Սարդարապատի հուշահամալիրը դուրս է մնացել 100 - ամյակի տոնակատարություններից

Սարդարապատի հուշահամալիրը դուրս է մնացել 100 - ամյակի տոնակատարություններից
«Զգո՜ւյշ, զգո՜ւյշ, կամաց իջեցրեք, շրջանակից բռնեք»,- Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տնօրեն Կարեն Արիստակեսյանը մեծագույն հոգածություն է դրսևորում պատից պատ տեղափոխվող կտավների նկատմամբ։ Անձամբ է դրանք ձեռքն առնում, որ տեղափոխելիս չվնասվեն։ Ճի՞շտ է  Զորավար Անդրանիկի կտավը փակցնել Իրժի Նոսեկի «Սարդարապատ» կտավի կողքին, թե՞ չափերով փոքր այդ նկարների արանքում արժի տեղակայել մեծադիր մեկ այլ կտավ։ 

Թանգարանի աշխատակիցները մտմտում են՝ տարբեր գաղափարներ առաջարկում․ «Էքսպոզիացիան կարգավորելու և ճիշտ մոտեցման խնդիր է առաջացել։ Պետք է այնպես անենք, որ թանգարանի առաջին ցուցասրահը աչքին հաճելի լինի՝ ճիշտ պատկեր ստանանք»,- ասում է Կարեն Արիստակեսյանը։ 

Այս օրերին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում պարապ մարդ չկա։ Աշխատանքային ռիթմը կլանել է բոլոր աշխատակիցներին։ Այս տարի լրանում է Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը։ Թանգարանում ամենայն պատասխանատվությամբ են պատրաստվում տոնակատարություններին։ Ցուցասրահները համալրվում են նոր էքսպոնատներով․ թեման Սարդարապատի հերոսամարտն է և 1918 թվականին թուրքական ներխուժումը հետ շպրտած հերոսները։ Կարգի են բերվում և թարմացվում ցուցափեղկերը։ 

Թանգարանի ամենամեծ սրահում բացառիկ մասունքներ են։ Ցուցադրված են Անդրանիկ Օզանյանի ծխամորճը, ձեռնափայտը և ձեռագրի մեկ օրինակ։ Մեկ ուրիշ անկյունում Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի բրդյա կոստյումն է։ Այցելուին խրոխտ հայացքով է դիմավորում գեներալ, մարշալ Հովհաննես Բաղրամյանի մարմարե կիսանդրին՝ պատրաստված 1951 թվականին։ Թանգարանային հին առարկաների կողքին մայիսի 28-ին ընդառաջ կցուցադրվեն նորերը, նաև՝ Ազգային արխիվից բերված փաստաթղթեր։ Ծրագրվում է Սարդարապատի դաշտում անցկացնել պեղումներ և գտածոները ցուցադրել թանգարանում։ 

Սարդարապատի հուշահամալիրի տնօրենը խոսք է տալիս, որ ցուցահանդեսը քաղաքացիների առջև բաց կլինի մայիսի 19-ին՝ թանգարանային գիշերը։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը համընկել է Հայաստանում Թավշյա հեղափոխությանը։ Կարեն Արիստակեսյանն այս մասին խոսելիս մեջբերում է Պարույր Սևակի հայտնի տողերը․ «Սերունդներ դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»։ 

1918 թվականի մայիսի 22-ից 29-ը տևած Սարդարապատի հերոսամարտերն ընդդեմ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի, պսակվում են հաջողությամբ։ 9-օրյա ճակատամարտն ավարտվում է լիակատար հաղթանակով, որի արդյունքում թուրքական կողմը ջախջախվեց և 60 կիլոմետր հետ շպրտվեց։ Այդպիսով՝ վերացվեց Երևանին սպառնացող անմիջական վտանգը։ 

Սարդարապատի հերոսամարտը տեղի բնակչությանն ու արևմտահայ գաղթականներին փրկեց անխուսափելի ջարդերից։ Այսպիսով՝ փաստացի հիմք դրվեց Հայաստանի Առաջին Հանրապետության կայացմանը։ Գերարժեքավոր են Սարդարապատի դասերը։ Կարեն Արիստակեսյանն ասում է՝ Հայաստանի ցանկացած պետական պաշտոնյա պետք է Սարդարապատի ու Առաջին Հանրապետության պատմությունից դասեր քաղի․ «Մի զուգահեռ անցկացնեմ։ Առաջին հանրապետության տարիներին եթե պաշտոնյան հայերեն չէր իմանում, կար լիկվիդացիայի մասին օրենք, պաշտոնյային ազատում էին աշխատանքից այն պատճառով, որ նա հայերենին չէր տիրապետում»։ 

Սարդարապատի հուշահամալիրը կառուցվել է 1968 թվականին։ Այն խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և Հայոց հնագույն մշակույթի պահպանության համար։ 1978 թվականից գործում է նաև թանգարան, որի առաքելությունն է փրկել, պահպանել ու հարստացնել, ուսումնասիրել, ցուցադրել և հաջորդ սերունդներին փոխանցել հայոց ազգային մշակույթին վերաբերող թանգարանային հավաքածուներ և  առարկաներ։ Հուշահամալիրից ձախ կառուցված է Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը, որն իր ծավալով ու գաղափարով լրացրել և ամբողջացրել է համալիրը։ Թանգարանի շենքն առանց լուսամուտների ամրոցի տպավորություն է թողնում։  

Մայիսյան տոնակատարություններին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում նախապատրաստվում են սեփական սուղ միջոցներով։ Հակառակ նրա, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով բյուջեից տրամադրվել է 700 միլիոն դրամ։ Կարեն Կարապետյանի կառավարությունը, որը հանձն էր առել 100-ամյակի տոնակատարությունների կազմակերպումը, ամբողջովին անտեսել է Սարդարապատի հուշահամալիրը՝ գրեթե դուրս թողնելով պետական տոնակատարությունների ցանկից։  

100-ամյակի Տոնական միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի որոշմամբ՝ մայիսի 25-ին Երևանի Պատմության թանգարանում կանցկացվի «Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցադրություն։ Սարդարապատի հուշահամալիրի տնօրենը կարծում է՝ Պետական հանձնաժողովը պետք է իրենց չանտեսեր․ «Ես դա համարում եմ ոչ ճիշտ որոշում, կարծում եմ՝ իմ տեսակետին են նաև շատ շատերը»։ 

 Կարեն Արիստակեսյանը պնդում է՝ հետահայաց ցուցադրությունը հնարավոր էր անցկացնել նաև հուշահամալիրի տարածքում, և ոչ՝ Պատմության թանգարանում․ «Հանձնաժողովի անդամներից մեկն էլ ես եմ, բայց իմ կարծիքը ուղղակի փոքրամասնության կարծիք էր և հաշվի չի առնվել։ Բայց չեմ կարծում, որ միշտ մեծամասնությունն է ճիշտ և Ձայն բազմաց՝ ձայն Աստծո սկզբունքը միշտ չէ, որ գործում է։ Փոքրամասնությունը ևս կարող է և իրավունք ունի ճիշտ լինելու»։ 

Հարյուրամյակի գլխավոր միջոցառումը անցկացվելու է մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում, որտեղ մեծ համերգ տեղի կունենա։ Մեր տեղեկություններով՝ այդ նպատակով պետությունը կծախսի 420 միլիոն դրամ։ Թվում է՝ 100-ամյակի տոնակատարությունների կենտրոնում պիտի հայտնվեր Սարդարապատի հուշահամալիրը, ինչպես ընդունված է եղել ավանդաբար, բայց այն Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ձեռամբ ամբողջովին մեկուսացվել է պաշտոնական ծրագրից (Սարդարապատի հուշահամալիրը գտնվում է ՊՆ հաշվեկշռում)։ 

Կարեն Արիստակեսյանի խոսքով՝ թանգարանին տրամադրված պետական միջոցները շատ քիչ են նման ցուցադրության համար։ Իրենք ստիպված են արտաբյուջետային միջոցների և բարերարների բարեհոգությանը ապավինել։ Մինչդեռ, Համալիրի տնօրինությունը հատուկ հարյուրամյակի միջոցառումների ծրագիր էր մշակել և ներկայացրել պետությանը։ Պետական հանձնաժողովը հավանություն չի տվել այդ ծրագրին և որոշվել է ֆինանսավորել միայն մեծ միջոցառումները։ Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրի զանգաշտարակի դիմաց և հարակից փողոցում զորանցում կանցկացվի։ 

Կարեն Արիստակեսյանի խոսքով՝ Սարդարապատի հուշահամալիրի տարածքը պարզապես փոքր է գնահատվել, այդ պատճառով էլ պաշտոնական տոնակատարությունները շրջանցել է իրենց։ Մինչդեռ՝ նա կարծում է, որ մեծ տարածքում միջոցառում կազմակերպելը դեռ երաշխիք չէ, որ որակյալ աշխատանք է իրականացվելու․ «Կարելի է շատ փոքր տարածքում կազմակերպել շատ մեծ միջոցառում։ Փոքր տարածքում էլ հնարավոր է խորությամբ ներկայացնել գաղափարը։ Կարելի է մեծ տարածքում միջոցառում անցկացնել, բայց կապ չունենա Սարդարապատի և մայիսյան հերոսամարտի խորհրդի հետ»,- ասում է պարոն Արիստակեսյանը։ 

Սարդարապատի հուշահամալիրը լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք 10-ամյակներ ի վեր պետությունը անտեսել է՝ միջոցներ չի հատկացրել։ Այդ ֆոնին հասկանալի չէ 420 միլիոն դրամի համերգի կազմակերպումը։ Թանգարանն ունի օդափոխության, նոր ցուցանմուշներ գնելու խնդիրներ, կարիք կա զարգացնել ենթակառուցվածքները։ Մի՞թե չէր կարելի պետական միջոցները համերգի վրա ծախսելու փոխարեն ներդրումներ կատարել՝ համալիրը զագացնելու։  

Հուշահամալիրի ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն է, քանդակագործներն են Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։ Սարդարապատի հուշահամալիրը ավարտուն վիճակում չէ, ամբողջությամբ չեն իրականացվել համալիրի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծերը։ Նպատակ կա ունենալ Բարեկամության պուրակ, որտեղ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող պետությունների ղեկավարները պիտի ծառ տնկեն՝ «ոչ միայն հարգելով մեզ՝ որպես ցեղասպանված ժողովրդի, այլ նաև հաղթած ժողովրդի»։ 

Կարեն Արիստակեսյանը պնդում է, որ Սարդարապատի հերոսամարտի հերոսներից որոշները գերեզման չունեն՝ անբարեկարգ տարածքում են հուղարկավորված։ Աճյունների մի մասը ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում։ Գերեզմանները չեն պահպանվել՝ տրակտորով վարել են տարածքը։ Դեռ լրացուցիչ ուսումնասիրման հարց է՝ արյդո՞ք հնարավոր է գտնել գերեզմանները։ Հերոսամարտի մասնակից 12 սպայի և 9 զինվորի աճյուններ էլ ամփոփված են Շահումյանի գերեզմանատանը։ 

100-ամյակի հիմնական միջոցառումների մեկնարկին դեռ որոշակի ժամանակ կա։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հնարավորություն ունի շտկելու նախորդ կառավարության ուռճացված ծախսերը, խնայված գումարները ուղղել Սարդարապատի հուշահամալիրին․ 

«Կուզենայի, որ շտկվեր իրավիճակը, որպեսզի միջոցառումներն ավելի լավը լինեին, ու նաև՝ կազմակերպվեին թանգարանի տարածքում։ Անկախ որոշման փոփոխությունից՝ մենք մեր ծրագրերն իրականացնում ենք նաև բարերարների օգնությամբ՝ առանց հույսը դնելու պետության վրա»,- ասում է Կարեն Արիստակեսյանը։  

Սարդարապատը հայերի արժանապատվությունն է, և հարյուրամյակն ըստ պատշաճի տոնելը գերագույն նպատակ պետք է լինի։ 

Ռոբերտ Անանյան  


15.05.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=29&ln=1&page_id=469