Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այցը «Արմավիր» ՔԿՀ հիասթափեցրել է այնտեղ պահվող 30 ցմահ դատապարտյալներից շատերին: Զեյնալյանը հանդիպել է ցմահականներ Արսեն Արծրունուն, Ստեփան Գրիգորյանին ու Աշոտ Մանուկյանին: Չի ընդունել 8 օր հացադուլ անցկացնող Վաղարշակ Ավետիսյանին, որը գործի վերանայում է պահանջում:

«Ո՞ւմ էր պետք իր այցելությունը, եթե ամիսներով իրեն նամակ ենք գրում, որ գա, հանդիպի մեզ, լսի, բայց գալիս է ու չի ընդունում: Բայց չէ՞ որ երկար տարիներ էս օրվան ենք սպասել, որ ժողովրդի կառավարության նախարար նշանակվի, որը մեզ մարդու տեղ կդնի»,- անունը չհրապարակելու պայմանով Forrights.am-ին փոխանցում է ցմահականը: Պնդում է՝ իշխանության ուշադրությունն իրենց խնդիրներին սևեռելու համար իրենք պատրաստ են կտրուկ միջոցների գնալ:

Արտակ Զեյնալյանի հետ զրույցներն ու եռամսա գործունեությունը ցմահականներին հույս չի ներշնչում, որ կլուծվեն տասնամյակներից ժառանգված խնդիրները: Հակառակը, նոր նախարարը շարունակում է իր նախորդների կրավորական, հաճախ՝ բացասական ավանդույթները: Փոխանակ նախարարը պատասխան տա, թե ինչու 20 տարին լրացած ցմահականները չեն կարողանում արդյունավետ օգտվել վաղաժամկետ ազատման իրավունքից, ցմահականների հետ խոսելիս առաջ է քաշում տուժողների հարցը. «Հարցնում է՝ տուժողները ձեզ ներե՞լ են: Է՜ եթե տուժողներին նայենք, կասեն՝ տարեք հրապարակում կախեք: Բայց չէ՞ որ ես 20 տարուց ավել բանտում պատիժ եմ կրել, դրական բնութագիր ունեմ, ինչո՞ւ օրենքը չի գործում ու ազատ չեն արձակում»,- դժգոհում է մեկ այլ ցմահ դատապարտյալ:

Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները խոցելի վիճակում են: Գրեթե բացակայում են խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունները: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս ֆոնին բացասական է գնահատում Արդարադատության նախարարի դիրքորոշումը, այն է՝ տուժողներից ներվելու հանգամանքը բերել առաջին պլան.

«Նման ուղերձը նպաստում է, որ մարդկանց միշտ մեղավոր ճանաչեն և միշտ փակի տակ պահեն: Այսինքն՝ խոչընդոտում է պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի իրացմանը: Սա կանաչ լույս է վառում, որ Քրեակատարողական հիմնարկների վարչակազմը կարող է հնարավոր բոլոր մեթոդներով խոչընդոտել պայմանական վաղաժամկետ ազատման պրոցեսին, քանի որ նախարարը գտել է, որ տուժողների կողմից ներված լինելու հանգամանքը կարևորվում է: Ակնհայտ հակաիրավական, ապօրինի սկզբունք է առաջադրվում»,- Forrights.am-ին ասում է իրավապաշտպանը:

Ցմահների խնդրին տուժողների դիտանկյունից նայելը պարոն Զեյնալյանին փակուղի է մտցնելու: Կա օրենք, որը ցմահականին թույլ է տալիս 20 տարի պատիժ կրելուց հետո վաղաժամկետ ազատ արձակվել, և այդ օրենքը պետք է գործի. «Պայմանական վաղաժամկետ ազատումը դատապարտյալի իրավունքն է, որը պետք է կիրառվի: Տուժողի կողմից դատապարտյալին ներելու որևէ դրույթ չի կարող լինել: Եթե տուժողի ներելու հասկացությունը դրվի արդարադատության հիմքում, դիտարկվի որպես հիմնարար սկզբունք, ապա դա կկոչվի վենդետա՝ իրավական ճանապարհով: Ոչ մի տուժող երբեք չի համակերպվելու, հատկապես՝ մարդկային կորուստների հետ»,- նշում է Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ կասկածի տակ դնելով դատապարտյալի՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքը, նախարարը փաստացի չի ճանաչում այդ իրավունքը.

«Այստեղ ընդհանրապես տուժող հասկացություն չկա: Այստեղ կա հետևյալը՝ դատապարտված անձի կողմից իր մեղքի զգացումը և ուղղված լինելու աստիճանը: Այս հարցերի շրջանակներում է դիտարկվում, ընդհանրապես՝ տուժողից ներված լինելու հասկացություն գոյություն չունի»:

Նախարար Զեյնալյանը պետք է հետամուտ լինի, որ վերացվեն 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի հրամանով ցմահ դատապարտյալների իրավունքների խախտումները: Հիշեցնենք, շուրջ 15 տարի առաջ Հայաստանում վերացվեց մահապատիժը: Առանց դատ ու դատաստանի փոխվեց այս մարդկանց պատժի տեսակը՝ մահապատժից ցմահ ազատազրկման: Արտակ Զեյնալյանը կարող է հրամանագիրն ապօրինի ճանաչելու օրենսդրական առաջարկություն ներկայացնել:

Ցմահականներին հետապնդող խնդիրները միայն վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտով չեն ավարտվում: Բազմաթիվ են պատժի կրման ռեժիմի փոփոխության դիմումների անհիմն մերժումները: Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը միայն դատարանում հասավ արդարության: Օգոստոսի 1-ի նիստում Երևանի Ավան և Նոր Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի ճանաչեց Քրեակատարողական ծառայության Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, որով մերժվել էր փոխել նրա պատժի կրման ռեժիմը փակից կիսափակ: Ընդամենը 14 ցմահական է պատիժը կրում կիսափակ ռեժիմում ու միայն «Արմավիր» ՔԿՀ-ում օգոստոսի 8-ին նախարար Զեյնալյանին ուղեկցել է Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը: Ըստ Արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ նախարարը եղել է «Արմավիր» ՔԿՀ-ի 1-ին, 2-րդ, 4-րդ մասնաշենքերում: Արտակ Զեյնալյանը շրջայցի ընթացքում նաև կարճատև զրույց է ունեցել որոշ ցմահ դատապարտյալների հետ, լսել նրանց խոսքը:

Forrights.am-ին հետ զրույցում ցմահական Ստեփան Գրիգորյանն իր ու Արտակ Զեյնալյանի զրույցից որոշ մանրամասներ պատմեց: Քրեակատարողական ծառայության պետը Ստեփան Գրիգորյանին ներկայացրել է իբրև «նորմալ մարդ»: Նախարար Զեյնալյանը ցմահականին հարցրել է, թե նա ինչ է ուզում. «Ասեցի՝ ազատություն, ցավդ տանեմ: Արդեն 55 տարեկան եմ ու մարդ չեմ սպանել: Նախարարը թե՝ բա տուժողներ կա՞ն: Ասեցի՝ ես մարդ չեմ սպանել, մասնակից եմ»:

Գրիգորյանը խոսել է ցմահականների անունից, պնդելով, որ իրենք պահանջում են վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի լիարժեք աշխատանք, ինչպես օրենքով է սահմանված: Զեյնալյանը պատասխանել է, թե օրենքն արդեն աշխատում է: Հիշեցնենք, որ նրա պաշտոնավարման 3 ամսում ոչ մի ցմահ դատապարտյալ վաղաժամկետ ազատ չի արձակվել: Սա այն դեպքում, երբ 30-ից ավելի ցմահական ճաղերի հետևում անցկացնում է 20 տարուց ավելի:

Ամիսներ առաջ՝ մինչև Թավշյա հեղափոխությունը, Արմավիրի դատարանը մերժել է Ստեփան Գրիգորյանին վաղաժամկետ ազատ արձակել: Ցմահականը պատմում է, որ նիստից հետո իրեն է մոտեցել դատավոր Արթուր Ադամյանը և անկեղծ խոստովանություն արել. «Սեղմելով ձեռքս՝ ասեց, Ստեփան ջան, ես ո՞վ եմ, դատախազն ո՞վ է, որ կարողանանք վճիռ փոխենք, որոշում կայացնենք: Ասեց՝ ձեր հարցը քաղաքական է»: Ստեփան Գրիգորյանը տպավորություն ունի, որ իրավիճակ է փոխվել, վաղաժամկետ ինստիտուտը, գործերի վերանայման խնդիրները կլուծվեն, բայց պետք է սպասել կոնկրետ արդյունքների. «Էս տարիներին նախարարներ էնքա՜ն են եկել, էնքա՜ն խոստումներ են տվել, ոչ մի բան չի փոխվել, հիմա ո՞նց համոզված լինենք…»:

2 ամիս առաջ Ստեփան Գրիգորյանն ու իր երեխաները ներման խնդրագրով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այժմ Կառավարությունում փաստաթղթեր են հավաքագրվում և մշակվում, ամբողջականացվում է նրա բնութագիրը:

Անազատության 24 տարիները հետևում թողած Գրիգորյանն անկեղծանում է՝ իր կրած տանջանքները ոչ մի կերպ չեն փախհատուցվի. «Ոչ մի հոգեբան չի կարողանա հասկանալ, թե էսքան տարի նստելը էդ ինչ ա, մենակ Աստված գիտի ու մեկ էլ էս պատերը կվկայեն: 7 տարի մահապատժի տակ նստած եմ եղել, ինչ ապրումներ, ինչ տանջանքներ… 8 ամիսը մեկ էին բաղնիք տանում: Հա, ճիշտ ա, ավազակային հարձակումներ կատարել եմ, բայց ոչ մեկին կյանքից չեմ զրկել»:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մեղադրվել է 1961 թվականի Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին և 7-րդ կետերով՝ մասնակցել է սպանության: 1997 թվականի դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանը նրան դատապարտվել է մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պատժի ձևը փոխվել է ցմահ ազատազրկման:

Ստեփան Գրիգորյանի ներման խնդրագրին Կառավարությունից խոստացել են պատասխանել 1 ամսվա ընթացքում:

Ռոբերտ Անանյան

Pin It on Pinterest