լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
10.06.2018 | բանակ

Մայրը չոքել է զորամասի դռան առաջ, բայց նրան ներս չեն թողել. Ընտանիքը հերքում է ինքնսապանության վարկածը (տեսանյութ)

Մայրը չոքել է զորամասի դռան առաջ, բայց նրան ներս չեն թողել. Ընտանիքը հերքում է ինքնսապանության վարկածը (տեսանյութ)
Կապիտան Հմայակ Հակոբյանին զինվորական կարգ ու պատվով չեն թաղել: Նույնիսկ «մուզվզվոդ» չեն ուղարկել գյուղ՝  զինվորական նվագախումբ, որը, սովորաբար, օրհներգ է հնչեցնում կյանքից հեռացած սպաների պատվին: Պաշտպանության նախարարությունից ոչ ոք չի այցելել Հակոբյաններին, ոչ ոք չի ցավակցել: 

Կապիտանի մահից երկու օր անց, մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով լրագրողների հարցերին, առաջ ընկնելով վարույթն իրականացնող մարմնից, հապճեպ հայտարարություն արեց կապիտանի մահվան վերաբերյալ:  «Նախաքննության տվյալներով՝ նա ինքնասպան է եղել: Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է եւ ոչ միշտ է կապված բանակի հետ»: 

«Ես չեմ հավատում, որ որդիս ինքնասպան է եղել, - բացականչում է վիրավորված մայրը՝ Մանյա Սարգսյանը, - Բայց ասենք, թե, իքնասպան է եղել: Ախր, իմ տղան այդքան աշխատել է իրենց համար: Էսքան անշուք, էսքան անտարբեր...»: Հակոբյանները բնակվում են Հնաբերդ գյուղում, երկհարկանի գեղեցիկ առանձնատանը և սոցիալապես անապահով ընտանիքի տպավորություն չեն թողնում: 

Մանյա Սարգսյանը պատմում է, որ որդին ավարտել է ռազմական ավիացիոն ինստիտուտը: Երեք տարի ծառայել է Մարտակերտում, բանակում է 2011 թվականից: Նա ցույց է տալիս հյուրերին որդու զգեստապահարանը, նրա կոկիկ սենյակը, որտեղ կատարյալ մաքրություն է, որդու ստացած պատվոգրերն ու  շքանշանները՝ «Լավագույն կապի պետ», «Անբասիր ծառայության համար», «Անկախության 20-ամյակի կապակցությմաբ», մյուսները, ապացուցելու համար, թե ինչ կատարյալ զինվորական է եղել Համոն: 

 «Նա սկզբունքային էր, արդար: Մի շիշ կոնյակ տուն բերած չկա», - ասում է մայրը: Իսկ հանգուցյալի եղբայրը՝ Հայկը, որը պայմանագրային զինծառայող է նույն «Սովետաշենի» զորամասում, պատմում է, որ Համոն կապի վաշտի սարքավորումներն ու ավտոպարկը իդեալական վիճակում էր պահպանում. «Ինքը մեքենաները «փչել» էր իր միջոցներով: Կապի սենյակը ցուցահանդես ոնց որ լինի»: 

Ինքնասպանության վարկածը շրջանառվեց 28-ամյա կապիտան Հակոբյանի մահվան օրը՝մայիսի 26-ին: Շաբաթ էր, զորամասում մի քանի ծառայող կար: 13.00-ի մոտ կապի վաշտի ննջարանում նրանք հայտնաբերեցին կրծքից խփված կապիտանի մարմինը: Հաջորդ օրը քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ Հակոբյանը կրծքավանդակի շրջանում «միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորում» է ստացել: «Կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Հմայակ Հակոբյանի մահվան հանգամանքները», - հաղորդեց ՔԿ-ն: 

Մեր աղբյուրը հաղորդում է, որ սպանության զենքը Հակոբյանին ամրակցված ինքնաձիգն է եղել՝ «ԱԿՄ» տեսակի: 

Մահացածի սենյակում նամակ էին գտել, որի բովանդակությունը չի հրապարակվել: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ նամակը հիմք է հանդիսացել քրեական գործ հարուցելու քրեական օրենսգրքի 110 հոդվածով՝ «Ինքնասպանության հասցնելը»: 

Լուրեր են տարածվում, որ կապիտանը մեծ պարտքեր է ունեցել, որոնք էլ ինքնասպանության պատճառ են հանդիսացել: Սակայն մեր աղբյուրը հայտնում է, որ պարտքերը 1 մլն դրամից չեն անցել, ինչը հաստատեցին նաև հանգուցյալի հարազատները: Անտրամաբանական է ենթադրել, որ սպան, որի ամսական վարձը մոտ 300 հազար դրամ է, ընտանիքը կարիքավոր չէ, եղբայրը պայմանագրային ծառայության մեջ է, իսկ հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքով է զբաղված, 1 մլն դրամի համար ինքնասպանություն է գործել: Հետևապես, նախարարի և նախաքննության  մարմնի առաջ քաշած «սոցիալական» հողի վրա ինքնասպանության վարկածը անհեթեթությունը է: 


Ինքնասպանության վարկածը անհեթեթ են համարում նաև Հմայակ Հակոբյանի հարազատները: Սպայի մայրը՝ Մանյա Սարգսյանը Forrights.am-ին հայտնեց, որ մահվան նախորդ օրը որդին գործեր էր պլանավորում, հանդիպումներ էր նշանակում և ամենևին նման չէր մի մարդու, ով որոշել է մաքրել հաշիվները կյանքի հետ:    

