1 ամիս առաջ «Սասնա ծռերի» գործով նոր մարդ է կալանավորվել

1 ամիս առաջ «Սասնա ծռերի» գործով նոր մարդ է կալանավորվել
Թավշյա հեղափոխությունից առաջ՝ ապրիլի 8-ին ՀՔԾ-ն որոշել է «Սասնա ծռերի» գործով նոր մարդու կալանավորել՝ ՊՊԾ գնդի գրավումից երկու տարի անց: Խոսքը տաքսու վարորդ Կարեն Խաչատրյանի մասին է, ով մեղադրվում է Սասնա ծռերին աջակցելու մեջ՝ մասնավորապես, ՊՊԾ գնդում ծռերի գտնվելու ժամանակ նրանցից երկուսին զանգելու համար:   

Այս մասին Forrights.am-ին ասաց Խաչատրյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ հավելելով, որ մեղադրանքը շինծու է:     

«Սասնա Ծռերի ապստամբությունից 19 ամիս հետո շինծու մեղադրանքով կալանավորում են, այն դեպքում, երբ Խաչատրյանը 19 ամիս փախուստի չի դիմել,  նոր հանցանք չի գործել, որևէ մեկի վրա չի ազդել.ինչու՞ են կալանավորել»,-տարակուսանք հայտնեց պաշտպանը: 

Նա նաև ասաց, որ չնայած Կարեն Խաչատրյանը մեկ ամսից ավելի կալանավորված է, նրա հետ որևէ քննչական գործողություն չի կատարվել:  

Ուշագրավն այն է, որ դեպքից միայն մոտ երկու տարի անց ՀՔԾ-ն որոշել առգրավել  Խաչատրյանի հեռախոսները՝ թերևս փորձաքննելու համար: Ընդ որում՝  բռնագրավել է նաև տան ապրուստի գումարը: Այն դեպքում, երբ տաքսու վարորդ Կարեն Խաչատրյանը մանկահասակ երկու երեխա ունի, վարձով է ապրում և տան միակ կերակրողն է:     

Փաստաբանը ՀՔԾ-ից պահանջել է վերադարձնել ընտանիքի ապրուստը, սակայն ՀՔԾ-ից պատասխանել են, որ գումարը կվերադարձնեն միայն համապաասխան քննությունից հետո:   

Մարինե Խառատյան


13.05.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=12&ln=1&page_id=725