պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել (տեսանյութ)

պայմանագրային զինծառայողին պարբերաբար ծեծել են և նվաստացրել (տեսանյութ)
Պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Հակոբյանը Արցախից եկել է Երևան՝ արդարություն փնտրելու: Նա քաղաքը չի ճանաչում: Մնում է ծանոթների տանը: Նույնիսկ բջջային հեռախոս չունի: Գնալու տեղ չունի, չգիտի, թե ում հայտնի իր նկատմամբ կատարվող անօրինականությունների, ծեծի, ճնշումների մասին:  

«Ես եկել եմ Երևան, հույս ունեմ, որ գոնե ստեղ ինձ կլսեն», - ասում  է Էդգարը: Նրա հետ հանդիպեցինք Երևանի Կենտրոնում, Երիտասարդական մետրոյի մոտ: Հենց փողոցում սկսեց ներկայացնել իր պատմությունը: 2017 թվականի մարտից նա ծառայում է Ասկերանում: Ծառայության առաջին  ամսիներից հետո երիկամների հիվանդություն է ձեռք բերել, զգացել է, թե ինչպես է իր ինքնազգացողությունը վատանում: 

Նա հայտնել է այս մասին զորամասի ղեկավարությանը, խնդրել է իրեն ուղարկեն Երևան ՝ բուժման: 

«Ես մի երկու-երեք ամիս առաջ եմ սուր ծակոցներ զգացել երիկամների շրջանում: Ինձ ուղարկեցին Ստեփանակերտի հիվանդանոց, այնտեղից էլ ուղարկեցին Երևան՝՝ Մուրացան: Ինձ ասեցին՝ պետք է գաս, բուժվես»: Էդգարը երեք անգամ դիմում է գրել զորամասի հրամանատարությանը, խնդրանքով, որ իրեն թույլ տան բուժվի, գոնե դիրքեր չուղարկեն: «Հրամանատարը իմ դիմումները ճղել գցել է,  մորս հետ գնացի, մորս չընդունեց, ասեց՝ կամ կգնաս դիրքեր, կամ կդատվես»: 

Ասում է, որ երբ փորձել է իր իրավունքները պաշտպանել, հակաճառել ղեկավարությանը, երբեմն ի պատասխան լսել է. «Սա Հայաստան չի, ում ուզում ես բողոքի»: Իսկ ավելի հաճախ հայհոյանքեր է ստացել իր հասցեին, որոնք ամաչում է կրկնել: 

Վերջին ամիսներին շարքայինի համար անտանելի պայմաններ են ստեղծվել: Մի քանի անգամ նրան ծեծի են ենթարկել ռազմական ոստիկանության աշխատակիցները: 

Էդգարը մեզ պատմեց, որ Հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը Ռազմական ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխել են ՌՈ քննչական բաժին, որտեղ մինչև առավոտյան ժամը 6-ը քննչականի պետը և ևս երկու աշխատակիցներ ծեծի են ենթարկել և հայհոյել, ապա տեղափոխել մեկուսարան: Շուրջ երկու ժամ անց Էդգարին կրկին տեղափոխել են քննչական բաժին, որտեղ պետը մի քանի անգամ ուժգին հարվածել է երիկամներին, որից հետո դուրս են բերել շենքից և ստիպել ծնկի գալ շարահրապարակում: 

Այնուհետև պետը հրահանգել է իր աշխատակցին ոտքով հարվածել Էդգարին՝ մինչև շարահրապարակի վերջնամասը ծնկների վրա քայլեցնելով:  

Վերջին ծեծը ստացել է 5-6 օր առաջ, երբ դուրս է եկել զորամասից ու փորձել հեռանալ: «Էնպես էին խփում, որ տեղերը չերևան, պոչկեքիս, ուսերիս, գլխիս»: Անգամ ստիպողաբար ոստիկանների ուղեկցությամբ տարել են դիրքեր: 

«Ինձ ստիպողաբար պահում են ծառայության, ես էլի ուզում եմ ծառայեմ, բայց վատ եմ զգում ինձ, կարող եմ անել, ինչ պետք է, բայց դիրքեր չեմ կարողանում գնալ: Հո գերի չե՞նք ընկել» - վրդովվում է երիտասարդը: 

Երևան գալով, նա մի կերպ հասել է պաշտպանության նախարարություն, փորձելո վ ներկայացնել իր հետ կատարվող ապօրինությունները, սակայն նրան մուտքից ներս չեն թողել: 

Էդգար Հակոբյանը 1991 թվականին է ծնվել, Երևանի Երրորդ մաս կոչվող թաղամաում: Ընտանիքում 11 երեխա կար: Ծնողները չեն կարողացել ապրել, գնացել են բնակեցնելու Ղարաբաղը: Նրանք ապրում են Լաչինի Նորաշենիկ գյուղում: Տեղյակ են որդու այս քայլից: 

Էդգար Հակոբյանն այսօր դիմում  է գրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնելով ստեղծված իրավիճակը:

Հուսով ենք, որ արտառոց այս հրապարակումը կհայտնվի պատկան մարմինների ուշադրության կենտրոնում և նյութում տեղ գտած փաստերի շուրջ կկատարվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: 

 Սյուզան Սիմոնյան


19.01.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=8&ln=1&page_id=251