«Եթե մարդ այդպիսի նպատակ ունենար, դրանից մի օր առաջ զինվորական շորեր կգնե՞ր, կտաներ կփոքրացնե՞ր: Էդ նոր համազգեստը չհասցրեց հագնել», - հիշում է նա: Մահից երկու օր առաջ Համոն լուսանկրավել էր: Եղբոր նշանածին ասել էր՝ Ալվարդիկ ջան, չմտածես, ես եմ ձեզ ամուսնացնելու: «Հարևանին պետք է գործի տեղավորեր: Զանգեց նրան, ասեց, որ մինչև 12 կգամ, կզրուցենք», - պատմում Մանյա Սարգսյանը: 

Նա այդ օրը երկար սպասել է որդուն, հետո սկսել է զանգել: Հեռախոսն անհասանելի է եղել: Մահվան լուրն առնելով, ճամփա է ընկել:  Հնաբերդից Երևան 10 կիլոմետրանոց այդ ճամփան նրան անվերջ է թվացել: Զորամաս է հասել, մորը ներս չեն թողել. «Չոքել էի զորամասի դռան առաջ, խնդրում էի, որ ներս թողնեն, գնամ, տղայիս տեսնեմ, չթողեցին, չտեսա ես իրան», - հեկեկում է փոքրամարմին կինը: 

Հանգուցյալի եղբայր Հայկ Հակոբյանը մի քանի տարօրինակ հանգամանք է մտաբերում, որոնք անուղղակի վկայում են, որ կատարվածը ինքնասպանություն չէ: Նախ, մահվան օրը կապիտանը աշխատավարձ էր ստացել՝ 500 հազար դրամ, որը սակայն նրա քարտին չի նստել: Կապիտանի վզին հաստ ոսկե շղթա է եղել, որը մահից հետո անհետացել է: 

Նա պատմում է, որ դեպքից հետո մտել է զորամաս, տեսել է ննջարանը, որտեղ եղբայրը մահացել է, և եղբորն ամրակցված ինքնաձիգը, որով վերջինս, ինչպես զորամասից են հաղորդել, խփել է իրեն: Հայկը վստահեցնում է, որ ինքնաձիգը խնամքով դրված է եղել երկու մահճակալների վրա: «Չէր կարող եղբայրս իրեն խփեր, վեր կենար, հետո ավտոմատը սիրուն դներ  կոյկեքի  վրա ու նոր մահանար» - ասում է նա: 

Հայկին կասկածելի է թվացել նաև նամակը, որը եղբայրը, իբր, գրել է մահից առաջ և որի պատճենահանված տարբերակը նա իր մոտ է պահում: Նա ասում է, որ մեկ էջից կազմված այդ նամակում ինքնասպանության մտադրության մասին ոչինչ չի ասվում: 

«Կոնկրետ բան չկա: Գրել ա՝ մի քանի տարի որոշել եմ, որ պետք է անեմ, բայց չեմ արել: Բայց չի գրել, թե ինչ անել: Նամակը շատ մտածված, «ակուրատնի» գրած է,  կետ-ստորակետ պահելով, մի միտքը ավարտել է, նոր տողից է սկսել, բայց էջի վերջում վերջակետի փոխարեն ստորակետ է դրած: Նամակը իր սենյակում է  եղել, ոչ թե ննջարանում, որտեղ մարմինն էր, գրիչն էլ էր իր սենյակում: «Կոֆե» ա խմել օրապահի հետ, ուրախ, զվարթ»,  - ասում է Հայկ Հակոբյանը: Նա նաև վստահեցնում  է, որ զորամասի ներսում եղբայրը խնդիրներ չի ունեցել: Բայց չի բացառում, որ շաբաթ օրով զորամաս կարող էին մտած լինել «դրսի մարդիկ»: Ընտանիքը հույս ունի, որ քննչական մարմինները օբյեկտիվ քննություն կկատարեն և կգտնեն մարդասպաններին: 

 «Ես մայրն եմ, ու ես չեմ հավատում, որ իմ տղան կարող էր ինքնասպանություն գործեր, ես սպասում եմ, ամեն օր եմ սպասում», - ասում է Մանյա Սարգսյանն ու խեղդում է արցունքը: 


Սյուզան Սիմոնյան 
13180
Print
բանակ
Զինծառայողները բջջային հեռախոսներից օգտվելու իրավունք են ստացել 17.08.2018 | բանակ

Զինծառայողները բջջային հեռախոսներից օգտվելու իրավունք են ստացել


ՀՀ ՊՆ-ի նոր հրաման զորքերում բջջային հեռախոսների կիրառման վերաբերյալ

Զինծառայողները բջջային հեռախոսներից օգտվելու իրավունք են ստացել: Այս մասին իր ֆեյսբո

Արթուրը չի մոռացել իր Գողգոթան. «Թևերս բացեցի, ստիպեցին գլուխս կախեմ, ասեցին՝ դու Հիսուսն ես, իմացի՝ քեզ խաչել ենք» 16.08.2018 | բանակ

Արթուրը չի մոռացել իր Գողգոթան. «Թևերս բացեցի, ստիպեցին գլուխս կախեմ, ասեցին՝ դու Հիսուսն ես, իմացի՝ քեզ խաչել ենք»

Ցմահականների պատմություններն ուսումնասիրելիս ակամայից անարդարության թանձր հոտ ես առնում: Հանցագործություն բացահայտելու փոխարեն դատախազության, քննչական մարմինների, ռազմական ոստիկանության ներկա ու նախկին պաշտոնյաներ իրենք են արյունոտել սեփական ձեռքերը: Հատկապես զինվորական հանցագործություն

Զինծառայող Հրանտ Մանգասարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի 13.08.2018 | բանակ

Զինծառայող Հրանտ Մանգասարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի

Ժամկետային զինծառայող Հրանտ Մանգասարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրթիռահրետանային սպառազինության պահեստապետին:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ N զորամասի ծառայության պահեստում 2017թ.

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: