Մտավոր խնդիրներ ունեցողին զորակոչել են բանակ, բռնաբարել են ու «իդեալական մարդասպան» են սարքել

Մտավոր  խնդիրներ ունեցողին զորակոչել են բանակ, բռնաբարել են ու «իդեալական մարդասպան» են սարքել
Ժամկետային զինծառայող, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանող Նարեկ Ադիբեկյանը, 45 օրից պետք է տուն վերադառնար, բայց չհասցրեց: Նա զոհվեց Արցախի N զորամասի մարտական դիրքում, հրազենային մահացու վերքերից, մութ, տարօրինակ հանգամանքներում, երբ պաշտպանության նախարարը դեռ Վիգեն Սարգսյանն էր:   

Քննչական կոմիտեն գործ հարուցեց «Սպանություն» հոդվածով / քր. Օր. 104  հ, մաս 1/ , սպանության կասկածանքով ձերբակալվեց Նարեկի ծառայակիցը՝ Մ.Մ.-ն: Ըստ դատաբժշկական եզրակացության, նա բազմաթիվ վնասվածքներ է ունեցել շուրթերի, այտերի, հետույքի, քթի, ամորձապարկի շրջանում, ուղիղ աղու լորձաթաղանթի արյունազեղումներ, մաշկի արտափքվածքներ, ճեղքեր, պատռվածքներ հետանցքի շրջանում երակների հիվանդագին փոփոխություններ, կոշտ և բութ առարկայի ներթափանցումների հետքեր: Տպավորություն է, որ մի ամբողջ «ազգ-բանակ» է խոշտանգել տղային:   

Սպանության օրը՝ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում պաշտպանության նախարարությունում կլոր սեղան-քննարկում էր, ԵԽ ներկայացուցչի, գնդապետ Ալիկ Ավետիսյանի, տարբեր այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նրանք խոսում էին Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման մասին:  

Քննիչը կեղծել է իրեղեն ապացույցները   

Երրորդ կայազորային քննչական վարչության քննիչներին Մ. Մ.-ն ցուցմունք է տվել, որ իրեն տանջողը մեկն է եղել՝ Նարեկ Ադիբեկյանը: Նարեկը, ըստ քրեական գործի տվյալների, շուրջ երեք ամիս հետապնդել, ծեծել, հալածել է և սեռաբնույթ հանցագործություններ է կատարել Մ.Մ.-ի հանդեպ: Սպանության դրդապատճառը, սակայն, ըստ Մ.Մ.-ի «քֆուրն» է եղել: Ըստ գործի նյութերի, Նարեկն իրեն հարցրել է, թե որտեղ է իր սուրճը, իսկ ինքը ասել է՝ ներքևում խմել ես, ինչ պարտադիր է, նորից խմես: Այդ բառերից հետո, ըստ Մ.Մ-ի, Նարեկը զայրացել է և ասել է. «ծնողդ ք. բ-ի տղա»:   

Այդ պահին ինքը, ըստ քննիչների վարկածի, «ցածրաձայն» լիցքավորել է իր զենքը և 3-4 անգամ կրակել է Նարեկի վրա: Ռազմական փորձագետ, քրեագետ և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը կասկածի տակ է դնում այս պատմությունը:   

«Այսպես կոչված մարդասպանի ցուցմունքը ամբողջապես ուղորդված է քննիչի, ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից. - ասում է նա, - և չի համապատասխանում փորձագիտական եզրակացություններով ձեռք բերված փաստերին»:   Մարտական դիրքում եղել է փոխհրաձգություն մի քանի անձանց միջև Ուսումնասիրելով փորձագիտական եզրակացության հետազոտական մասը, քրեագետը երեք հիմնական հակասություններ է հայտնաբերել, որոնք կարող են վկայել, որ քննիչը ծառայողական հանցագործություններ է գործել:      

«Նշված է, որ փաթեթներից մեկում առկա է պարկուճ, բայց փաթեթը բացել են, իրականում փամփուշտ է եղել, ոչ թե պարկուճ: Այսինքն, որոշում կայացնելուց հետո նույն քննիչը հանել է իր նշած պարկուճը, տեղը դրել է փամպուշտ: Պարկուճով հնարավոր է որոշել, թե ում զենքից է կրակված այն, և այն փամփուշտով փոխարինելով, քննիչը վերացնում է այդ հնարավորությունը:   Երկրորդը՝ փաթեթավորվել է Ադիբեկյանի ինքնաձիգը, այնուհետև ապօրինաբար իրեղեն ապացույցների նույն փաթեթում ավելացվել է փամփուշտատուփ 30 փամփուշտներով: Ես ունեմ պատասխանը, թե ինչու է այդ հանցագործությունը կատարվել: 

Ըստ քննիչի հեքիաթի՝ հանցավոր հեքիաթի, դեպքի վայրում Մ. Մ-ն անակնկալի բերելով Նարեկին, նրա համար աննկատ լիցքավորել է իր զենքը, շրջվել է և սկսել է կրակել նրա ուղղությամբ;   Սակայն ըստ փորձաքննական եզրակացության դեպքի պահին, դեպքի վայրում կրակել է ոչ միայն Մ.Մ.-ն, այլ նաև Նարեկը: Նա իմացել է, որ իր վրա կրակելու են, և կանխելով դա, ինքն է կրակել, կամ ինչ որ երրորդ անձ, կամ անձինք կրակել է Նարեկի զենքից: Ո՞ւր են անհետացել դեպքի վայրից կրակված պարկուճները: Հավանաբար, քննիչը գտել է պարկուճներ, դրանք չի ցանկացել ցույց տալ և ոչնչացրել է», - ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:    

 Քննիչի դեմ բողոք կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազին    

Նա նկատել է նաև, որ փաթեթներից մեկի վրա գրված է մի համարի պարկուճ, սակայն փորձագետները, երբ բացել են փաթեթը, հայտնաբերել են, որ պարկուճը փոխված է, այլ համարի է:   

«Քննիչի համար, հավանաբար, ցանկալի չէր, որ մենք իմանանք, թե որ զենքից է կրակված: Այդ պարկուճը պետք էր ոչնչացնել, հանել արանքից, ինչն էլ արվել է: Այսպիսով, ունենք փորձագիտական կենտրոնի կողմից ֆիքսված երեք հանցագործության փաստ», - ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:   

Փորձագետներին ուղարկել են 6 փամփուշտ, որոցից 4-ը կրակված է Մ.Մ. Խ-ի զենքից, երկու փամփուշտը, դատելով դրանց վրա հայտնաբերված հետքերից, կրակված են այլ անհայտ զենքերից: Նման պայմաններում քննիչը պարտավոր էր առաջարկել  կասեցնել փորձաքննությունը և ներկայացնել տվյալ մարտական հենակետի մյուս զինծառայողների ինքնաձիգները, պարզելու համար, թե ով է եղել դիիքում կրակողից և սպանվողից բացի և ովքեր են կրակել:  Սակայն չի արել դա: Նարեկ Ադիբեկյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Հայարփի Սարգսյանը բողոք է ներկայացնելու քննիչի դեմ:   

Ով է ենթադրյալ մարդասպանը 

Ըստ Մ.Մ-ի փաստաթղթերի, նա ունի մտավոր խնդիրներ և բանակ է զորակոչվել սահմանափակումներով: «Բնավորությամբ համեստ է, խեղճ և մանկամիտ», - գրված է զորակոչային հանձնաժողովի տված փաստաթղթում: Այս հիվանդ, մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդը բազմիցս սեռական բռնությունների է ենթարկվել զորամասում, նրան ծաղրել են և բռնաբարել են ամենաայլասերված եղանակներով: Ո՞ւմ կողմից: 

«Չկան համոզիչ ապացույցներ, որ դա արել է Նարեկ Ադիբեկյանը», - ասում է Ռուբեն Մարտիրոսյանը: Իր ցուցմունքներում Մ.Մ.-ն նշում է միայն Նարեկ Ադիբեկյանի անունը, միաժամանակ շեշտելով, որ Ադիբեկյանն այդ բռնարարքները կատարում էր միայն այն ժամանակ, երբ իրենք երկուսով էին: Ի՞նչն է խանգարում մեզ ենթադրել, որ այս ցուցմունքը ուղորդված է, որ այն գրվել է քննիչի դրդումով, այն քննիչի, որը կեղծել է իրեղեն ապացույցները: 

«Անհոգ է, մտահոգ, քչախոս, անհամարձակ, մեկուսի, մեղսունակ», «նրա մոտ հայտնաբերվել է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն», - այսպես է քննիչն իր որոշումներում նկարագրում մարդասպանին: Նրան մարտական զենք են վստահել, ուղարկել են դիրքեր, երբ անգամ սահմանափակումներով զորակոչելու իրավունքն է նրա դեպքում մեծ կասկած հարուցում: Նա չունի փաստաբան, հայրը տառապում է ալկոհոլային կախվածությամբ, մայրը սոցիալապես անապահով, խեղճ կին է: Քեռին ունեցել է հոգեկան հիվանդություն, և չի բացառվում, որ իր «մանկամտությունն» էլ գենետիկական ծագում ունի, իսկ այս դեպքում Մ. Մ-ն պետք է միանշանակ ազատվեր բանակային ծառայությունից: 

Պետք է նկատել, որ թվարկածս հանգամանքները Մ.Մ-ին «իդեալական մարդասպան» են դարձնում, որը կգրի այն, ինչ պահանջվում է, առանց նույնիսկ ընկալելու, թե ինչ է կատարվում իր շուրջը, իսկ հետագայում նրան հեշտությամբ կարող են ազատել պատժի կրումից: 

Անհամբեր սպասում ենք երրորդ կայազորային քննչական վարչության պատասխանին սույն հրապարակմանը: Հետամուտ ենք լինելու Նարեկ Ադիբեկյանի սպանության բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը: 

 Սյուզան Սիմոնյան   


13.05.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=10&ln=1&page_id=748