, բուժումը ու դեղորայքը բացակայում է»,-պատմեց փաստաբանը: 

Նինա Կարապետյանցը անձամբ ներկա է եղել, երբ իր պաշտպանյալի կողքի խցում  դատապարտյալը ցավից գոռացել է, քանի որ վիրահատության կարիք է ունեցել, սակայն նրան չեն վիրահատել, անգամ ցավազրկող չեն տվել, ասել են՝ չունեն:

«Մենք անանուն հարցում ենք արել ու էդ խնդիրները բոլոր կալանավորներն էլ ունեցել են, և իսկապես էդ խնդիրը միշտ եղել է: Օսիկյանի ժամանակ իրավիճակը ավելի է վատացել: Իսկ ՔԿՎ-ն մեզ անընդհատ հակառակ պատկեր էր ներկայացնում, թե տեսեք՝ այսքան մեծ գումար է տրամադրվել, այսքան գնումներ է կատարվել, դեղեր են տրամադրվել, բայց փաստացի էդ դեղերն էնտեղ չկային»,-պատմեց փաստաբանը՝ շարունակելով. 

«Ո՞ւր էին կորում դեղերն ու գումարները, շատ անհասկանալի էր: Կարծում եմ՝ Օսիկյանին աշխատանքից ազատելը շատ քիչ էր: Վստահ եմ, որ էնտեղ պետք է պատասխանատվության ենթարկելու խնդիր լինի, որովհետև իր ղեկավարած կառույցը կամ չէր կարողանում կամ չէր ուզում ՔԿՀ-ների նորմալ, բնականոն աշխատանքն ապահովեր»: 

«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը անգամ գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի անգործության դեմ: Դատախազը անտեսել է բողոքը, ուստի փաստաբանը դիմել է դատարան, ու փետրվարի 26-ին կայանալու է դատական առաջին նիստը: 

«Կամայական որոշումներ էին կայացվում Օսիկյանի կողմից անմարդկային պայմաններում պահվող առողջական խնդիրներով անձանց վերաբերյալ: Դրա վերաբերյալ բազմիցս գրություններ են ուղարկվել պարոն Օսիկյանին, որոնք անտեսվել են իր կողմից և դրա արդյունքում մարդկանց առողջական վիճակն անդառնալի հետևանքներ է ունեցել: Նրանք շարունակվել են խոշտանգվել՝ գտնվելով անմարդկային պայմաններում՝ առանց բուժման»,-ասաց Հայարփի Սարգսյանը: Փաստաբանի համոզմամբ՝ այն, որ Օսիկյանը պաշտոնից ազատվել է, դեռ չի նշանակում, որ այդ բողոքարկումները անհետևանք են մնալու: 

«Ես իմ փորձից կարող եմ ասել, որ վերջին 1,5 տարվա ընթացքում հետընթաց է գրանցվել ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի հետ կապված: Օրինակ՝ իմ պաշտպանյալ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում է ստացել և մեկուկես տարի չի վիրահատվել ու գտնվում է «Նուբարաշենի» անմարդկային պայմաններում՝ առանց բուժօգնության: Եվ նա հաշմանդամ է դարձել ոչ միայն բժիշկների, այլև ՔԿՎ պետի անգործության արդյունքում»,-ընդգծեց պաշտպանը: 

Փաստաբանը ՔԿՎ նոր պետ Ռաֆայել Հովհաննիսյանից նույնպես հույսեր չունի. «Նոր պետը որպես տեղակալ նույնպես տեղեկացված է եղել և ոչինչ չի արել»: 

Ի դեպ, Արթուր Օսիկյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2011 թ-ին, երբ դեռ փոխոստիկանապետ էր, 57 մլն դրամանոց բնակարան է նվեր ստացել: 

 Մարինե Խառատյան     
1565
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
եթե դատապարտյալին չեն բուժում, պետք է ազատ արձակեն 16.02.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

եթե դատապարտյալին չեն բուժում, պետք է ազատ արձակեն

2018 թ.-ի հունվարի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները ընթացիկ հաշվետվությամբ  դիմել են ՀՀ Արդարադատության նախարարություն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Հ.-

Հայաստանի կալանավայրերի ղեկավարների թվում կրկին Հոկտեմբեր 27-ի գործով օպերատիվ աշխատողներն են 5.02.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հայաստանի կալանավայրերի ղեկավարների թվում կրկին Հոկտեմբեր 27-ի գործով օպերատիվ աշխատողներն են

Քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկությունից հետո կալանավայրերում կադրային ռոտացիաներ են  սկսվել: Օրերս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղերով փոխեց «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների պետերին: «Դատապարտյալների հիվանդանոցը»

Ով հեռացրեց Արթուր Օսիկյանին 29.01.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ով հեռացրեց Արթուր Օսիկյանին

ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանի ազատումը որևէ կերպ չպարզաբանվեց հանրության համար:   ՔԿՎ նոր պետ Ռաֆայել Հովհաննիսյանին ներկայացնելու առթիվ արդարադատության նախարարության կայքի լուսանկարներից երևում էր, որ Օսիկյանը չէր գնացել հրաժեշտ տալու իր նախկին

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: