լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
4.07.2018 | բանակ

Ապրիլյան պատերազմում Սերժ Սարգսյանը երաշխիքներ էր տվել Ադրբեջանին (տեսանյութ)

Ապրիլյան պատերազմում Սերժ Սարգսյանը երաշխիքներ էր տվել Ադրբեջանին (տեսանյութ)
2016 թվականի ապրիլյան պատերազմը ոչ միայն մեծաթիվ զոհեր ու տարածքային կորուստներ բերեց, այլև խորացրեց ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում:  Սերժ Սարգսյանի իշխանությունն ուժգնացրեց հարձակումներն ընդդիմադիրների նկատմամբ, որոնք բարձրաձայնում էին պատերազմի օրերին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կասկածելի որոշումների մասին: Ժիրայր Սեֆիլյանն ու Անդրիաս Ղուկասյանը ճշմարտությունը բարձրաձայնելու առաքելությունն իրենց վրա էին վերցրել, ինչի պատճառով թիրախավորվեցին՝ հայտնվելով բանտերում:   

Սեֆիլյանը բացահայտեց պատերազմում տարածքային լուրջ կորուստների փաստը, իսկ Ղուկասյանի գլխավորած «Ոտքի՛, Հայաստան» շարժումը հրապարակեց աղմկահարույց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները հարձակվում հայկական դիրքի վրա և ինչպիսի որոշումներ է ընդունում հայկական կողմը: 2 տարի անազատության մեջ անցկացնելու հետո միայն վերջերս ազատ արձակված Անդրիաս Ղուկասյանը Forrights.am-ի զրույցում հետահայաց անդրադառնում է ոչ վաղ անցյալի իրողություններին: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն աջուձախ երաշխիքներ էր տվել, որ հայերը չեն պահանջելու հետաքննել ապրիլյան պատերազմն ու պատասխանատուների պատժման հարց չէր դրվելու: 

«Մենք ցույց տվեցինք, որ այդպես չէ՝ մենք պահանջատեր ենք և երկու ժողովուրդների գլխին պատերազմ բերողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Տեսագրության նպատակը եղել է միջազգային վարույթ հարուցելը Իլհամ Ալիևի դեմ՝ նրա քրեական պատասխանատվության աստիճանը որոշելու նպատակով: Այդ օրերին Սարգսյանը սպասարկում էր այն ուժերի շահերը, ովքեր ուզում էին, որ Ալիևը մնա առանց պատասխանատվության, դրանով և առիթ տվեցին՝ քննարկելու՝ արդյո՞ք իր գործողությունները չեն պարունակում պետական դավաճանության հոդվածով նախատեսած քրեական հատկանիշներ, որովհետև  հակառակորդ պետությանն աջակցելը պետական դավաճանություն է: Մեր այս գործունեությունը վստանգավոր էր ոչ միայն նրա համար, որ դնում էինք ադրբեջանական ղեկավարության, այլև հենց իր՝ Սերժ Սարգսյանի պատասխանատվության հարցը»,- նշում է Անդրիաս Ղուկասյանը:   

Բանտից դուրս գալուց հետո էլ ինքը չի կասկածում, որ Սերժ Սարգսյանը կատարել է պետական դավաճանությանը հավասարազոր գործողություններ: Ապրիլյան պատերազմի օրերին ի հայտ եկան այնպիսի փաստեր, որոնք վկայում էին, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն ադեկվատ չի պահում ստեղծված իրավիճակին: Անդրիաս Ղուկասյանը փաստարկներ է բերում.  

«Տեսեք՝ Հայաստանում ռազմական դրություն չհայտարարվեց, մոբիլիզացիա չկատարվեց: Հարց կարելի է տալ՝ այդ մարդիկ նախապես գիտեի՞ն, որ պատերազմը 2-3 օր է տևելու: Որտեղի՞ց պիտի իմանային, որ սա լայնածավալ հարձակում չէ: Բավարար չեն եղել հետախուզության տվյալները և բաց են թողել ադրբեջանական ուժերի կուտակման պահը: Ակնհայտ է, որ նման հարձակման դեպքում պետք է մեխանիկորեն ռազմական դրություն մտցվեր Հայաստանում, մոբիլիզացիա սկսվեր; Հայաստանը պիտի ճանաչեր Արցախի անկախությունը և դրան համապաստախան գործեր աշխարհում: Սա այն անխուսափելի գործողությունների ցանկն է, որ պետությունը պարտավոր է իրականացնել: Գերագույն գլխավոր հրամանատարն իր ֆունկցիաներն ակնհայտորեն չէր կատարում, անգործություն էր ցուցաբերում, և այդ պատճառով Սասնա ծռերն իրեն մեղադրեցին դավաճանության մեջ, որ այդ ամենը կոռուպցիայի ռիսկ ունի, որ այս ամենը փոխկապակցված է այլ պետությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի շահերի հետ և զենքը ձեռքին դուրս եկան պայքարի»:   

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հարձակվի ու չէր հարձակվի Արցախի վրա, եթե չունենար գործողությունը հաջողությամբ ավարտելու երաշխիքներ, և որ ինքը միջազգային դատարանում այդ գործողությունների համար պատասխանատվություն չի կրի: Անդրիաս Ղուկասյանը վստահ է, որ 2016 թվականի ապրիլին այդպիսի երաշխիքներ առկա են եղել, որ Ադրբեջանը գնաց այդ քայլին: Հայկական կողմից  ո՞վ էր երաշխիքներ տվել Ադրբեջանին: Սա մի հարց է, որ բավականին բարդ իրավիճակ է ստեղծում Հայաստանի ժամանակավոր կառավարության համար.    

«Իրենք ի զորո՞ւ են, թե ի զորու չեն հարցը առաջ տանել, դա խնդիր է: Բայց դա Արցախի կարգավիճակի, բանակցությունների հետ կապված խնդիր է՝ քաղաքական ի՞նչ գնահատական ենք տալիս ապրիլյան պատերազմին: Եթե մնա այնպես, ինչպես որ կա, դա վատ ազդակ է, դա հրավեր է Ադրբեջանին՝ ինչքան ուզի մարդ սպանի, որովհետև սա նշանակում է, որ հայերը հեռու են սեփական իրավունքներն ընկալելու հատկությունից, և կարող են պաշտպանվել միայն զենքի ուժով, իսկ միջազգային հարաբերությունների տիրույթում ոչ աջակիցներ ու ոչ էլ քաղաքական համախոհներ ունեն և հայերին, ինչպես որ հնարավոր էր 100 տարի առաջ կոտորել, այնպես էլ հիմա կարելի է կոտորել, դա միայն զենքի հարց է։ Իրականում սա մեծագույն սուտ է, դա 100 տարի առաջ էդպես չի եղել, և հիմա այդպես չէ»,- նշում է Անդրիաս Ղուկասյանը:

Սերժ Սարգսյանը չներեց Անդրիաս Ղուկասյանին և նրա նկատմամբ կասկածելի քրեական գործ հարուցեցին. «Անհերքելի փաստ է, որ Սարի թաղի գործով իմ ու մյուս կալանավորվածների նկատմամբ հետապնդումների շահառուն եղել է Սերժ Սարգսյանը։ Մենք ունենք տեղեկություններ, որ Սերժ Սարգսյանն անմիջական միջամտություն է ունեցել դատարանների վրա, երբ կալանքի մասով որոշումներ էր կայացվում, և ճնշումներ՝ Քննչական կոմիտեի ու Հատուկ Քննչական ծառայության վրա` գործի քննության ընթացքում»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը։    

Հիշեցնենք,  որ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, թե իբր 2016 թվականի հուլիսի 29-ին Երևանում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված Սառնա ծռեր խմբին։ Գործով տուժող է ճանաչվել 56 հոգի, որոնցից 50-ը՝ ոստիկաններ են: 

Ղուկասյանի դեմ գործը կարճված չէ՝ պաշտպանների միջնորդությամբ ընդամենը փոխվել է խափանման միջոց կալանավորումը՝ երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ։ Շեշտենք, որ օրեր առաջ կարճվեց նրա հետ նույն գործով անցնող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը: Սարի թաղի գործով մեղադրված այս գործիչներն այժմ քննարկում են միասնական հայց ներկայացնել դատաիրավական համակարգի բոլոր այն ներկայացուցիչների դեմ, որոնք մասնակցել են իրենց նկատմամբ շինծու գործեր սարքելուն: Քննությունը պիտի պարզի հետևյալ հարցերի շրջանակը՝ ո՞ւմ միջամտությամբ և ինչ շարժառիթով են քրեական հետապնդման ենթարկվել ընդդիմադիրները։   

Անդրիաս Ղուկասյանը պատմում է, որ դատավորներն ու քննիչները ոչ պաշտոնական ձևաչափով իրենց խոստովանել են՝ դատաիրավական համակարգի վրա ճնշումներ են գործադրվել Բաղրամյան 26-ից, երբ նախագահ էր Սերժ Սարգսյանը: Ղուկասյանի համար հստակ է շինծու գործ սարքած անձանց շրջանակը, որոնք սուտ ցուցմունքներ են տվել և ստեղծել են կեղծ ապացույցներ:

«Դրանց պարագլուխը Սերժ Սարգսյանն է։ Այդ կծիկը կքանդվի ներքևից։ Հասկանալի է, որ ոչ մի ոստիկան ու քննիչ իր վրա չի վերցնի Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը և հավանականությունը մեծ է, որ բոլոր մարդիկ ճշմարտությունը կհայտնեն քննությանը՝ ինչու են իրենք դրդված եղել գործել այդ եղանակով։  Այդ վարույթը, վստահ եմ, բերելու է դեպի Սերժ Սարգսյանի դուռը։ Չեմ կասկածում, որ այդ գործընթացը կունենանք»,- ասում է քաղաքական գործիչը:   

Անդրիաս Ղուկասյանը ենթարկվե՞լ է քաղաքական հետապնդման, թե ոչ, այս հարցն այժմ քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:  Վարույթ է ընդունվել Ղուկասյանի պաշտպանների բողոքը` 18-րդ հոդվածը: Ղուկասյանը վստահ է, որ մինչև սեպտեմբեր ՄԻԵԴ-ն իր հարցով որոշում կընդունի և իրեն կճանաչի քաղաքական բանտարկյալ:    

Ի  դեպ, հունիս 30-ին տեղի ունեցավ Անդրիաս Ղուկասյանի գլխավորած Հայ կառուցողական կուսակցության հիմնադիր համագումարը: «Ոտքի ՛, Հայաստան» շարժման հենքի վրա ստեղծված քաղաքական այս ուժը սոցիալ-ազատական գաղափարախոսություն ունի: Նպատակը՝ պետական կառավարումը համապատասխանեցնելն է անկախ, իրավական, սոցիալական պետության պահանջներին:     

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին Անդրիաս Ղուկասյանի ղեկավարած ուժը պատրաստ է մասնակցել ինչպես ինքնուրույն, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ժողովրդավարական ուժերի միավորմամբ: Ինչպես ասում են՝ գնդակը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և վարչապետի դաշտում է:


Ռոբերտ Անանյան
8449
Print
բանակ
ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին 10.07.2018 | բանակ

ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին

Զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված ու մահացած զինծառայողների հարազատներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկությունների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետո

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց 10.07.2018 | բանակ

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր կրկին հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժան սպանության գործով նիստի քննությունը. 4 մեղադրյալներից մեկի՝ Մովսես Ազարյանը նիստի էր ներկայացել առ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության:  Անբնական երևույթ է բանակ չգնալը» 9.07.2018 | բանակ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության: Անբնական երևույթ է բանակ չգնալը»

Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա իրեն չպետք է թույլ տա: Այստեղ խնդիրն այն է, որ օրենքը չի գործել, և մարդիկ կարողացել են ինչ-որ ձևով խարդախություն անել»,- կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: